Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիրավորներ։ Մահմեդն ու Ալին 40 մարդու հետ փախան Մեդինա քաղաքը, որի մասին հիշեցինք վերևում: Երբ հրեաներն իմացան նրանց փախստյան պատճառները, խրախուսեցին միաբանվել և շիտակաբար ասել իրենց ասելիքը՝ հանուն աստծո և որպես Աբրահամի որդիներ ու միմյանց եղբայրներ։ Եղան նրա մոտ, միմյանց հետ ուխտ կնքեցին, [Մահմեդին] կնացու տվեցին իրենց ցեղից և պատրաստակամ եղան հետեվելու նրան, ինչպես որ իր կամքը կթելադրեր։ Եվ եթե մեկին որևէ բան ասեր, պիտի կատարեին, որպես աստծուց նախապես տրված հրամանի։ Հրեաներն ու իսմայելացիները հավաքվեցին, կազմեցին մեծ բանակ և հարձակվեցին Փառանի վրա , գլխովին ջարդեցին ընդդիմակայողներին, սպանվեցին նաև Ապղջեհրը և շատերն ամովնացիների ու մովաբացիների զորքից։ Կործանեցին նաև այնտեղի կռատանը դրված Սամամի արձանիկները։ Հանդգնեցին մեհյանն անվանել Աբրահամի տուն, հնազանդեցրին նաև մերձակայքի բոլոր բնակիչներին, իսկ ապստամբներին սրի քաշեցին միանգամից։

Հանգամանքների հաջող ընթացքը, հրեաների միաբանությունը տեսնելուց հետո, Մահմեդն իրեն հռչակեց բոլորի առաջնորդը։ Արաբների վրա զորապետներ կարգեց Ալիին, Աբուբեքրին, Ամրին և Ութմանին։ Ապա [Մահմեդը], հրեաներին օգնելու համար Հերակլեսի եղբորը՝ Թեոդորոսին լուր ուղարկեց և ասաց. «Ձեր երկիրն աստված խոստացավ Աբրահամին ու նրա որդուն, որոնց ձեռքում էր երկար ժամանակ։ Եվ եթե իրենց չար արարքների պատճառով աստված զզվեց և այն տվեց ձեր ձեռքը, ապա բավական է, ինչքան որ տիրեցիք։ Արդ մենք Աբրահամի զավակներն ենք, և դուք գիտեք մեր հորը՝ Իսմայելին տված խոստումը։ Խաղաղությամբ մեզ տվեք այդ երկիրը, ապա թե ոչ կառնենք պատերազմով և ոչ միայն այդ, այլև շատ ուրիշներ»։ [Թեոդորոսը] կամեցավ լուրը հասցնել թագավորին, սակայն նույն ժամանակ վախճանվեց Հերակլեսը, իսկ նրա որդի Կոստանդինը հանձն չառավ պատասխանել նրանց ցանկությանը։ Հրամայեց միայն զգուշանալ, չպատերազմել նրանց դեմ, մինչև տեսնեն, թե ինչ է լինելու։ Բայց իսմայելացիների զորքը սաստկորեն ձգտում էր պատերազմել։ Եվ նրանք ցանկացան պաշտպանել իրենց երկիրը, ելան ընդդեմ [արաբների]: Իրենց ձիերը

- 119 —