Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոտ կբերի սահմանված չափով հարկն ու տուրքը։ Նա խուժեց Աղբակ գավառը և ասպատակներ սփռեց Վասպուրական երկրի տարբեր կողմերը, գռփեց, ավերեց Հափշտակեց, թալանեց ինչքն ու ստացվածքը: Հափշտակում էին տղամարդկանց, կանանց և նրանց ժառանգությունը։ Ասպատակեց նաև Անձևացյաց իշխանության կողմերը, որտեղ նույնպես ավարի մատնեցին՝ պատճառ բերելով այրուձին պետքերի համար [տրվող] ռոճիկը։

[Աշոտ] իշխանը հրովարտակի միջոցով նրան հայտնեց հետևյալը. «Հայոց աշխարհն ես եկել արքունի հրամանով, որպեսզի վերցնես արքունի հարկերը։ Մի՞թե արքունուստ ունես նաև հրաման՝ գերել, թալանել ու ավերակ դարձնել մեր երկիրը։ Բայց չէ՞ որ մենք երբեք զանց չենք արել թագավորի հրամանը և չենք խափանել արքունի հարկերը, ինչպես անում են ապստամբները, անհնազանդներն ու իրենց տերերին ծառայելու մեջ անկարգները։ Ուրեմն այստեղից վե՜ր կաց, գնա Հայոց քաղաքներից որևէ մեկը, ինչպես վայել է աշխարհակալներին։ Մենք քեզ կուղարկենք հասանելիք հարկերը, կքաղցրացնենք քո միտքը, իսկ դու անխնա մի ասպատակի ու մի ավերի իմ երկիրը»։

Նա արհամարհեց իր մոտ առաքվածներին, խելքը չկտրեց ըստ արժանվույն պատասխանել և շարունակեց նույն ձևով շրջել Վասպուրական աշխարհի բոլոր կողմերը։ Ապա հասավ Արճուճ գյուղը, մնաց այնտեղ և դիտակներ թողեց բլուրների գագաթներին։

[Աշոտ] իշխանը հույժ զայրացավ այսպիսի արհամարհանքից և յուրաքանչյուր տոհմից վերցրեց ազատազորքի բազմությունը և զինավառված, այրուձիի ընտիր հեծյալներով հարձակվեց նրա վրա։ Դետքն այլազգիների զորքին իմաց տվեց, նրանք բորբոքեցին պատերազմ հայերի դեմ, և ընդհարվեցին միմյանց։ [Աշոտը] զորքը բաժանեց երեք մասի: Առաջին զորագունդը տվեց Գուրգենի և նրա օգնական Վահան Հավնունու ձեռքը։ Երկրորդ զորագունդը հանձնեց Գուրգեն Ապուպելճի ձեռքը։ Սրան օգնական էր Վահան Արծրունին։ Իսկ երրորդ գունդն իշխանը վերցրեց իր ձեռքը։ Ինքը նաև պատերազմ հարդարոզն էր։ Ապա քաջաբար հարձակվեցին արիագոչ ձայներով դիմեցին թշնամիների վրա։ [Մարտն]

- 129 -