Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշտվել ենք իմ նախաձեռնությամբ, բայց ըստ երևույթին այլևս չենք մտերմանա։ Ուստի կհասկանաս, որ մնացած բոլոր ընկերներս հիմա առավել ևս թանկ են ինձ համար, ավելի ևս սարսափելի է նրանցից որևէ մեկին կորցնելը։

Ես մի սենյակ գտել էի, բայց տխրեցի այնտեղ. այնտեղ ցուրտ էր և ինձ այնտեղ զգում էի ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես հավանաբար դու քեզ զգում ես բանտում։ Որպեսզի նկարագրեմ քեզ այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջերս, պետք է հատորներ գրել, իսկ դրա համար այժմ, առավել քան երբևէ, ոչ ցանկություն ունեմ, ոչ համբերություն։

Մի նոր սենյակ եմ վարձել, թեև փոքրիկ, բայց հարմարավետ ու տաք և, որ գլխավորն է, մոտիկ (չգիտեմ ինչի՞ն)։ Այսօր Նյուրան եկել էր մոտս (բայց տես, դա գաղտնիք պահիր և ոչ ոքին ոչ մի խոսք երբ դուրս գաս և հիմա էլ), ուստի տրամադրությունս մի քիչ բացվել է, թե չէ անսփոփ թախիծ էր։ Որոշել եմ պարապել (այս ո՞ր երրորդ անգամ եմ որոշում նույն բանը), բայց այս անգամ կարծես թե կհաջողվի։ Տեսնենք։ Երևի Կոլյան քեզ գրել է, թե ինչպես ենք գժտվել Ռոզայի և նրա յուրայինների հետ։ Թող կորչեն։ Գրեթե ամեն օր լինում եմ Անահիտի մոտ: Նորից կարդում եմ Պշիբշևսկու «Երկրի որդիները»։

Արդեն գիշերվա ժամը մեկն է և չես կարող պատկերացնել, թե ինչպես եմ հոգնել, իսկ պետք է դեռ առնվազն հինգ նամակ էլ գրեմ։ Արդյոք հաճա՞խ ես երազում քո սիրեցյալի մասին։

Բայց բանտի պատուհանը բարձր է,

Սևաչվին՝ հեռու

Իր շքեղ աշտարակում:

Եթե թույլ տան, գրիր ինձ օր ու ապրուստիդ մասին։

Իսկ առայժմ ընդունիր սրտալի համբույրներս ու ողջույններս։

Հուսով եմ քեզ շուտով տեսնել ու տաք-տաք համբուրել, միայն, ի սեր Աստծո, առաջ ինձ մոտ հայտնվիր, թե չէ այնտեղ Ռոզալիան և մյուսները սպասում են և շրթունքներդ կապականեն ու նրանցից հետո ես չեմ համբուրի դրանք։ Ի սեր Աստծո, շուտով դուրս եկ, թե չէ տաղտուկից կկրծոտեմ բոլոր մատներս։

Քո Շվին