Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտիվների շուրջն է պտտվում։ Այդ գաղափարների ամենախոշոր ներկայացուցիչները մեր պոեզիայի մեջ՝ Ռափայել Պատկանյան և Սմբատ Շահազիզը իրենց կարապի երգն էին երգում, երբ նոր ասպարեզ եկավ, գրական ասպարեզ, Ալ. Ծատուրյանը։ Այստեղ պետք է հիշեցնեմ ձեզ, որ այն ժամանակ, երբ մեր բանաստեղծը նոր էր սկսում իր գրական գործունեությունը, մեր գրական ասպարեզում գրեթե ոչ մի նոր ուժ չկար։

Շահազիզը և Պատկանյանը իրենց բանաստեղծական վերջին խոսքերն էին ասում և սպասում էին արժանավոր շարունակողպների: Եվ բացի նոցա ձայնից, միայն մի քանի անգույն անձնավորությունների ձայնն էր հնչում ամայի գրական անդաստանում։ Բավական է հիշել, որ Սրինգը մեր, ինչպես պատմում է Ալ. Ծատուրյանը, այն ժամանակ, երբ ինքը նոր էր գրական ասպարեզ ելնում, Սրինգը բանաստեղծ էր համարվում, նրա անունն էր ամենից հաճախ կրկնվում թերթերում։ Ահա այդ ժամանակաշրջանում հանդես է գալիս մեր բանաստեղծը և գրեթե նրա հետ միասին նրա ընկերը— Հովհ. Հովհաննիսյանը, որի քնարը շատ մոտ է մեր բանաստեղծի քնարին։ Ահա այս երկու բանաստեղծը հանդիսանում են Շահազիզի և Պատկանյանի ժառանգները (Թումանյանը և Իսահակյանը պատկանում են Աբովյանի դպրոցին)։

Այս երկու բանաստեղծը շարունակել են ու առաջ տարել Շահազիզի և Պատկանյանի գործը։ Մեր բանաստեղծության գրական լեզուն սոցա մոտ հղկվել է և մաքրվել այն անհարթություններից, որոնցով բնականաբար լիքն էին Շահազիզի և Ռ. Պատկանյանի երգերը— իբրև առաջին երգեր այդ լեզվով։

Հասարակական դասակարգերի բաժանումը աննշան էր ու աննկատելի— քաղաքացին էր և գյուղացին, որոնց հոգեբանությունը ոչնչով գրեթե չի տարբերվում։ Վերցրեք, օրինակ, հենց այժմյան խուլ գավառական քաղաքը և գյուղը և կտեսնեք, որ դոքա գրեթե նույն դրության մարդիկ են։

Մանր բուրժուազիայի իշխանության ժամանակն էր— պրոլետարը մի բացառություն, մի խեղճ ղարիբ, այդպես էր նա ներկայանում հայ ինտելիգենտին,— օրինակ, Պատկանյանին, որը դոցա նվիրած ունի մի քանի բան։ Իհարկե այդ պրոլետարն էլ չէր կարող համարվել այնպիսին, ինչպես նրան տեսնում ենք մենք