Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չթվա)։ Չէ՞ որ վիշտը գեղեցիկ ու երկչոտ է, նա ամեն, ամեն ինչից վախենում է, սիրելի Անտենկա։

Դե, առողջություն ձեզ։

Ձեր Վահան

Սուսաննան բարևում է ձեզ և ձերոնց բոլորին։ Գրեցեք, մի մոռացեք։


83. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
1914, հունվարի 14-ից 29, Պետերբուրգ

Սիրելի Ցոլակ

Նամակդ ստացա և կարդացի մասամբ զարմանքով և մասամբ էլ «ցավոք սրտի»։ Նամակդ ստանալուցս մի քանի օր առաջ ուղարկել եմ մի նամակ, որ երևի արդեն ստացել ես։ Այդ իսկ հանգամանքը նախազգուշացում թող լինի քեզ համար, որպեսզի շտապ ու շուտափույթ եզրակացություններ չանես մտերիմ բարեկամներիդ վերաբերմամբ։ Սխալ ես, սիրելի Ցոլակ, սկզբից մինչև վերջը, սխալ և անարդարացի։ Քանի որ հարցը այդպիսի կերպարանք է ստացել քո մտքում և հոգում, ես ստիպված եմ մանրամասն բացատրություն տալ քեզ, քասնզի չեմ կամենում, որ մեր մեջ որևէ թյուրիմացություն լինի։ Եվ ես, որ ձեր մեջ բռնկվողի և ջղային մարդու անուն եմ վայելում, կաշխատեմ անաչառ ու հանգիստ լինել, ավելի հանգիստ, քան դու, որ շատ իզուր հանգստագույնի անուն ես վայելում, քանի որ անհամբեր ես ու բռնկվող, և սա ինձ համար նորություն՝ չէ։ Քո վերջին նամակը նույնն է ապացուցանում: Արդ, լսիր իմ բացատրությունը և հետո աշխատիր անաչառ ու հանգիստ կերպով դատել, և ես համոզված եմ, որ պիտի համաձայնես հետս։ Քեզ իրավ որ չեմ կարողանում շուտ-շուտ գրել, բայց դու չգիտես, թե որքան անհարմար պայմաններում եմ նամակագրության համար։ Բացիկ գրելու սովորություն չունեմ և երբ քեզ եմ ուզում գրել, անհնար է թվում ինձ բացիկով գոհանալր, քանի որ այնքան ասելիք է լինում, որ միշտ