Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քո քեֆի, հալի և գործերիդ մասին էլ գրիր, իհարկե, այդ ամենը ինձ շատ է հետաքրքրում։ Հրանտի (եղբորդ) հասցեն թե գիտես՝ անպատճառ ինձ հայտնիր, ինձ շատ հարկավոր է—նա ինձ ղրկել էր 30 ռ. (գրքերի փող), և ես նրան պիտի գրեմ նամակ (թեև փողը շատ նեղ ժամանակ ստացա—դեռ ձմեռը, բայց ամաչեցրեց ինձ այդ տղան, նրանից ես երբեք չեմ էլ մտածել ստանալու այդ փողը, մի խոսքով ինձ անհարմար զգացի, որ գուցե նա նեղվել է ուրեմն, որ ինձ չի ղրկել այդ փողը և այժմ երբ գուցե ձեռքը մի քիչ փող է անցել, շտապել է ղրկել)։ Նրան շատ բարև կանես, եթե գրես և չմոռանաս հասցեն գրել։ Եվ կբարևես սրտանց սիրելի Վարյային և կհամբուրես քո սիրուն բալիկին և ձեր սիրելի ընտանիքին՝ Տերտերից ու Նանից սկսած մինչև սիրուն Արփիկը (ափսո՜ս, առիթ չեղավ մի քիչ սիրահետել, նա ինձ շատ է դուր գալիս: Թեև դու ինձ եղբոր տեղ ես, և նա էլ քո քույրն է, բայց դուր է գալիս, ոչինչ չես կարող անել։ Ափսոս, որ ես ծերացե՜լ եմ)։ Պաոլոն սիրահարվել է մի նեգրուհու վրա!!! Բյուր անգամ համբուրում եմ քեզ։

Քոնն Վանան

Հասցես օգոստոսի 1-ից՝

Петроград, Пет.Сторона,

Б. проспект, дом 20, квартира 10

Вагану Териан

(Այսինքն անցյալ տարվա հասցես է, միայն кв. 10 (вместо 5). Շուշանիկը սրտագին բարևում է ձեզ բոլորիդ։

Ժողովածուի ծավալը պիտի լինի ոչ ավել քան 20 տպագրական թերթ (320 երես), որից 3 թերթ (մոտ 50 երես) պոեզիա, մնացյալը պրոզա։ Բացի այդ ժողովածուից, Գորկին ասում է, որ կհիմնե «Փոքրիկ հայկական գրադարան, ուր կմտնեն մի շարք թարգմանություններ (առանձին գրքեր) մեր գրականությունից։ Դիտմամբ չեմ գրում ներկա դեպքերի մասին—հասկանում ես, որ անհնար է այդ ահավոր բաների մասին գրել նամակ։ Ես միանգամայն շշմած եմ և զարհուրած: