Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Տերյանին զայրացրել են Սուխումի սանատորիայի պայմանները և մասնավորաբար սանատորիայի տնօրեն Կոշկոյի ու բժիշկ Շուլցի ոչ մարդկային վերաբերմունքը հիվանդների նկատմամբ։ Ըստ երևույթին Տերյանը դիտվել է իբրև հիվանդների դժգոհության ու բողոքի կազմակերպողներից մեկը և ենթարկվել հալածանքի։ Բանաստեղծի ֆոնդում պահվում է մի գործ «Сухумская ловушка (история Кошко)» վերնագրով (գործ № 101)։ Հավանորեն դա հոդված է կամ բողոք գրված հիվանդների անունից։ Այդտեղ ասված է, որ սանատորիայում սնունդը վատ է և կեղտոտ, կոպիտ է սպասարկող անձնակազմը մասնավորապես տնօրեն Կոշկոն և բժիշկ Շուլցը։ Բողոքողներին ասում են. «չեք ուզում, գնացեք»։ Երկու հոգու, իբրև «բողոքի սկսողներիս (ամենայն հավանականությամբ այդ երկուսից մեկը ինքը Տերյանն է), առաջարկել են անմիջապես հեռանալ սանատորիայից, այլապես չեն կերակրի, իսկ շորերը փողոց կշպրտեն։ Արդյոք դա Նիկոլայի ժամանակներին արժանի պրիոմ չէ՞, գրում է Տերյանը, և ապա. «Զայրացած տիկին Կոշկոյի շահագործողական բնազդներից և բժիշկ Շուլցի ֆելդֆեբելային կամայականությունից, մենք, հիվանդներս հրապարակորեն բողոքում ենք նրանց վարքագծի դեմ և իշխանություններ է ու հասարակության ուշադրությունն ենք հրավիրում տիկին Կոշկոյի հաստատության մեջ տիրող խայտառակությունների վրա»։

Թումանյանի ձեռք առած միջոցների շնորհիվ Սուխումիից ստացվում է հատուկ հեռագիր՝ «Отношение Териана налаживаются, Липшиц» (Տերյանի հարաբերությունները կարգավորվում են։ Լիպշից)։

Ժամանակին «Сухумская ловушка»-ին ուշադրություն է դարձրել Պ. Մակինցյանը. «Մեծ հեղափոխության սկզբում,— գրել է նա,— Սուխումի բուժարանում տեղի է ունենում հիվանդների դժգոհության հետևանքով մի բունտ, որի ղեկավարն է հանդիսանում Վահան Տերյանը։ Պոետի թղթերում մնացել է մի թղթակցություն «Сухумская ловушка» վերնագրով, անավարտ մի հոդված այդ բուժարանի մասին, որ հետագա գլուխ պտտացնող անցուդարձի շնորհիվ մատնվել է անուշադրության ու մոռացության» («Չորսհատորյակ», 1-ին հատոր, էջ XLII): Չգիտենք, թե Մակինցյանը «բունտ» բառին ինչ նշանակություն է տվել, բայց անկասկած է, որ փաստը չափազանցված է։ Տերյանագիտական մի ուսումնասիրության մեջ այդ չափազանցությունը ավելի է խորացված. «Վահան Տերյանի ռևոլյուցիոն գործունեության սկիզբը կարելի է համարել 1917 թվականի հունվարը, եթե նկատի ունենանք Սուխումիի այսպես կոչված «բունտը» («Сухумская ловушка»-ն), Տերյանի գլխավորած՝ հիվանդների ռևոլյուցիոն ելույթն այն սանատորիայում, որտեղ նա բուժվում էր։ Դժբախտաբար այդ ելույթի առիթը և մանրամասնությունները չեն արձանագրված, բայց հաստատված է, որ դա ցարական կառավարության դեմ, թալանչիական պատերազմի դեմ ուղղված՝ վիրավոր ու հիվանդ զինվորների մի ելույթ է եղել, որը ոգեշնչել և ղեկավարել է Տերյանը» («Վահան Տերյանի պետական գործունեությունը», 1956, էջ 43)։ Նախ՝ Տերյանը այդ (Կոշկոյի) սանատորիան է մտել 1917 թվականի փետրվարի 7-ին, ուրեմն եթե նույնիսկ «նկատի ունենանք