Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր դա Կասպից ծովի) տուն չկար, որ ազատ լիներ բռնակալների արնոտ ձեռքերից կամ վիշապների անարգ գործակալներից։

Իրանցու որդին ծնվելու օրից գիտության օղ ուներ վզին: Գիտեին արդեն, որ վաղը-մյուս օրը՝ նրա ուղեղը կեր պիտի դառնար Բյուրին կամ մեծափոր Բուրին։

Բայց ահա մի օր— հայտնի չէ, թե ե՞րբ, ինչպե՞ս— Ծայրագույն տանջանքը թեև խուլ, գաղտուկ, բայց հղիացած՝ Բողոքը ծնեցրեց։

Ոչխարը՝ առյուծ էր դառնում, ճիրաններ հանում, մռնչում ու երկիրը ցնցում։ Բռնակալության ծնած երկու վիշապների դեմ՝ տանջանքի ծնած Բողոքն էր գլուխ բարձրացնում։

Երկու ոսոխներ, որոնք անշուշտ շուտով միմյանց պիտի բախվեին։

Իրավ է, երկրի մի մասը լուռ, եղածն իբր ճակատագիր էր կարծել ու համակերպվել, մի մասն էլ, կինն ու որդին առած, փախել, թաքնվել, բայց լեռ ու անտառի մեջ կայծեր ցոլացին, միմյանց մոտենալու ձգտում ցույց տվին։

Եվ խուլ ու աճեցուն, վարակիչ թափով, կայծերն այն ցոլուն՝ ծայրից ծայր անցան, երկիրը գրավեցին։

Այստեղ՝ մի աղաղակ, այնտեղ՝ դառն գանգատ, բուռն դժգոհություն, ազատ լինելու վախկոտ գիտակցություն… և այդ բոլորը միմյանց ուժ տալով՝ սլանում էին այս-այն ուղղությամբ, զոհերի առաջ նոր հորիզոն գծում, տանջվող սրտերի մեջ հույզեր առաջ բերում, հույսեր զարթնեցնում։

Բայց ի՞նչ կարող են անել հատ ու կտոր կայծերը անկարգ, խառն նետված և այն էլ տարիներով արմատ բռնած, հաստ ու սուր փշերի դաշտին։

Խանձել սրա-նրա ծայրը, նույնիսկ հա-հհատ փուշ խլել ու վառել, դա փրկություն չէ։ Պետք է բոլոր կայծերը ի մի հավաքել, շանթող, մեկեն հարվածող մեծ խուրձեր կազմել, բուռն ու կատաղի, վսեմ թափերով փշի մեծ դաշտը կրակի առնել, խանձել-տոչորել ու մոխիր դարձնել։ Պետք է մեծ չարիքը արմատով պոկել, անհետ ոչնչացնել։

Բորբոսնած ճահիճը այդպես են չորցնում, գարշ զեռուններից ընդմիշտ ջուրը մաքրում։

Տատասկոտ արտը այդպես են այրում, բուսած փուշերը արմատների հետ՝ խլում-դեն ձգում։

Ստրկացած ժողովրդի շնորհիվ հղփացած բռնակալության այդպես են ջնջում, այդպես հարված հասցնում: