Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չգիտեր ուր էին նրանք, որ անտառի կամ որ քարայրի մեջ։ Գնում էր փնտրելու։ Սիրտն ասում էր, որ կարողանալու էր գտնել։

Քայլեց երկար։ Երկու օր անընդհատ անցավ անտառներ, կտրեց դաշտեր. երրորդ օր, գիշերը հասավ մի մեծ գետի մոտ և հանգստանալու նստեց մի ծառի տակ։ Որովհետև հոգնած էր, պառկեց, քնեց և երազեց։

Երազեց, որպես թե մի մեծ այգու մեջ էր գտնվում, ուր ման էին գալիս իր նման երկու ոտքերի վրա քայլող արարածներ… Մի մեծ տուն, սպիտակ պատերով, երևում էր այգու մեջ. գետնի վրա վառվում էր խարույկը, որից ծխի ծուռումուռ սյունակը խտորեն բարձրանալով, նոսրանում–հալվում էր օդի կապտության մեջ… Նա ուրախ էր, որ գտնվում էր վերջապես յուրայինների մեջ, ապրում էր նրանց հետ։ Վաղուց անցած–գնացած պատկերներ խառն ու աղոտ կերպով, իրար խճողված, հրեշային կերպարանքներ ստացած, գալիս, մշտաշարժ հյուլեների պես, պտտվում և ոչնչանում էին նրա առջև…

Հանկարծ զարթնեց ու վեր թռավ։ Մի քանի ձայներ ընդհատել էին նրա քունը։ Երբ քնատ աչքերը տրորեց, քիչ մնաց ուրախությունից ու զարմանքից գժվեր։ Վայրենի ուրախության մի ճիչ դուրս թռավ կրծքից… Մարդիկ էին այնտեղ կանգնած, իր կողքին, իր առաջ։

Այո՛, մարդիկ։ Տխուր, խորշոմուտ երեսով երեք դեմքեր, որոնք խոշոր փայտերով զինված՝ շրջապատել էին նրան, իսկ հեռվում կանգնած մի ավելի հաստափորն ու կարճլիկը հրամաններ էր արձակում։ Սկսեց ագահությամբ, խորին հետաքրքրությամբ դիտել։ Եվ ամեն հիշողություն վերանորոգվեց իր մեջ։

Նրան շրջապատողները կալվածքի բանվորներն էին, իսկ հաստափորը՝ կալվածատերը։

Առավոտյան շուտով, երբ վերջինս, բահերով զինված երեք բանվորների հետ, այցելում էր իր արտերը, ծառի տակ տեսել էր այդ մերկանդամ, բրդոտ, խառնիխուռն մազերով ու սոսկալի դեմքով արարածին։

Մարդ էր իհարկե. մարդ, բայց վայրենի։ Եվ որովհետև այդ դեպքը պատահում է աշխարհիս այնպիսի անկյունում, ուր այդ տեսակ թշվառ արարածներ հազվադեպ չէին— աղան մտածեց զարթեցնել նրան և տեսնել, թե ի՞նչ պետք էր անել հետը։

Բանվորները ետ քաշվեցին, երբ «վայրենին» բարձրացավ։ Շատ էր նմանում գազանի։ Նրա տեսքը վախ պատճառեց բոլորին։ Բայց երբ աղան հեռվից տեսավ, որ «գազանը» չարություն չուներ դեմքի վրա, հարձակման նշաններ չէր ցույց տալիս, ինքը ստացավ զորեղի հովեր և գոչեց.