Էջ:White Varsenik.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կհանդիպեր մորը՝ որ հուսահատորեն ու երկարորեն կդիտեր զինքը:

— Նորեն ախոռ կհոտիս կոր, տղա՛ս, ա՜խ, դուն ես որ պիտի ծերացնես զիս. ձեռքերդ, երեսդ, հագուստներդ նայե անգամ մը...

Այդպես ալ կըներ։ Ժպտուն կդիտեր իր ողջ անձը՝ մորը մեղադրանքով լի ակնարկին տակ ու խոլ կերպով կզվարճանար։ Երեկո մը, սակայն, չափը անցուցած էր։ Վզին վրա թրիքի հետքեր կային ու տաբատը թաց էր անասունի մեզի արատներով։ Ծունկը արյունած էր ու կոշիկներն և գուլպաները լեցուն էին աղբով։ Պարտեզին վրա մեղմահոս ու զով շաբաթ երեկո մը կծածաներ ու ինք քիչ մնաց եկեղեցի պիտի վազեր, քանի որ զանգակներուն ձայնը զվարթ գանգյուններով կբախեր մարմնին։ Մայրը հաջողեցավ զինքը բռնել դրան մը ետին։ Աչքերուն մեջ արցունքի կաթիլներ կային՝ այնքան խոր էր գայթակղությունը։ Զեռքերեն քաշելով զինքը լվացարան տարավ ու մինչև մեջքը հանվեցուց։ Խոհանոցեն տաք ջուր բերավ ու սկսավ լվալ գլուխն ու վիզը։ Աշխույժ, արագաշարժ ձեռքերով կլվար զինքը ու միաժամանակ կարտասվեր։ Կռնակին ու ուսերուն վրա կզգար անոր կուրծքերուն ծանրությունը։ Ու մերթ ընդ մերթ արտասուքի տաք կաթիլ մը ողնասյունին վրա։ Քաղցր ու հաճելի հուզում մը տաք ալիքներով կվազեր ողջ մարմնեն։ Օճառի փրփուրներուն ու տաք ջրին հետ, որ խորին երանություն մը կպարգևեր իր ապերասան մանկության։

— Տղա չէ որ ունիմ,— կըսեր մայրը թրթռուն ձայնով մը,— հապա գազան։ Օր չըլլար, որ չլացնես զիս։ Զգացում ըսված բանը ի՛նչ է չես գիտեր։ Ո՛վ գիտե ի՜նչ գեշ օրեր պիտի տեսնեմ երեսեդ։ Ուրիշին զավակներուն նայե անգամ մը։ Երեսիդ վրա մյուռոն չունիս, տղաս...

Ոչ միայն մյուռոն, այլև խորին, նուրբ զգացումներ ուներ։ Ու արդեն կզգար, թե անչափելի գորովով մը կսիրեր մայրը։ Եթե կարենար՝ այդ օճառի փրփուրներուն մեջ կորսված գլխով, պիտի դառնար ետև ու մորը վզին պիտի փաթթվեր։ Բայց գիտեր, թե իր ուժեն վեր էր ատիկա։ Քիչ մնաց ինք ևս պիտի լար՝ այնքան հուզումն ու երջանկությունը մեծ էին։ Խոշոր դող մը կցնցեր մարմինը։ Կզարմանար թե ինչպե՞ս