Jump to content

Էջ:White Varsenik.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորունկ վիշտ մը չի կրնար ըլլալ կյանքի մեջ։ Յուրովի կկրկնեմ այս խոսքը, բայց անձկութենե չեմ աղաղակեր։ Հայացքս ապշեցուցիչ ճշգրտությամբ մը կդիտեմ ընտանի հեռանկարը, հակառակ իր զարմանքին։ Կըսեմ՝ գիտեի, թե թրքական գերեզմանատան նոճիները նույն վեհափառ մթությամբ սև կերոններու պես պիտի ցցվեին երկինք, թե ծովը պիտի ցոլար նույն ծավի տարածությամբ, տղոց զվարթ ձայները պիտի բախեին մարմնիս։ Հետին տերևեն իսկ պիտի չդադրեր սարսռալե։

Արձանի մը պես հանդարտ եմ ու ձեռքերս բացարձակ ազատությամբ մըն է, որ գրպաններուս մեջ կդնեմ։ Կըսեմ՝ ոչինչ կրնար արգիլել այս վախճանը։ Գարունը կրնա՞ միթե երկրին ակոսներեն անցնիլ առանց ծաղկեցնելու, իր հետքերուն վրա, բոլոր կոկոնները, առանց հպելու իր կենարար շունչով բոլոր երիտասարդներուն։ Առավոտը կրնա՞ ծագիլ միթե առանց լուսավորելու մարդոց շեներն ու մանուկներուն քնքուշ դեմքերը։ Աղջիկ մըն էր, որուն քովեն կարելի չէր սահիլ, առանց սիրով դողդոջելու։ Պտուղներով բեռնավոր ծառի մը պես էր, որ չի կրնար աշունը դիմավորել առանց թոթվելու իր ոսկյա բեռը։

Ո՛չ, պիտի չարտասվեմ տրտմութենե, փախստյալ՝ պիտի չսպրդիմ ննջարան, գլուխս պահելու համար բարձիս մեջ։ Ընդհակառակը, կզգամ զայրույթը, որ ալեկոծությամբ կելլե մարմնես դեմքս ծեծելու համար իր գոռ զորությամբը։ Կըսեմ՝ լոկ մանուկ մըն էի, որ զոհ կերթա իր երևակայության, որ կկարծե թե իր տենչանքին սաստկությունը կբավե՝ գարունը կեցնելու համար երկրի ճամփաներուն վրա։ Օրը պիտի հառաջանա բոլոր օրերուն պես ու երեկոյան քաղցր ժամուն, Պոլսո բոլոր ափերեն, ծվեն-ծվեն պիտի քակվին անհավատներուն սրբազան երգերը։ Հույն փալիքարիները տուն պիտի վերադառնան թրջելե հետո իրենց կոկորդները քանի մը բաժակ մասթիքայով, հայ արհեստավորները լրջությամբ պիտի հիշեն իրենց կիներուն հանձնարարությունները, քահանաները պիտի հավաքեն իրենց փեշերը, բանկալը ձգելով իրենց սրբությունը։

Կըսեմ՝ լոկ մանուկ մըն էի, որ կկարծեր, թե ծարավե բռնկիլ կբավեր արժաևի ըլլալու համար բոլոր հրճվանքնե-