Jump to content

Էջ:White Varsenik.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցե՛ք, եղնիկի խումար-խումար աչքեր ունի, պոյը-պոսը սյուլյունի պես։ Էկու գիրկս, անգամ մը պագնեմ քեղ, աղջի՜կս...

Ու իր բազուկներուն մեջ սեղմեց Վարսենիկի թրթռուն իրանը ու այտերուն վրա ջերմորեն համբուրեց զայն։ Վարսենիկ ինչպես կրնար չդողալ։ Երբ աչքերը բարձրացուց քիչ մը հեռուն՝ տեսավ Զարեհը, որ նույն հիացիկ ակնարկով կդիտեր զինքը։ Քիչ մը անգին կեցած էր Երվանդը, որ անշուշտ մորը խոսքերը լսած էր։ Վարսենիկ ամոթեն շառագունեցավ, ակնարկը պահեց ու աճապարեց ներս վազել։ Սանդուխներուն վրա քիչ մնաց պիտի զարնվեր իր հորը, որ Սահակ աղայի մեծ տղուն հետ կբարձրանար։ Ու հայրը հպարտությամբ նայեցավ իրեն ու մազերը շոյեց։

Ամբողջ մարմնով կդողար ու սիրտը այնքան արագ կտրոփեր, որ ձեռքով սեղմեց ձախ կուրծքը։ Ո՛չ միայն սրահը, այլև կից երեք սենյակները լեփ-լեցուն էին զվարթ բազմությամբ մը։ Կիները մեկ կողմ, տղամարդիկը Սահակ աղայի և Առաջնորդ Սրբազան հոր շուրջը ու երիտասարդները անկյուն մը։ Մանուկները քիչ մը հեռավոր սենյակ մը տարած էին, բայց անոնց հարուցած ուրախ աղմուկը ամբողջ տունը կլեցներ։ Ստիպված՝ հորը հետ առաջացավ, պարանոցին, դեմքին, կուրծքին վրա զգալով անհամար հայացքներ ու հետըզհետե ավելի հուզվելով։ Երջանիկ ու տրտում էր միաժամանակ, հուզումը կուրծքը կծեծեր, այտերը կվառեին ու մարմինը ջերմի մեջ էր կարծես։ Այսուհանդերձ, ամբողջ կյանքին մեջ ավելի թեթև չէր զգացած ինքզինքը։ Կարծես պարտեզին խորն էր դեռ, աստղերու անձրևին տակ, ու. կայծոռիկները կցոլային իր սեփական վարսերուն խորը։ Բերկրանքեն ու հուզումեն քիչ մնաց պիտի արտասվեր, երբ հայրը ականջին բան մը փսփսաց։ Իր ճկուն, աղվոր իրանը ծռեց ու Առաջնորդ Սրբազան Հոր աջը համբուրեց։ Ու Առաջնորդը փափուկ ու ճերմակ ձեռքը դրավ իր վարսերուն վրա ու օրհնության բառեր ըսավ։

Բարեբախտաբար Աշխեն եկավ գտավ զինքը, հետո, մայրը։ Մոր քով նստավ, ջանալով զսպել հուզումը ու չկրնալով։ Ամբողջ մարմինը անըմբռնելի երանության մը, գարնանային զվարթ առտվան մը խորը ինկած էր կարծես։ Պզտիկ քույրը՝ Սիրանուշ, անընդհատ հարցումներ կտեղար վրան, քնքուշու-