Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդ, Դենշապուհը, մոգպետն ու Զնիկան մայպետը նույն տեղում պահապաններ ընտրեցին ամեն մեկն իր սպասավորներից և այն անապատում, որտեղ այս վեց սրբերը նահատակվեցին, հրամայեցին երանելիների մարմինները պահել մոտ տասն օր կամ ավելի, մինչև արքունի բանակն անցնի գնա, որպեսզի, ասում են, այլակրոնները չգան ու չվերցնեն դրանց ոսկիները և բաժանելով տարածեն ամբողջ աշխարհով մեկ, որով և մարդիկ ավելի ևս քաջալերվելով կմոլորվեն-կգնան նածարացիների աղանդի հետևից։

Իսկ խուժիկը, որի մասին առաջ ասացինք, զենքով միասին սպասում էր այնտեղ պահապանների հետ, որպես նրանցից մեկը, իմաստությամբ լի և աստվածային գիտությամբ կատարյալ մի մարդ. նա սպասում էր և ակնդետ նայում, թե ի՞նչ եղանակով հնար գտնի սրբերի ոսկրները գողանալու նրանցից։

Եվ երբ երեք օր անցավ, մեծ սարսափ ընկավ բոլորի վրա, և ինչպես թմրած ու կիսամեռ անկանգնելի վեր ընկած մնացին այն երեք օրը։ Իսկ չորրորդ օրը պահապաններից երկուսը սաստիկ դիվահարվեցին։ Դարձյալ կես գիշերվան մոտ ահեղ ձայներ լսվեցին և ներքևից որոտաձայն թնդյուններ, երկրաշարժի դղրդոցի նման. երկիրը դողում էր նրանց ոտքի տակ և սրերի շողշողալուց կայծակ էր թափվում նրանց շուրջը։ Եվ տեսնում էին բոլոր դիակները կանգնած, և ատյանում ասածները բարձր ձայնով խոսում էին նրանց ականջին, այն աստիճան, որ նրանք՝ իրարանցման մեջ ընկնելով՝ միմյանց էին կոտորում։ Եվ այսպես տագնապած ու ցնորված՝ ընկերն ընկերոջից փախուստ տալով՝ չգիտեր, թե ուր էր գնում։ Եվ գալով՝ մեծ զարմանքով պատմեցին այն բոլոր անցքերն ու չարչարանքները, որ կրեցին։

Խորհրդի նստեցին երեք նախարարները և սկսեցին զարմանքով ասել միմյանց. «Ի՞նչ անենք, ինչպե՞ս վարվենք քրիստոնյաների այս անքննելի աղանդի հետ. որովհետև քանի կենդանի են, զարմանալի է նրանց կյանքը, ընչատյաց են՝ ինչպես անկարոտ մարդիկ, սրբասեր են՝ ինչպես անմարմինները, անաչառ են՝ ինչպես արդարադատ