Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քրիստոնյաների, որոնք նույնպես կապանքների մեջ էին Քրիստոսի անվան համար, սրանց հարցրեց խոսքերով, բայց չհամաձայնեցին արեգակին երկրպագություն տալ։ Չարչարեց նրանց ծեծելով, բայց նրանք ավելի ևս հաստատվեցին նույն մտքի մեջ. կտրեց նրանց քթերն ու ականջները և ուղարկեց Ասորեստան, որ արքունի [գործերում] մշակություն անեն։ Նրանք գնացին մեծ հոժարությամբ, կարծես թե մեծ պարգևներ ստացած լինեին թագավորից։

Այժմ դարձյալ եկավ նույն դահճապետը սուրբ սպանվածների աշակերտների մոտ, ընտրեց նրանցից երկուսին, որոնք ամենից համեստներն էին, մյուսներից հեռացրեց մի կողմ և ասաց նրանց. «Ձեր անուններն ի՞նչ է»։

Մեկը պատասխան տվեց և ասաց. «Ծնողներս իմ անունը Խորեն են դրել, իսկ դրա անունն Աբրահամ է. իսկ ըստ մեր շնորհատուր կարգի՝ Քրիստոսի ծառաներ ենք և այն երանելիների աշակերտները, որոնց սպանեցիք»։

Պատասխան տվեց դահճապետը և ասաց նրանց. «Իսկ այժմ ձեր գործն ի՞նչ է, և կամ թե՝ ո՞վ է ձեզ այստեղ բերել»։

Այս բանին Աբրահամը պատասխան տվեց և ասաց. «Այդ դուք պետք է մեր ուսուցիչներից իմանայիք, որովհետև նրանք չնչին մարդիկ չէին, այլ բավական հայրենի ստացվածքներ ունեին ըստ արժանիքի, այնպես էլ սպասավորեր, ո՛րը մեզ նման և ո՛րն էլ մեզանից ավելի լավ. ովքեր մեզ սնուցել և սովորեցրել են, նրանց հետ ենք եկել։ Որովհետև մեր աստվածատուր օրենքները պատվեր են տալիս մեզ սիրել նրանց ինչպես սուրբ ծնողների և ծառայել նրանց իբրև հոգևոր տերերի»։

Զայրացավ դահճապետն ու ասաց, «Անկիրթ և աներկյուղ ապստամբի նման ես խոսում։ Քանի որ խաղաղության մեջ և ձեր աշխարհում էիք, լավ էր. բայց երբ նրանք քրեական հանցանքի մեջ բռնվեցին արքունի գործերում և մահապարտ համարվեցին իրենց գործերի համեմատ, ձեզ վայել չէր ամենևին նրանց մոտ գնալ։ Չե՞ք տեսնում այս մեծ բանակի մեջ [ինչպես է լինում]. երբ պատվավորներից որևէ մեկը արքունի ժամանակավոր բանտն է ընկնում, սգի շորեր է