Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա բերանից դուրս եկած չլինի»։ Այն ժամանակ ասացին նրան. «Ովքեր մի անգամ աշակերտել են ճշմարտությանը, այլևս երբեք ետ չեն դառնա նրանից, այլ ինչ որ կան՝ այնպես էլ մնում են։ Մի՞թե այն ժամանակ չիմանալուց էինք պնդում, և այսօր նեղությո՞ւնն իմաստնացրեց մեզ. այդպես չէ։ Այլ մենք ափսոսում ենք այն բանի համար, թե ինչո՛ւ մենք էլ առաջինների հետ չվերջացրինք մեր կյանքը։ Իսկ այժմ աղաչում ենք քեզ և քո միջոցով ձեր թագավորին՝ այդպիսի բաների մասին մեզ այլևս մի՛ հարցնեք, այլ ինչ որ մտքներումդ դրել եք մեր վերաբերմամբ՝ կատարեցեք»։

Երբ մեծ հազարապետն այս լսեց, իր մտքում շատ գովեց նրանց հաստատամտությունը, և այնուհետև սկսեց նրանց սիրալիրություն ցույց տալ, ինչպես աստծու սիրելիների։ Եվ շատ հորդորական խոսքերով թագավորին համոզում էր, որ նրանց ների և արձակի իրենց կապանքներից։ Որովհետև նա թեպետ և փոխվեց արքունի հազարապետության պաշտոնից, և շատ բաներում վնասակար ճանաչվեց, ինքը հենց իրեն էր համարում Հայոց աշխարհի ավերման պատճառը, ուստի և մեծ անարգանքով իր տունն ուղարկվեց, սակայն կապվածների մասին երբեք չէր ուզում չարախոսել մինչև իր կյանքի վերջը։

Իսկ երանելիներից շատերը, որոնք ավելի երիտասարդ էին, սովորեցին իրենց հայրենի երկրի գիրն ու գրականությունը, և այն դարձավ նրանց համար հոգևոր կերակուր, որով իրենց խրախուսում էին և ընկերներին մխիթարում: Եվ այնպես զմայլվեցին իրենց մտքով ու հոդով, որ նրանց ծերագույններն անգամ փափկացան, երիտասարդացան, մանկացան։ Որովհետև թեպետ նրանց ուսման ժամանակներն անցել էին, սակայն բազմաթիվ սաղմոսներ բերան անելով հոգևոր երդակից էին դառնում մանուկների մատաղերամ բազմությանը։

Եվ այնպես էին պայծառացնում սրբության պաշտամունքը, մինչև որ դաժան դահիճներից ոմանք հրապուրվում էին՝ լսելով նրանց երգերի քաղցրությունը, և որքան իրենց ձեռքից գալիս էր, թագավորի հրամանից դուրս դյուրու-