Jump to content

Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տելու, որի համար այնքան մեծամեծ չարչարանքներ էին կրել։

Եվ մինչդեռ նրանք այնտեղ մեծ ուրախությամբ [աղատ] շրջում էին բանակում թագավորի առաջ, այդ նույն ժամանակ հասավ թագավորի կյանքի վերջը՝ իր թագավորության տասնիններորդ տարում։ Եվ միմյանց հակառակ դուրս գալով՝ նրա երկու որդիները կռվում էին թագավորության համար, այս դժնդակ պատերազմի գործը սաստկությամբ շարունակվեց երկու տարի։

Մինչդեռ նրանք այս խռովության մեջ էին, ապստամբեց նաև Աղվանից թագավորը. որովհետև նրանց քեռորդին էր և հայրենի հավատի համաձայն առաջ քրիստոնյա էր, և արքայից արքա Հազկերտը նրան բռնությամբ մոգական կրոնին էր դարձրել։ Եվ նա իրեն համար հարմար ժամանակ ընտրելով՝ իր անձը մահվան վտանգի ենթարկեց. ավելի լավ համարեց պատերազմում մեռնել, քան թե ուրացությամբ թագավոր լինել։ Այս բոլորի պատճառով ուշացավ նրանց [Հայոց] աշխարհն ուղարկելը։

Իսկ Հազկերտի կրտսեր որդու դայակը, որի անունը Ռահամ էր Միհրան տոհմից, թեև տեսավ Արյաց զորքը երկու մասի բաժանված, բայց մեկ կիսով գազանաբար հարձակվեց թագավորի երեց որդու վրա. ջարդեց, կոտորեց նրա զորքը և թագավորի որդուն ձերբակալելով՝ հրամայեց տեղն ու տեղը սպանել։ Իսկ մնացած զորքն էլ հավանության բերեց և միաբանություն հաստատեց Արյաց ամբողջ զորքի մեջ, և թագավորեցրեց իր սանին, որի անունը Պերոզ էր։

Թեպետև Արյաց աշխարհում կատարյալ խաղաղություն հաստատեց, բայց Աղվանից թագավորը չէր ուզում նորից ծառայության տակ մտնել. այլ նա քանդեց ճորա պահակը և Մասքութների զորքն այս կողմն անցկացրեց. միաբանեց տասնևմեկ լեռնական թագավորներին և պատերազմով ընդդեմ կացավ Արյաց զորքին և մեծ վնաս պատճառեց արքունի զորքերին։ Թեպետ երկու-երեք անգամ աղաչանքի գրություններ ուղղեցին նրան, բայց չկարողացան այդ մարդուն համոզել. նա գրով ու պատգամներով հանդիմանում