Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռք բարձրացնելու նախորդ հանցանքի համար, այլ նրա դատապարտությունը թողին սուրբ ավետարանին։

Իսկ նրանք, ովքեր եկել էին եկեղեցու սուրբ գանձերը կողոպտելու համար, իրենց անձերն ու ավարը ակամա դրին սուրբ եպիսկոպոսների և ամբողջ զորքի առաջ. և թագավորի հրամանը ջնջվեց-ոչնչացավ։ Եվ աստծու զորությամբ հաջողություն գտնելով՝ տղամարդիկ և կանայք և ամբողջ ռամիկ բազմությունը աղաղակում և ասում էին գոհանալով. «Պատրաստ ենք հալածվելու և մեռնելու և ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կրելու այն սուրբ եկեղեցիների համար, որ ավանդեցին մեզ մեր նախահայրերը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան զորությամբ, որով նորից ծնվեցինք մի հավատի հուսով, մկրտվելով Հիսուս քրիստոսի անունով, նույն նմանությամբ կամենում ենք չարչարանքներով և արյունով նորոգել մեր անձերը։ Որովհետև մեզ հայր ենք ճանաչում սուրբ ավետարանը, և մայր՝ առաքելական կաթողիկե եկեղեցին. թո՛ղ ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով՝ մեզ սրանից չբաժանի»։

Այնուհետև տերը ծառայից ավելի չէր երևում, և ոչ էլ փափուկ մեծացած ազատը՝ տառապյալ գեղջուկից, և ո՛չ էլ մեկը մյուսից ավելի պակաս քաջության մեջ։ Միևնույն հոժար սիրտն ունեին բոլորն էլ տղամարդ ու կին, ծեր ու տղա և Քրիստոսի անունով բոլոր միաբանվածները։ Որովհետև առհասարակ բոլորն էլ միևնույն զենքով զինվորվեցին և Քրիստոսի հավատի պատվիրանի միևնույն զրահը հագան, ճշմարտության միևնույն գոտիով ամրացրին իրենց մեջքերը թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք։

Այնուհետև վեր ընկած էր մնում ոսկին, և ոչ ոք հատկապես իրեն համար արծաթ չէր վերցնում, և առանց ագահության արհամարհված, անարգված էին զարդարանքի ու մեծարանքի համար հատկացված պատվական հագուստները: Իչպես և ամեն մի գույք ոչինչ էր համարվում իր տերերի աչքում։ Իրենց անձերի վրա նայում էին ինչպես մեռած դիակների վրա, և ամեն մեկն իր գերեզմանն ինքն էր փո-