Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զորքը, լեռնայինն ու դաշտայինը, և լեռների բոլոր բերդերինը։ Ոմանք գույքով, մեծ պարգևներով և արքունի գանձարանից առատ-առատ պարգևներ բաշխելով, ոմանց էլ թագավորի հրամանով սպառնալով՝ տագնապի մեջ էր գցում։

Երբ այս ամենն արեց ու ավարտեց թագավորի հրամանի համաձայն, ամեն օր գրում ու ցույց էր տալիս Պարսից մեծ հազարապետին, որ ծածկվել-թաք էր կացել Փայտակարան քաղաքում։ Այնուհետև նա Միհրներսեհն էլ համարձակվեց իրեն ցույց տալ շատ ազգերի, ոմանց ահ էր տալիս, և ոմանց էլ սիրով պարգևներ էր բաշխում։ Իրեն մոտ կանչեց Վասակին և նրա հետ եղած բոլոր իշխաններին, շատ պարգևներ շնորհեց նրանց արքունի գանձարանից, նույնպես և այն զորքերին, որ նրան համամիտ էին։ [Վասակը] նրա առջև տարավ նաև ուրացող երեցներին. ապացուցում էր, հաստատում և հայտարարում, թե սրանց միջոցով պիտի որսամ նրանց ու բաժանեմ միաբան ուխտից։ Իսկ հազարապետը երբ այդ լսեց, շատ շնորհակալ եղավ երկուսից էլ և հուսադրեց նրանց. «Եթե հաղթությունը մեր կողմը լինի, մյուս քահանաների ունեցած-չունեցածը դրանց եմ շնորհելու, և դրանց մեծ ծառայության մասին հայտնելու եմ թագավորին»։

Եվ այսպես [Վասակը] շարժեց ու շփոթեց Հայոց աշխարհը, մինչև իսկ բազմաթիվ հարազատ եղբայրների բաժանեց միմյանցից, հորն ու որդուն միաբան չթողեց և խաղաղության մեջ խռովություն գցեց։

Նույնիսկ հենց իր երկրում նա երկու եղբորորդի ուներ առաքինության սուրբ ուխտի մեջ. նրանց մասին գրեց և հայտնեց արքունիքին և իրավունք ստացավ նրանց ստացվածքի վրա, նրանց հեռացրեց-քշեց երկրից, որպեսզի այլևս այնտեղ չվերադառնան։ Հալածեց ու փախցրեց աշխարհի բոլոր միայնակյացներին, որոնք նախատում էին նրա անդարձ ամբարշտությունը։ Ամեն չարիք արեց-պրծավ ճշմարտության դեմ, և ինչ էլ որ չէին իմանում անօրեն հեթանոսները, հասկացնում էր նրանց, նաև քրիստոնեության ուխտի վերաբեր-