ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ԳԱՎԻԹ ԵՐԵՑԻ
ԽՆԴՐԱԾ [ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ] ՎԱՐԴԱՆԻ
ԵՎ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Այն գործը, որ պատվիրեցիր, կատարեցի, ո՛վ առաքինի. Հայոց պատերազմի մասին հրամայեցիր [գրել], որի մեջ քչերի հանդեպ շատերն առաքինի գտնվեցին:
Ահա շարադրեցի այս յոթը գլուխների մեջ:
Առաջին՝ ժամանակը:
Երկրորդ՝ Արևելքի իշխանի ձեռնարկած գործերը:
Երրորդ՝ Եկեղեցու ուխտի միաբանությունը:
Չորրորդ՝ Նույն ուխտից բաժանված մի քանիսի երկպառակությունը:
Հինգերորդ՝ Արևելցիների հարձակումը:
Վեցերորդ՝ Հայերի ընդդիմանալը պատերազմով:
Յոթերորդ՝ Խռովության գործերի երկարաձգումը:
Այս յոթը գլուխների մեջ կարգով գրեցի և մանրամասն շարադրեցի սկիզբը, միջին [ժամանակն] ու ավարտը, որպեսզի շարունակ կարդաս, լսելով առաքինի անձերի քաջությունը և հետ կացածների վատթարությունը. ո՛չ թե երկրավոր առատ գիտության անձնական պակասը լրացնելու, այլ երկնավոր նախախնամության այցելության համար, որ նախագիտությամբ երկու կողմերին էլ հատուցում է տալիս, որ տեսանելի թաներով անտեսանելին հայտնի է դարձնում:
Իսկ դու, ո՛վ մեծդ աստվածային գիտության մեջ, ին-