Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն
աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն
աշխատել ես,
Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես,
որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը — դու կյանքում
միայն աշխատել ես։
|
|
Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար
չթվաց,
Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար
չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան
հիմերի կործանումը—
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար
չթվաց։
|
|
Դեռ երեկ քո միտքը խավար էր,—իմաստուն ես
արդեն հիմա դու.
Դու տեսար վիթխարի այս արարը,— իմաստուն
ես արդեն հիմա դու.
Դու տեսար պատմության խոհանոցը, մխացիր
ճենճերում դու նրա—
Եվ գիտես, թե ով է խոհարարը... Իմաստուն ես
արդեն հիմա դու։
|
|