Այս էջը սրբագրված է
Մազութի Համոյի բնակարանում։ Եվ ահա, իր պարտականություններր լիովին իմացող հեղափոխականի նման— տենդոտ, պատրաստություններ էր տեսնում, միանգամայն գիտակցելով գործի մեծագույն նշանակությունը նայիրյան ցեղի ապագայի համար՝ Մազութի Համոյի պալատ-բնակարանում ընկ. Վառոդյանը։
Հենց այդ ապագայի մասին, նայիրյան ցեղի պայծառ ապագայի մասին էր խոսում այդ նույն վայրկյանին ակումբի դահլիճում Գեներալ-պրոֆեսորը: Թափվում էին, այո, հեղեղանման հոսում էին վարդագույն խոստումները դեպի երջանկացած սրտերը հանդիսականների.— Գեներալ-պրոֆեսորի սոխանման գանգից, ուղեղից ելնելով բացվում էր, պայծառ ու լուսավոր, նայիրյան ապագան: Եվ այդ պայծառ ապագայի հոսող ջերմությունից հալչում էր սիրտը Անգինա Բարսեղովնայի.— նայիրյան պայծառ ապագան էլեկտրական բորբ հոսանքի նման լցվելով սիրտը Անգինա Բարսեղովնայի՝ անցնում էր այնտեղից դեպի մահուդե թևը քաղաքի պարետի: Ու նույն այդ լուսավոր, նույն այդ նայիրյան պայծառ ապագայի փայլից բոցկլտուն, նայում էին հրացայտ, նայում էին, այո՛, գալիք օրերի հույսերով շողշողուն— նախագահական աթոռի բարձունքից նայում էին Անգինա Բարսեղովնայի և բարձրահասակ սպայի մեղմ հպված թևերին մեծախոհ աչքերը Մազութի Համոյի:
Վաղո՜ւց, վաղո՜ւց արդեն առավոտյան սովորական ժամերին, ինչպես այդ անում էր նա ա՜ռաջ— վարսավիր Վասիլի վարսավիրանոցը ոտք չէր դնում այլևս պ. Մարուքեն. դպրոց մտնելուց