Դա մի 23—24 տարեկան կալանավոր էր, նախկին խորհրդային ծառայող, որ վատնումի համար դատապարտված է եղել «պատժի առավելագույն չափին»— գնդակահարության, բայց Կենտգործկոմը ներում է շնորհել՝ փոխելով գնդակահարությունը տասնամյա կալանքի։ Ես նրան դեռ դրսից գիտեի և ինձ հայտնի էր, թե իրերի ի՛նչ դժբախտ բերումով էր նա հասել վատնումի թեք ճանապարհին։ Սրտագին բարևեցի նրան, որից հետո Ուղղիչ Տան պետը բացագանչեց.
— Բենի՛կ, հավաքիր բանվորներիդ և այսօրվանից սկսենք ներսի պատերի համար հողե աղյուսներ պատրաստել։ Արհեստանոցներն սկսում ենք... էլ ձգձգելու ո՛չ մի կարիք չկա։ Պլանը պատրաստ է — մնում է գործի անցնել...
— Լա՛վ,— լայն ժպտաց Բենիկը,— ինչքա՞ն է հարկավոր...
— Յոթ֊ութ հազար հատ։ Բանվորներիդ ասա թե՛ փողը կստանան, թե՛ աշխատանքային օրերը կհաշվենք։ Սկսե՛ք, քանի անձրևները չեն սկսվել...
— Բա հիմքը գցե՞լը,— հարցրեց Բենիկը, որ ինչպես երևում էր, տեղյակ էր աշխատանքներին.— ե՞րբ ենք հիմքը գցում։
— Վաղը, մյուս օրը հիմքը կգցենք. մինչև էգ ցուցակագրիր բոլոր որմնադիր-վարպետ կալանավորներին։ Կա՞ն։
— Խի՞ չկան։ Հրեն մեկը—Համոն։
— Ո՞ր Համոն։
— Թիթեղագործը։ Հի՜նչ գործ ասես՝ ձեռիցը կգա։
— Է՞լ: