լուռ լսում է Բելոգուրովը։ Դեմքի արտահայտությունն այնպես է, կարծես ասելիս լինի, թե ինքն է ամաչում ա այդ անպատկառ Եֆիմի փոխարեն։ Սպասում է, մինչև այս վերջինս վերջացնի իր անպատկառ ափեղցփեղությունը, որ ինքն սկսի իր տխուր զրույցը՝ ես շուռ եմ գալիս դեպի նա և հարցնում.
— Որքա՞ն ժամանակ է այստեղ եք։
— Ութ ամիս։
— Դրսում նկարո՞ւմ էիք:
— Ո՛չ. այստեղ սկսեցի։— Եվ ամոթխած ժպիտն ու ներողամտություն հայցող աչքերը հեռացնում է մի կողմ,— տխուր նայում է իր նկարներին։
— Գիտե՞ք,— ասում է նա հետո՝ նայելով դեմքիցս այն կողմը,— այստեղ այնքան էլ հարմարություններ չկան... Սենյակ չկա, սովորեցնող չկա, ինքներս մեր ուժերով յոլա ենք գնում...
Դժվար է այսպես մի թանի հասնել, առանց սովորեցնողի...
Եվ նա մի վայրկյան տխուր, լուրջ նայում է ինձ, և այնքան անձուկ է նրա հայացքը, որ անվերապահ կերպով հավատում ես նրան։
— Իզուր եք դուք ընդօրինակելով զբաղվում, աշխատեցեք բնությունից նկարել, էտյուդներ անել։
— Ա՛յ, շատ ճիշտ ասեցիք,— մեջ է ընկնում կրկին Եֆիմ Բրավելմանը.— բայց ի՞նչ բնություն կգտնեք Ուղղիչ Տանը... Եվ նույնիսկ... Երևանում...
Իսկ աչքերը ժպտում են, ժպտում են խորամանկ, «Հո սպանեցի՞ հիմա, հիմա հո մեռա՞ր»—