մոտեցավ և միշտ ներքև, միշտ մի կողմ նայելով՝ խնդրեց. — Մեզ մի ուսուցիչ է հարկավոր, ընկե՛ր, մի նկարիչ-ուսուցիչ: Դուք երևի քաղաքում կունենաք ծանոթ նկարիչներ, խնդրեցեք, թող մի անգամ գան և մեզ ցուցմունքներ անեն...
Խե՜ղճ Բելոգուրով: Իր այդ խնդիրքով նա երևի ուզում էր շտկել քիչ առաջ թողած իր ո՛չ այնքան էլ գեղեցիկ տպավորությունը, եվ, երևի մտածելով, որ դրանով է՛լ ավելի կսրբի իր հանցանքը, նա ավելացրեց.
— Իսկ մինչ այդ ես կաշխատեմ բնությունից նկարել... Բնությունը ամե՛ն տեղ էլ բնություն է — նույնիսկ Ե...
Երևի ուզում էր ասել՝ Երևանում, բայց իսկույն գլխի ընկավ ու շտապով շտկեց.
— Ուղղիչ Տանը...
Այո՛, բնությունը ամեն տեղ բնություն է, սիրելի Բելոգուրով,— նույնիսկ Ուղղիչ Տանը։ Այս խոսքդ ես հավանեցի այն ժամանակ և կրկնում եմ հիմա, երբ գրում եմ տպավորություններս։ Եվ, ինչպես այն ժամանակ այնտեղ, Ուղղիչ Տան կուլտ-բաժնի միջանցքում, այնպես էլ հիմա իմ սիրտը դառնությամբ է լցվում, երբ ես հարց եմ տալիս ինձ, թե ինչո՞ւ է այդ միևնույն բնությունը միևնույն խմորից թխում թե՛ հանճարներ, թե՛ դեգեներատներ...
«Բնությո՛ւնւ ամեն տեղ բնություն է»— այս մեկը դու լավ ասացիր, թանկագին Բելոգո՛ւրով։