խորհրդավոր ժպիտը դեմքին մոտեցավ նա ինձ, աջ ձեռքը հովանոցի նման դրեց ականջիս վերևը, շրթունքները մոտեցրեց և հայացքը Բենժամենին հառած՝ ասաց ինձ իբր թե կամացուկ, բայց էապես այնպես, որ Բենժամենը ևս լսի.
— Մի նոր պոռնիկ կնիկ են բերուկ... Ի՛մ արև:
Ու ցատկելով մի կողմ՝ այծանման մկկաց։
Հետո լուրջ դեմք ընդունեց, ձեռքով ու քունքերով զարմացական շարժում արավ և ավելացրեց.
— Հնչի՞ կբերեն ըդրանց — չեմ խասկընա... Կնիկն ի՞նչ ա՝ բերեն դնեն բանտ՝ խաց տան ուտա... Կրակ տան՝ վառե՛ն։
— Ինչո՜ւ, Լազգի՛. նրանք էլ մարդ են մեզ պես:
— Մա՞րթ,— միանգամայն անկեղծ, ֆենոմենալ անկեղծությամբ բացագանչեց Լազգին.— թե ըդրանք մարթ են՝ Լազգին շո՛ւն ա...
Ու բռունցքով ամուր խփեց իր կրծքին, շուռ եկավ — վազելով հեռացավ։
Ֆենոմենալ կնատյաց էր Լազգին. եթե ճեմարանավարտ լիներ՝ անպայման կդառնար մի նայիրյան Օտտո Վայնինգեր... այդ սքանչելի Լազգին:
VII. ԿՈԻԼՏ-ԲԱԺՆԻ ՊԱՐԵՏԸ, ԲՈՂՈՔԱԿԱՆ ՏԵՐՏԵՐԸ, ՈՒՂՂԻՉ ՏԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆԸ, ՄԱՐԳԱՐԻՏԸ, ԱՆՈՒՇԸ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՏԱՐՄԱՆԱԼԻ ՆՈՐՄԵՐԸ
Երեկոյան ես բարձրացա կուլտ-բաժին՝ կալանավորների ներկայացումը տեսնելու։ Ժամը դեռ 6-ն էր։
Ներկայացումը սկսվելու էր 7-ին, բայց ամբողջ կուլտ-բաժինը արդեն խառնվել էր իրար՝ պատրաստություններ էր տեսնում: