Այս էջը սրբագրված է
Դահլիճում զվարթությունը հասնում է իր գագաթնակետին։ Մեղադրյալ Մարությանի աչքերից արյուն է կաթում։ Բարկությունից ձեռքը տանում է իր բլուզի օձիքին, ձգում, բաց է անում կուրծքը, բռունցքով խփում է կրծքին ու նստում։
— Ընկե՛ր Մարության, ոտքի՛. հարցաքննությունը դեռ չի վերջացել։ Մարությանը վեր է թռչում տեղից և քայլերն ուղղում դեպի դուռը։ — Էլ չեմ կրնա, հընգեր դատավոր, չե՛մ կըրնա, — ասում է Մարությանը՝ կիսով չափ շուռ գալով դեպի նախագահը.— ես կերթամ՝ առանցի ընձի ի՜նչ կուզեք — որոշեցեք… Ես հոժար եմ։ Ու իբր խեղճացած՝ հպատակություն հայտնողի ամենայն պատրաստակամությամբ՝ ծռում է մեջքը ու խոնարհ գլուխ տալիս դատարանին։ Տպավորությունը դահլիճի վրա՝ ծայրահեղ է։ Կալանավորները դոփում են հաճույքից, ծափահարում։ Պարզ է, որ դահլիճի համակրանքը մեղադրյալի կողմն է։ Մարությանն անմիջապես ըմբռնում է այդ և փոխում իր գործելակերպը. նահանջից անցնում է հարձակողականի. — Ախր էդ դատախազն օր էդպես կխոսա՝ քիչ ա մնըմ սիրտս պատռի… Հերիք չէ՞ մեր միսը կրծեն էդ ինտելիգենտները… Հիմի ռաբոչո՚ւ վլաստ է։ Դահլիճն այնքան է գոհ այս հարձակումից, որ վրնջում է բառացի. ճիչ, աղմուկ, աղաղակ, բուռն
ծափահարություն։
— Բրավո՛, Սերյոժա — լսվեց մի բացագանչություն։ Նայեցի՝ Բաղդասարն էր։