Այս էջը սրբագրված է
երրորդ, չորրորդ անգամն են այստեղ ընկնում։ Սրանք անմիջապես շրջապատում են պետին և թափում նրա գլխին իրենց անսպառ հարցերի անսպառ տարափը.
— Մեր գործը ե՞րբ ա լսվելու… — Դատախազը ե՞րբ ա գալու,— և այլն, և այլն, և այլն — նման անթիվ հարցեր։ Սակայն պետը չի դարձնում սրանց վրա ոչ մի ուշադրություն և մոտենում է նոր բերված կալանավորներին։ — Դու ինչի՞ համար ես, խուլիգանությա՞ն,— հարցնում է նա մի երիտասարդի, որ ձեռքերը գրպանները դրած՝ անտարբեր նայում է նրան։ — Կալանավորը ժպտում է։ — Դու է՛լ, դու է՛լ, դու է՛լ,—խփում է պետը ցուցամատով մի քանիսի կրծքին։— Բոլորը լուռ են։ — Պետը ճիշտ է գուշակել։ — Իսկ դու անպատճառ կնիկ բռնաբարած կլինես,— մոտենում է նա հանկարծ մի աժդահա, մոտ քառասուն տարեկան գյուղացու, որ վախեցած նայելով պետին՝ քորում է իր կուրծքը: — Դե ջահելութեն էր—պատահավ… Պետը հեգնական նայում է նրան, հայացքով վերից—վար չափում աժդահա հասակը. — Լա՜վ ջահել ես… Քառասուն կա՞ս։ — Էդքան եմ։ — Ո՛նց էղավ։ Գյուղացին ամոթխած երեսը շուռ է տալիս՝ ամաչում է իբրև։ — Անպատճառ հարևանիդ կնիկը կլեր,— շարունակում է պետը: