Նկատեցի, որ ինչպես կամերայի ավագը, այնպես էլ մյուս կալանավորները ժպտում են, բայց չեն խանգարում: Պարզ էր, որ նրանք առաջին անգամը չէ, որ ներկա էին գտնվում նման տեսարանի և ա՛յն, ինչ տեղի էր ունընալու՝ նրանց այս գլխից մեծ հաճույք էր պատճառում։
Երբ ավագն արթնացրեց նորեկներին և հայտնեց նրանց, որ բժիշկը եկել է քննության՝ նրանք ճմռեցին աչքերը և թռան ոտքի։ Վախեվախ մոեցան բժշկին, այսինքն Բաղդասարին, և անասնական աչքերով սկսեցին նրան նայել:
Հենց այդ ժամանակ մոտեցավ Բաղդասարին մեզ հետ եկած կալանավորներից մեկն ու երկարեց նրան մի թուղթ։
— Ընկե՛ր բժիշկ,— ասաց նա կերկերացող ձայնով,— խնդրում եմ խնդիրքս չմերժես։
— Ժամանակը չէ՛, հետո՛,— բարկացավ Բաղդասարը, բայց թուղթը վերցրեց։ Իբր կարդաց և պաշտոնական հայտնեց.
— Լա՛վ, վաղը կգաս հիվանդանոց։
Այս ամենը, ինչպես և հաշված էր, թողեց նորեկների վրա շշմեցնող տպավորություն. նրանց համար կասկած անգամ չմնաց, որ եկողը բժիշկ է—և ո՞վ իմանա, թե ի՜նչ իրավունքներ ունի...
Բաղդասարը մոտեցավ առաջին նորեկին.
— Կուրծքդ բա՛ց։
Նորեկը բաց արեց կուրծքը։ Բաղդասարն ականջը դրեց կրծքին, իբր լսեց։
— Լա՛վ։ Հիմա մե՛ջքդ։
Նորեկը շուռ եկավ և վեր քշտեց շապիկը։ Բոլորը լարված, ծիծաղները պահած՝ հետևում էին տեսարանին։ Բաղդասարը մատիտի կտորով մի