մնում էի անքուն, իսկ շուրջս քնած մարդիկ խոսում էին, ժպտում, ճչում ու անհանգստանում։ Իսկ իմ հարևան կալանավորը, մի երիտասարդ գյուղացի, քնի մեջ թափահարում էր ձեռքերը, սպառնում, մենամարտում ինչ-որ անհայտ ոսոխների հետ, որոնք սակայն նույնքան հեռու էին նրանից, որքան ինձ հեռու էր թվում այդ անքուն գիշերներին փրկարար լուսաբացը...
XVI. ՆՈՑԵՄԲԵՐԻ 29-Ը ՈԻՂՂԻՉ ՏԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԳՆՈԻՄ ԵՆ ՔԱՂԱՔ՝ ԵՐԹԻ, ՁԱՅՆԱԶՈԻՐԿՆԵՐԻ ՑՈԻՑԱԿԸ ԵՎ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ
Նոյեմբերի 29-ին, Հայաստանի խորհրդայնացման վեցերորդ տարեդարձի օրը, առավոտյան, երբ բաց արի կամերայիս դուռը՝ դրսից, քրեական կորպուսի բակից և Ուղղիչ Տան գրասենյակից ականջիս հասավ մի բազմաձայն աղմուկ։ Անմիջապես դուրս եկա բակ և տեսա, որ Ուղղիչ Տան գրասենյակի առաջ ու քրեական կորպուսի բակում խռնվել է կալանավորների բազմաղաղակ բազմությունը։ Խոսում են, քաշքշում իրար, հրհրվում, առաջ քշվում, աղմկում, ծիծաղում, բացագանչում։ Մոտեցա հարցրի հիվանդանոցային ծառայողին.
— Ի՞նչ է, ինչո՞ւ եք իրար խառնվել։
— Գնում ենք քաղաք՝ երթին մասնակցելու,— ուրախ բացագանչեց ծառայողը։
— Բա կալանավորնե՞րն ինչու են իրար խառնվել:
— նրանք էլ են գալիս, հրեն, ընկեր պետը ջոկում ա՝ ո՛վ գա, ո՛վ չգա...