Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու պսիխոլոգիզմը փչացնում են նույնիսկ այնպիսի երկերը, որոնք առանց դրանց կարող էին լինել ավելի ներգործող և ավելի նշանակալից։ Հանեք այդ երկից բնության ու մարդկանց սենտիմենտների նկարագրությունը, թողեք միայն գործողությունն ու դիալոգները—և այդ երկը կդառնա ժամանակիս համար օգաակար ու օրինակելի։

Դերենիկ Դեմիրճյանի «Անմահները»21 ըստ մոտեցման եղանակի կարող էին գրվել և Հոկտեմբերից առաջ։ Բավական չէ բացասել, ծաղրել—պետք է ասել, թե ո՞ւմ կողմից եմ բացասում կամ ծաղրում։ Ծաղրում էր և Հ. Պարոնյանը, բայց ի՞նչ էր առաջադրում։ Այստեղ է մեզ համար ծանրության կենտրոնը, որ կարող է արդարացնել որևէ գրական երկ։

Զորյանը ապոլիտիկ է22, ինչպես միշտ: Ո՞ւմ ինչ, թե ինչ որ մի կնոջ հետ, ինչ որ պատճառով, ինչ որ բան էլ պատահել։

Գուրգեն Մահարու «Գյուղերի երգը»23 մի երկարագույն նեյնիմ է, որ դեռ սպառնում է շարունակվել։ Գրելու ձևը Չարենցի առաջին հեղափոխական պոեմների գրելաձևն է։ Մասնավորապես մեծ է «Ամբոխները խելագարված»-ի ազդեցությունը, որից վերցված կան ամբողջ դարձվածքներ ու տողեր։ Անհասկանալի է, թե ո՞ւմ համար է գրված Գ. Աբովի «Պոեմ պարզը»24։ Մի՞թե որևէ մեկին դեռ հարկավո՞ր է մեր նախապատերազմյան գյուղի կենցաղագրությունը և այն էլ անկոնկրետ, ծամծմված ու ձանձրալի։ Հով. Թումանյանը այդ նյութը շատ վաղուց է մշակել շատ ավելի կոնկրետ, հասկանալի, «պարզ»։ Ի դեպս ի՞նչ է նշանակում «պայքարում ռումբի պես տաշած», «մթաթույր» «հարվածող ռիթմ» և այլն։ Պետք է հարցնել «գյուղացոց»—երևի նրանք կհասկանան։