Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սա կարողացել է ոչ միայն խուսափել այն նիվելիրովկայից, որ Վահան Տերյանի ամենամեծ պակասն է, այլև կարողացել է տալ չափազանց հաջող նմուշներ այս ուղղությամբ, մյուս կողմից` այնուամենայնիվ չկարողանալով մեր լեզվի համար ստեղծել մի հիմնական հուն, որը պարտադիր լիներ մեզ բոլորիս համար։ Ազգային ձևը պահպանելու տեսակետից ոչ որի լեզվում այնպիսի էլեմենտներ չկան, ինչպես Դերենիկ Դեմիրճյանի լեզվում:

Նախագահ.— Ընկերնե՛ր, այժմ հայտարարենք տաս րոպե ընդմիջում, որից հետո կշարունակենք։

(Ընդմիջումից հետո) Ուրեմն, ընկերնե՛ր, լեզվի հետագա զարգացման տենդենցները քննադատելիս հիմնականը մեզ համար այդ երկու պրինցիպներն են, այսինքն հետագայում մենք պետք է աշխատենք օգտագործել մեր անցյալի գրականության այդ տեսակետից ամենահատկանշական կողմերը։ Առաջինը ուրեմն` խուսափել բացառիկ նիվելիրովկայից, որի դեպքում լեզուն կարող է կորցնել իր ազգային առանձնահատուկ ձևը, երկրորդ խուսափել այն գռեհկացումից, որն իր հիմնական էլեմենտներով ոչ այլ ինչ է, եթե ոչ գավառաբարբառների կիրառումն մեր լեզվի մեջ։

Ես ուզում եմ ցույց տալ, որ տվյալ դեպքում մեր հանճարեղ, միակ պոետ Հով. Թումանյանի լեզվում այդ գավառային էլեմենտների կողքին, որոնք յուրահատուկ են դարձնում նրա լեզուն, կան նաև այնպիսի էլեմենտներ, որոնք արդեն գավառային չեն և բնորոշ են, յուրահատուկ մեր լեզվի համար` անկախ գավառային լինելուց։ Այս դեպքում է ահա, որ թերևս կարող են ինձ համոզել, որ, իսկապես, Հով. Թումանյանի լեզուն կարող է դառնալ հիմնական լեզու մեր գրականության համար։