Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պրոլետարական գրականության և երգիծաբանության հետ։ Սև հարյուրակային հերյուրանքներ են դրանք, որ առաջ են եկել…

Թե ինչի՞ց են առաջ եկել այդ հերյուրանքները—ընթերցողը կիմանա այդ թերթուկի «մանիֆեստից»19։ Այդ մանիֆեստը տրված է որպես պատասխան «Շիրակի Ռանչպար»-ին, որի համարներից մեկում խայտառակության սյանն է գամած եղել խմբագրությունը՝ Մոսկվայի «կարմիր պոետներին»20:

Այդ հոդվածում Հայկունին իր կամպանիայով անվանված են Մոսկվայում նստած «մեր կարմիր պոետները»—և ահա, հալած յուղի տեղ ընդունելով այդ հեգնական դիմումը, «Կոկորդիլոս»-ի խմբագիրը գրում է.

«Շնորհակալություն, որ մեզ… ձերն ես համարում: (էդ մասին հարցրե՜լ ես Էրևանի մեյդանում)։

Բայց, ներողություն, «ձերը» ո՞րն է։

Շի՜րակի, թե՜…

Իսկ մենք մինչև օրս էլ կարծում էինք, որ «Նայիրի» խո՛րթ զավակներն ենք: Դու էլ, մեր դարդը չիմանալով, եկել ու հարցնում ես, թե ինչո՞ւ մենք Մոսկվայում ենք խմբվել։ Մարդ որ մարդու դարդ չգիտե՝ կես գիշերին խաղ կկանչե»։

Մենք գիտենք, թե որն է այդ «դարդը»։ Բայց ավելի լավ է իրենց բերանով թող ասեն.—«Ի՜նչ անենք, որ մեր քոռ բախտից… մինչև վերջերս, դեղին, ճերմակ ու բացի կարմրից, ամեն ձայնի պոետներին ու ամեն տեսակ զահրումար «գրողներին» խմբել էին Երևանում…

Դու էլ տնաշեն, հո չե՞ս իմացել, որ ռադիո հեռագրով աշխարհիս չորս ծերերից կանչում էին քառթու, դեղնած պոետներին։

Համա մեզ… մի կիսաբերան էլ չկանչեցին…