Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է: Կարծես ժամը ապրեցնողը, շեն պահողը, փարա տվողը իրենք են…

Սաթենիկ պահ մը ինք ալ կեցած մտիկ կըներ այս խոսքերուն։ Ղուկաս էֆենտին տեսնելով, խորհած էր վերջին, գերագույն դիմում մը փորձելու, բոլորովին ձեռնունայն տուն չվերադառնալու համար, բայց այդ բարկաճայթ խոսքերը, որոնց վերջը չէր գար, ու հետո, շուրջը խռնված բազմությունը զինքը բոլորովին ջլատեցին և հուսահատ շարժումով մը ինքզինքը դուրս նետեց եկեղեցիեն։

Նույն միջոցին Ղուկաս էֆենտիին հետևը թաղական մը երևցավ, որ ներսեն լսելով Աղքատախնամի ատենապետին ձայնը, եկեր էր խնդրին ինչ ըլլալը հասկանալու։

− Ղուկաս էֆենտի, ներս հրամմեցեք, դռան առջև կմսիք,− ըսավ նորեկը, որ ինքն ալ մեծ աղա, մտերմական շեշտով մը կխոսեր էֆենտիին հետ,− եկեք սուրճ մը հրամմեցեք…

Ղուկաս էֆենտիի բարկությունը իջած էր քիչ մը և առանց շատ աղաչել տալու հետևեցավ թաղականին, իրավցնե վառարանի կրակեն քիչ մը տաքնալու պետքը զգալով։

Ներսը քանի մը թաղականներ նստած էին, որոնք սիրալիր ընդունելություն մը ըրին Ղուկաս էֆենտիի և թիկնաթոռի մը մեջ տեղավորեցին զինքը:

− Ղուկաս էֆենտի, կերևա որ ձեզ նորեն բարկացուցեր են, ի՞նչ պատահեցավ որ,− հարցուց թաղականներեն մին:

Ղուկաս էֆ. մանրամասնորեն պատմեց ձյունագնդակին դեպքը, շեշտելով մանավանդ սա ծանր պարագան թե «մազ մնացեր էր, որ ձյունը աչքին գար», նորեն քիչ մը առաջվան ըրած դիտողությունները կրկնեց, թեև նվազ բարկաճայթ շեշտով մը:

Քիչ մը ետքը ներս մտավ ավագերեցը, երկայնահասակ, նիհար, խոշոր ու սպիտակ մորուքով։ Պատկառելի Տ. Միքիաս ավագ քահանան այն ատեն վաթսուն տարեկան կար. երկար ատենե ի վեր ավագերեցն էր Բերայի եկեղեցիին։ Ինք էր, գերազանցորեն, մեծատուններու տաներեցը և իր այդ առանձնաշնորհյալ դիրքը իրեն գերակշիռ ազդեցություն մը կուտար ամբողջ քահանաներուն դասին մեջ։ Ոչ միայն Բերայի, այլ նույնիսկ Գատը գյուղի և ուրիշ արվարձաններու հարուստները իր ծուխերն էին. կարծես ջոջերու տաներեցությունը մենաշնորհի վերածած ըլլար: Ամբարտավան և խրոխտ իր ստորադասյալներուն հետ, Տ. Միքիաս կեղծավոր ու