Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Գաբրիել էֆենտիին քով եթե մինչև այսօր կպաշտոնավարես ու անոր վստահությունը կվայելես, պատճառն այն է, որ ես քեզի համար երաշխավոր եղած եմ։

− Գիտեմ այդպես ըլլալը։

− Եթե ոչ, այդ մարդը քեզի պես անծանոթ գավառացիի մը կհանձնե՞ր իր գանձումները։

− Երբեք,– պատասխանեց երիտասարդը, որ տակավին չէր կարող գուշակել թե վաճառականը ո՞ւր կապել կուզե խոսքը։

− Ես այս ամենքը ըըած եմ,− շարունակեց Մարգար էֆ.,− առանց ոևէ ակնկալության։

− Այո՛։

− Հիմա իս մտիկ ըրե, այսօր ատենը եկած է, որ իմ ըրած բարիքներուս փոխարեն հատուցանես ինծի։

− Եթե կարելի ըլլար ատիկա, աշխարհի ամենեն երջանիկ մարդը պիտի համարեի ինքզինքս։

− Շատ կարելի է։

− Ի՞նչ կերպով, Մարգար էֆենտի։

− Ինծի ծառայություն մը մատուցանելով։

− Հրամայեցե՛ք, և ամեն բան ընելու պատրաստ եմ, բավ է, որ կարողությանս սահմաններուն մեջ ըլլա։

− Շատ դյուրին բան է առաջարկելիքս։

− Հրաման ըրեք ուրեմն։

− Կինս կճանչնա՞ս։

− Այո՜, մեկ քանի անգամ տեսած եմ,− կմկմաց երիտասարդը այս անակնկալ հարցումեն բոլորովին շփոթած։

− Իսկ ինք քեզի կճանչնա՞…

− Չեմ կարծեր, երբեք հետը խոսելու պատիվը չեմ ունեցած։

− Այն ատեն գործը կարգին է ուրեմն։ Խմե՛ տեսնենք սա գարեջուրը և ուրիշ մը ապսպրենք։− Աբգար երկյուղածությամբ գավաթը շրթունքին տարավ, խմեց ու բերանը թաշկինակով սրբեց։

− Այսօր կինս Բերա պիտի գա, և մեկ քանի այցելությաններ պիտի տա։ Կուզեմ, որ առանց նշմարվելու իր ետևեն երթաս…

− Այսինքն զինքը լրտեսե՞մ,− հարցուց երիտասարդը։

Պահ մը լռություն տիրեց։ Թե՛ վաճառականը և թե՛ երիտասարդը ինքզինքնին նեղված կզգային։

− Կըլլա՞,− հարցուց վաճառականը վերջապես։