Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էֆենտիի հետ ծածուկ բան մը ուներ, այն ատեն կհամոզվիմ, որ ճշմարիտ կխոսիս կոր և անոնք են ստախոսները։

− Ես աս գիտեմ, Միհրանիկ էֆենտի անանկ պարզ բարեկամի պես չէր տեսնվեր տիկին Սաթենին հետ, մանավանդ որ մինակ մնային։

− Մինակ կմնայի՞ն,− հարցուց Շազիկ հետաքրքրությամբ։

− Թոհաֆ բան, Շազիկ հանըմ, չըլլա՞ր որ երբեմն մինակ ըլլան,− ըսավ Սուրբիկ։

− Բայց դուն ըսիր, որ միշտ Նվարդին հետ կուգար այցելության։

− Այո՛, բայց կպատահեր, որ տիկին Նվարդ Մարգար էֆենտիին հետ զբաղած կըլլար և տիկին Սաթենն ալ Միհրանիկ էֆ-ի հետ առանձին կմնային։

− Է՛յ, առանձին մնացած ատեննին ի՞նչ կընեին…

− Ալ բերանս բանալ մի տար։

− Հելե՛, հելե՛, ըսե նայինք։

− Չեմ գիտեր,− պատասխանեց Սուրբիկ, իբր թե ամոթահար՝ ձեռքով երեսը ծածկելով։

Տիկին Շազիկ հասկցավ, որ այդ ճամփուն մեջ ավելի բան մը չպիտի քաղեր, սպասուհիին ըսածները պարզ բամբասանքներ էին՝ առանց որոշ փաստերու։

− Էյ, Միհրանիկ էֆենտիեն զատ ուրիշնեբու հետ ալ ատանկ հարաբերություններ ունե՞ր տիկին Սաթեն,− հարցուց։

− Հարկավ, պատասխանեց սպասուհին հաստատ շեշտով մը։

− Որո՞ւ հետ տեսնենք… արդյոք իմ էրիկս ալ կա՞ անոնց մեջ,− և տիկին Շազիկ քահ-քահ խնդաց։

− Մեղա՜, ատ ի՞նչ խոսք է,− գոչեց Սուրբիկ,− Պողոս էֆենտին ատանկ մարդ չէ։

− Ես կատակ ըրի, էրկանս վրա կասկած չունիմ, միայն թե սա մյուսներու անունները տուր։

− Ո՞ր մեկը ըսեմ։

− Վայ, այդչափ շա՞տ են։ Ինչ որ է, մեկ հատին անունը տուր գոնե։

− Եթե ատանկ գործեր չունենա նե՝ ինչո՞ւ շաբաթը քանի մը անգամ պիտի ձգե Բերա երթա։

− Բերա երթալեն բան չըլլար, դուն ուրիշ բան գիտես նե՝ ըսե՛։