Թեև տարօրինակ չէր լինիր, որ Հայաստանում ևս պատահաբար գտնվեր կրակապաշտական տաճար կամ ատրուշան, քանի որ մեր հին պատմության մեջ գտնվում են հատ ու կոտոր տեղեկություններ, որ մեծամեծ անպտուղ ջանքեր և զոհողություններ եղել են սասանական արքայից արքաների կողմե՝ հայերին կրակապաշտ դարձնելու համար, սակայն հախուռն և առանց դրական փաստերի վճռել և քարոզել միանգամայն աններելի։
Հայ գիտնականին նվիրական պարտականությունն էր մինչև հիմա փոխանակ հեգնանքով լսել անցնել, ճշմարտությունը մամուլի միջոցով տարածել ընդհանուր ժողովրդյան մեջ և վերջ դնել այդ զուտ շահախնդրական առասպելներին։
Այս հարցում ոչ միայն հայ հասարակությունը պետք է ի նկատի ունենալ, այլև այն մեծ թվով օտարազգի գիտնականները և բարձրաստիճան անձնավորությունները, որոնք մեծ մասամբ ծանոթ չեն հայոց պատմության և հին գրականության։ Անոնք հիացմամբ արձանագրում են միամտաբար իրենց հուշատետրին մեջ այս «ցանկալի գյուտը» և բազմակողմանի կերպով վարձատրում են «գյուտարարին» և մամուլի սեփականություն դարձնում թե պատմական անպատվաբեր կեղծիքը և թե կեղծիքը ստեղծագործողի չունեցած արժանավորությունները։
Ահա այս իսկ պատճաոով ես անհրաժեշտ համարեցի, անկախ Զվարթնոցի ամբողջական ուսումնասիրութենես, մի առանձին հոդվածի նյութ դարձնել այս հարցը, ի պատասխան Զվարթնոցում կրակատուն տեսնելու համար ինձ դիմողներին։ Ուստի այստեղ նախ կներկայացնեմ տեղի ամբողջական հատակագիծը՝ տաճարի մասն ևս միասին[1], ծանոթացնելով ընթերցողին Խաչիկ վարդապետի «տրամաբանական» բացատրություններուն և հետո ամբողջական տեսությունս այդ կարևոր նյութի մասին, այսինքն՝ հայոց կրակապաշտության և կրակապաշտական տաճարների մասին։
⁂
Էջմիածնից դեպի արևելք, 3—4 կիլոմետր հեռավորության վրա, կգտնվի հայոց ճարտարապետության ոսկեդար՝ VII դարու մեջ Ներսես Գ կաթողիկոսի, ի հնումն առապար անվանված տեղին վրա կանգնված Զվարթնոց եկեղեցիի ավերակները։
Այս ավերակները, որ ի սկզբան բոլորովին հողով ծածկված էին և արտաքուստ հողից վեր հազիվ նկատելի էին չորս գմբեթակիր սյուներու ծայրերը, <1900> թվականին էջմիածնի միաբան Խաչիկ ծ<այրագույն> վարդապետ սկսել է պեղել այս հռչակավոր ավերակը։ Պեղումներով հայտնագործվեր է ոչ միայն Ներսես Գ-ի կանգնած հոյակապ եկեղեցին, որ ի հնումն բոլոր հայ մատենագիրներե մեծամեծ գովեստներով հիշատակված է, այլև իր գեղարվեստական ու ճարտարապետական հանճարեղ կառուցվածքով հիացում պատճառելով մեր ժամանակի գիտական աշխարհին, մի մեծ տեղ գրաված է գեղարվեստի ընդհանուր պատմության մեջ։ Բացի բոլորակ տաճարեն, հայտնագործվեր են նաև անոր հարավային կողմը ընդարձակ շինությունների մնացորդներ, որոնք ոչ նվազ հետաքրքրական են Զվարթնոցի կառուցման ժամանակի պատմության համար։
Զվարթնոց եկեղեցին գրեթե եզական մի շինություն է, ի նկատի ունենալով անոր կառուցման ժամանակը, միջավայրը և երկրին քաղաքական ու տնտեսական վիճակը։ Անոր հատակագծային ձևը, ճարտարապետական ոճը այնքան ինքնուրույն և Հայաստանի միայն հատուկ է, որ առայժմ թույլ եմ տալիս ինձ այդ ոճը հայկական համարելու, քանի չեն գտնված դեռ անոր նմաններ Հայաստանից դուրս և ավելի հնագույն, քան Զվարթնոցը։ Հայաստանի մեջ այդ ինքնուրույն ճաշակով շինված հուշարձանը միակը չէ. գոյություն ունեն ուրիշ չորս մեծ ու փոքր հուշարձաններ ևս Հայաստանի սահմաններում Զվարթնոցի նմանությամբ շինված, որք են.
1. Զվարթնոց.
2. Բանակի եկեղեցին.
3. Անիի գագկաշեն ս. Գրիգորը.
4. Թավուզքյարի եկեղեցին, որը, ըստ տեղեկատուի, շինությունը վերագրվում է Ներսես Շինողի։
- ↑ Հիշատակված նկարը համարակալված տառերով և թվերով Թորամանյանի արխիվում չլինելու պատճառով դնում ենք նկարները` առանց տառանշանակումների (կազմողներ)