Թիֆլիսցի կինտոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թիֆլիսցի կինտոն

Եղիշե Չարենց


Թիֆլիսցի կինտոն


Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապոկներ հագին
Եվ գահը արել է ֆայտոն։
Նստել է, քշում է բռի,
Վարգում է, ոստնում է, անցնում,
Տիրան է, Ներոն է, բռի
Սփռում է արյուն ու արցունք։

Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ, մակածում,

Որ հետո ահավոր պարպի
Խլացնի որոտներն ամպեղեն
Եվ ինչպես հրաբուխ պայթի,
Հուրհրա լավան հրեղեն,

Շառաչի, հորդանա, հորդի
Արնաներկ գահի վրայով,
Զի բավ է արեւներ մորթի
Այդ կինտոն սարդի ճակատով։

Օ, ե՞րբ է Մսըրը եղել
Մեր հիմքում նման հոր փորող,
Մեզ ոչ ոք այսպես չի նեղել,
Ինչպես այդ հարճորդին կարող։

Սեւ կառքի կառապան լկտի,
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մեր մտքի,
Զրկում է մեզ հունտից ազգային։

Ի՞նչ անի նստվածքը ռամիկ
Կավատի դավից անտեղյակ,
Արեւ էր, դառել է մահիկ,
Աշխարհում՝ մնացել մենակ։

Օ, ո՞ւր եք, աստղեր, արեւներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եվ եղավ չըլսված մի Նեռ
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն։


1937, բանտ