Թշվառներ
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
հեղինակ՝ Գուսան Շերամ |
Ձմեռն եկավ, այն թշվառներ կողոպտված՝
Մնացել են անտուն, անտեր, մերկ, քաղցած.
Նոքա կուլան ցուրտ, ձյունապատ դաշտերում...
Աստվա՛ծ, մի՞թե աչքդ նոցա չէ տեսնում:
Թող քարեր լան նոցա ցավն ու կարիքներ,
Քանի կույր են նորանց համար մեր աչքեր:
Ա՛խ, մեր սրտեր կարծր են քարից, պողպոտից,
Զլանում ենք նոցա լինել կարեկից,
Եվ դու , անգո՜ւթ միլիոնատեր վաշխառու,
Դեռ չես հասնում եղբորդ արցունքը սրբելու:
Թող քարեր լան նոցա ցավն ու կարիքներ,
Քանի կույր են նորանց համար մեր աչքեր: