Թռլոնն ու մուկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկու արշավանք Թռլոնն ու մուկը

Հովհաննես Թումանյան

Զի աստուած ընդ մեզ է․․․


ԹՌԼՈՆՆ ՈՒ ՄՈՒԿԸ


Թռլոնն իջավ խոր ծըմակից,
Մուկը ելավ գետնի տակից,
Պատահեցին ու սեր արին.
     — Ո՛հ, առանց քեզ

Չեմ ապրիլ ես,
Ասավ մուկը սիրահարին։
Թռչնի քնքուշ սիրտը մարեց.
Ու շշնջաց ընդարմացած.
— Ես հավիտյան քոնն եմ, հոգիս,

Տար, ուր կուզես, տիրիր կյանքիս...
Բայց, ա՜խ, թե ինձ դավաճանես,
Էն ժամանակ ի՞նչ անեմ ես...
— Ինչ ես ասո՜ւմ... դավաճանե՜մ...
Էն էլ ես քեզ... ա՜խ, ի՞նչ անեմ,

Էրվում եմ ես—չես հավատում...
Ո՛հ, գութ չունես դու քո սրտում —
Զուր եմ փնտռում, աստված վկա,
Էս կյանքում սեր—չըկա, չըկա...
Ա՜խ, տեր աստված, իմ սրտի մեջ

Ինչո՞ւ դրիր այս հուրն անշեջ։
Լացեց մուկիկն այս ասելով,
Ու գրկվեցին արտասվելով.
— Ով իմ մուկիկ, մեռե՞լ եմ ես,
Որ [թող անեմ] դու արտասվես...

Ահա
(Ու ճաշակեցին սիրո քաղցրությունը)։
Բայց մուկը ով, թռլոնը ով,
Որ իրար հետ ապրեն սիրով։
— Դե ե՛կ, թռլոնն ասավ յարին,

Թռչենք նստենք մոտիկ ծառին,
Անհոգ [տարփենք] ճյուղի վրա,
Վերից շողա կարմիր արև,
Սեր սոսափե ամեն տերև,
Ու մենք սիրենք, սիրենք անվերջ...

— Չէ՛, եկ մտնենք իմ բընի մեջ,
Մութն, առանձին գետնի ծոցում
Սեր վայելենք իմ փափկոցում.
      — Չէ՜, ծըմակում,
      — Չէ՜, իմ բընում,

Մեկը էսպես,
      Մյուսը էնպես
      Ծվծվացին,
      Գվգվացին–
Այնինչ ժամերն անց են կենում,

Բայց [վեճը] դեռ չի վերջանում.
Հո չի լինիլ ընդմիշտ վիճել,
Պետք է մի կերպ վճռել,
Դու պետք է ինձ լսես, թռլոն
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

— Չէ, ասացիր ինձ սիրում ես,
Դու պետք է իմ կամքը անես,
— Ոչ, մի անխելք թռչուն ես դու,
— Դու ի՞նչ գիտես, խելք չունես դու.
— Վա՜յ, խելք չունեմ, ա՜խ, խաբեբա,

Այդպես չէիր խոսում հապա.
Թռար եկար մութ ծըմակից
Ինձ հանեցիր գետնի տակից–
— [Չէ՞ դու եկար ինձ մոտ]
Լիրբ անամոթ,

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
[Բայց չի լինի ընդմիշտ վիճել,
Պետք էր մի կերպ կողմ վճռել―]
Եվ, համբերությունը գուցե հատավ,
Մուկը իրեն բունը մտավ.

Խեղճ թռչնակը ապուշ մնաց
Բընի առաջ մենակ կանգնած,
Սկիզբը դեռ կատակ թվաց,
Ապա տխուր գվգվաց.
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Երբ որ տեսավ դուրս չի գալիս
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ախ, դու խաբեբա, անգութ, դաժան,
Կեղծավոր, լիրբ, դավաճան,
Այդ էր երդումդ, այդ՝ քո սերը,

Խաբեբա են ողջ մկները,
Վայ իմ ծաղիկ հասակին,
[Ու սկսեց վերև թռչել,
Բախտն անիծել ու հառաչել․]
      — Ափսո՜ս, խաբվեցի,

— Ափսոս, կապվեցի,
      — Ա՜խ...
Եվ թռչնակի քնքուշ սրտում
Անբույժ մնաց այն խոր վերքը,
Եվ այսօր էլ [թռչնակը] լուռ ու տրտում

Իրա անբախտ սիրո երգը
[Խոր] անտառի թավ տեղերում
Երգում է դեռ ու հառաչում.
      — Ափսոս, խաբվեցի,
      — Ափսոս, կապվեցի,

— Ա՜խ...


1899