Jump to content

Լճակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Լճակ


Ինչո՞ւ ապշած են, լըճա՚կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՚կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո ւն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու եւ օդ,

Լըճա՚կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ - ըսին».
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-
Մյուսն ալ ըսավ - կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - սա տըղին
Պատռե՚նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․
- Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

1871