Կա՞ արդյոք «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունք միջազգային իրավունքի մեջ կամ Ինչպես միշտ՝ ի՞նչ անել

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կա՞ արդյոք «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունք միջազգային իրավունքի մեջ կամ Ինչպես միշտ՝ ի՞նչ անել

Արա Պապյան


Միանգամից ասենք, որ «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունք միջազգային իրավունքում չկա: ՄԱԿ-ի Կանոնակարգի 2-րդ հոդվածի 4-րդ կետը հռչակում է միմիայն հետևյալը. «[ՄԱԿ-ի] բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի կիրառումից կամ սպառնալիքից, կամ այլ քայլերից, որոնք անհամատեղելի են Միավորված ազգերի նպատակների հետ»: (All Members shall refrain in their international relations from the threat or use of force against the territorial integrity or political independence of any state, or in any other manner inconsistent with the Purposes of the United Nations.) Այս հիմնադրույթը ոչ մի ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականության» պահպանման, այսինքն՝ պետության տարածքի անձեռնմխելիության հետ: Ըստ ԱՄՆ արտաքին հարաբերությունների օրենքի հեղինակավոր մեկնաբանության, այն պարզապես դրույթ է ներխուժման դեմ՝ «ուժի գործադրման արգելք» (prohibition of use of force),[1] և սոսկ կոչ է անում ձեռնպահ մնալ «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետություն գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց» (the use of force by one state to conquer another state or overthrow its government):[2] «Որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ» (against the territorial integrity or political independence of any state) բառակապակցությունը ՄԱԿ Կանոնադրության մեջ է ներառվել որոշ փոքր երկրների խնդրանքով, որպես որոշակի երաշխիք, որ «ուժ չի կարող կիրառվել ավելի ուժեղ երկրների կողմից ավելի թույլ երկրների “տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության” դեմ» (force could not be used by the more powerful states in violation of the “territorial integrity or political independence” of weaker states.)[3] Ակնհայտ է, որ հիշյալ դրույթը հակասության մեջ չէ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հետ և բնավ կապ չունի մտացածին և միջազգային իրավունքի մեջ գոյություն չունեցող, սակայն քաղաքական նպատակներով շահարկվող «տարածքային ամբողջականության պահպանման», այսպես կոչված, սկզբունքի հետ:[4]

Այստեղ կարող է մի օրինավոր հարց առաջանալ՝ ի՞նչ անել: Ի՞նչ անել, երբ միջազգային իրավունքի որևէ հարցի կամ այդ հարցի մեկնության շուրջ տարաձայնություններ են առաջանում: Պատասխանը պարզ է ու հստակ. պետք է դիմել այն մարմնին, որն ունի համապատասխան լիազորություններ և իմացություն տվյալ հարցը մեկնաբանելու և, առավել ևս, դրա վերաբերյալ վճիռ կայացնելու: Միջազգային հարաբերություններում այդ մարմինը Արդարության միջազգային դատարանն է, որն ըստ տվյալ կառույցի Կանոնադրության 36-րդ հոդվածի 2(b) կետի իրավասու է քննության առնելու և որոշումներ կայացնելու «միջազգային իրավունքի ցանկացած հարցի» վերաբերյալ:

Այսօր ակնհայտ է դարձել, որ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող «ժողովուրդների ինքնորշման» սկզբունքը, դրա դրսևորման ձևերն ու խորությունը, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության պահպանման» դրույթը, այս երկուսի միջև իբր գոյություն ունեցող հակասությունը դադարել են զուտ իրավագիտական հարցեր լինելուց: Սրանք հարցեր են, որ հազարավոր մարդկանց կյանքին ու մահվանն են առնչվում:

Առանց նույնականացնելու ըմբռնումները «ժողովուրդների ինքնորոշում» սկզբունքի նկատմամբ, հնարավոր չէ այն կենսագործել: Առանց հստակեցնելու, թե ի՞նչ է նշանակում «տարածքային ամբողջականություն» և ինչքանո՞վ ու ինչի՞ց է այն պահպանվում, հնարավոր չէ Ղարաբաղյան հակամարտությանը լուծում տալ:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ երկրներ, պիտի միասնաբար դիմեն ՄԱԿ-ի դատարանին, որ է Արդարության միջազգային դատարանը, մոտավորապես հետևյալ հարցերով.

  1. Արդյոք միջազգային իրավունքում կա՞ «ժողովուրդների ինքնորոշման սկզբունք»: Եթե այո, ապա արդյոք «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը» տարածվո՞ւմ է արդեն պետականություն ունեցող ազգի տվյալ պետականությունից դուրս գտնվող հավաքականությունների վրա: Եթե այո, ապա արդյոք որևէ սահմանափակում կա՞ այդ ինքնորոշման վրա:
  2. Արդյոք միջազգային իրավունքում կա՞ «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունք: Եթե այո, ապա արդյոք այդ սկզբունքը սահմանափակո՞ւմ է «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»՝ զրկելով ինքնորոշվող հավաքականությանը քաղաքական ինքնորոշման իրավունքից:

Ե՛ւ հայկական կողմերը, և՛ ադրբեջանական կողմը բազմիցս են խրոխտ ձայնով արտահայտվել իրենց դիրքորոշման միջազգային իրավունքի վրա խարսխված լինելու մասին: Սակայն իրենք չէ, որ պետք է որոշեն դա: Մինչևիսկ միջնորդները լիազորված չեն դրա վերաբերյալ որոշումներ կայացնելու: Միջազգային հարաբերություններում դրա համար կա համապատասխան մարմին:

Կարծում եմ՝ հասել է պահը, որ միջնորդները դիմեն կողմերին՝ Արդարության միջազգային դատարանին հասցեագրված համապատասխան հայցադիմումի նախագիծը ներկայացնելու խնդրանքով: Ապա դրանք պետք է միասնականացնել և համապատասխան ընթացակարգով դիմել վերոնշյալ դատարանին: Եթե կողմերից մեկը մերժի, ապա դա կնշանակի, որ նրա բոլոր խոսքերը, թե իր դիրքերը միջազգային իրավունքի վրա են խարսխված, լոկ դատարկ խոսակցություններ են: Ըստ այդմ, միջազգային համայնքը պետք է անի համապատասխան հետևություն: Այդ դեպքում միջնորդ երկրներն իրենք, Արդարության միջազգային դատարանի Կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա և Անվտանգության խորհրդի անունից, վերոշարադրյալ հարցերի հստակեցման հայցադիմումով և խորհրդատվական կարծիքի ակնկալիքով պետք է դիմեն ՄԱԿ-ի դատարանին:

Ինչքան էլ դժվար լինի Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ որոշման կայացումը, անտարակույս կրկնակի դժվար է լինելու դրա կենսագործումը: Հետևաբար, Արդարության միջազգային դատարանի կողմից հակամարտությանն առնչվող էական հարցերի հստակեցումը և դրանց վերաբերյալ որոշումը օրինական (legal) և նպաստավոր հիմք կստեղծի հակամարտության լուծման համար, քանի որ ի չիք կդարձնի ներկայումս որոշ հիմնարար իրավական հարցերի շուրջ առկա կողմերի սկզբունքային տարաձայնությունները:


Հղումներ և ծանոթագրություն

  1. Restatement of the Law (3rd). The Foreign Relations Law of the United States, The American Law Institute, Washington, 1987; v. 2, § 905 (7), p. 389.
  2. Ibid, p. 383.
  3. Goodrich L.M., Hambro E. Charter of The United Nations, Commentary and Documents. Boston, 1949, [2nd rev. ed.], p. 103.
  4. Ավելի հանգամանալից տե՛ս. Պապյան Ա. Ինքնորոշում և այսպես կոչված «տարածքային ամբողջականություն» սկզբունքները միջազգային հանրային իրավունքում (Լեռնային Ղարաբաղի օրինակով), 21-րդ դար, #2, 2010, Նորավանք հիմանդրամ; www.noravank.am/arm/jurnals/details.php?ELEMENT_ID=5189



28 հունվարի, 2011թ.