Կույսին հոգին
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
| Կույսին հոգին հեղինակ՝ Ռուբեն Որբերյան |
Ո՞ւր է արդյոք մանկան հոգին...
―Երկնից ի մեջ անմահից հետ,
Հոն կը ննջե դեռ սիրագին,
Կամ Էին մեջ լինի անհետ...
Ո՞ւր է արդյոք վարդին հոգին,
―Հողմիկին մեջ անուշաբույր,
Կարմիր ամպոց մե՛ջ երկինքին
Կամ շրթանց մեջ սիրահամբույր...
Ո՞ւր է արդյոք կույսին հոգին
―Ամպոց ետև զերդ մի արև,
Կամ աստեղաց մեջ կաթոգին...
Սիրո անհուն երկնից վերև,
կամ պատանվույն լանջքին ներքև...
―Ոհ, հո՛ն է, հո՛ն կույսին հոգին...

