Հարցազրույց «Արմենպրեսին»՝ կաթողիկոսական ընտրությունների առթիվ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տարեկան հաղորդում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստում Հարցազրույց «Արմենպրեսին»՝ կաթողիկոսական ընտրությունների առթիվ

Լեւոն Տեր-Պետրոսյան

1995
Ելույթ Ազգային եկեղեցական ժողովում՝ կաթողիկոսական ընտրության առիթով



[էջ]

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԱՐՄԵՆՊՐԵՍԻՆ»՝ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
[խմբագրել]

(8 մարտի, 1995 թ.)

― Պարոն Նախագահ, ապրիլի 3-ին տեղի է ունենալու Ամենայն հայոց 131- րդ կաթողիկոսի ընտրությունը. պետությունն արդյոք ունի՞ իր տեսակետն այդ առթիվ։

― «Խղճի ազատության» օրենքով եկեղեցին անջատված է պետությունից, այդ պատճառով վերջինս իրավունք չունի միջամտել նրա ներքին գործերին, որպիսին է մասնավորապես կաթողիկոսի ընտրության հարցը։

― Դա իսկապես այդպես է, բայց այնուամենայնիվ Դուք, ոչ որպես Նախագահ, այլ որպես քաղաքացի, որպես հայ, կարող եք արտահայտել Ձեր կարծիքը կաթողիկոսական ընտրությունների կարգի, կաթողիկոսի հավանական թեկնածուների մասին։

― Ոչ միայն կարող եմ, պարտավոր եմ, քանի որ պատմականորեն այնպես է դասավորվել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը ներեկեղեցական խնդրից վերաճել է հույժ կարեւոր ազգային խնդրի։

Դա բացատրվում է այն հայտնի իրողությամբ, որ ազգային պետականության բացակայության պայմաններում Հայ Առաքելական Եկեղեցին, կրոնական հաստատության դերակատարությանը զուգընթաց, դարեր շարունակ հարկադրաբար փոխարինել է նաեւ աշխարհիկ իշխանություններին։ Այս հանգամանքի բնական հետեւանքը պետք է համարել կաթողիկոսի ընտրության արարողակարգում ամրագրված աշխարհական պատգամավորների մասնակցության իրավունքը, որով Հայոց Եկեղեցին էապես տարբերվում է քրիստոնեական մյուս եկեղեցիներից։
[էջ]

― Հայոց պետականության վերականգնմամբ արդյոք դադարե՞լ է Հայ Առաքելական Եկեղեցու ազգային դերակատարությունը։

― Ամենեւին ոչ, թեեւ այս պատասխանը առաջին հայացքից կարող է հակասության մեջ թվալ նախորդ մտքի հետ։ Ճիշտ է՝ պետականության վերականգնմամբ եկեղեցին, ըստ էության, ազատվել է աշխարհիկ իշխանություններին փոխարինելու պարտականությունից, բայց քանի դեռ հայության մի զգալի հատվածը ապրում է Հայաստանից դուրս, նա շարունակելու է պահպանել իր միավորիչ ազգային դերը հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ։ Չխոսած այլեւս այն մասին, որ եկեղեցուն նույնքան կարեւոր դեր է վերապահված նաեւ ազգի հոգեւոր եւ բարոյական դաստիարակության գործում։

― Իսկ ի՞նչ եք մտածում առաջիկա ընտրությունների մասին։ Ո՞վ է, Ձեր կարծիքով, կաթողիկոսի ամենահավանական թեկնածուն, կամ ավելի ճիշտ ձեւակերպելով հարցս՝ ո՞ւմ կգերադասեիք տեսնել կաթողիկոսական գահին։

― 1700-ամյա պատմություն ունեցող Հայոց Եկեղեցին աչքի է ընկել այն գնահատելի առանձնահատկությամբ, որ կաթողիկոսական գահին, համարյա առանց բացառության, բազմեցրել է ժամանակի ամենաարժանավոր հոգեւորականին։ Եթե կաթողիկոսների ընտրության հարցում երբեմն անգամ ծագել են ինչ-ինչ հակասություններ, ապա դա տեղի է ունեցել ավելի օտար միջամտությունների, քան ներքին տարաձայնությունների պատճառով։

Այսօր էլ Սբ. Էջմիածնի միաբանության շարքերում կան կաթողիկոսական գահի արժանի թեկնածուներ, ինչպես՝ Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, Պոլսո պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանը, երիտասարդներից՝ Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, Շիրակի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոսԲունիաթյանը, Նյու Յորքի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը։ Սակայն իր աստվածաբանական պատրաստությամբ, հայագիտական հմտությամբ, դիվանագիտական ընդունակություններով եւ վարչական կարողություններով այսօր Ամենայն հայոց կաթողիկոսի ամե
[էջ]
նաարժանի թեկնածուն, իմ կարծիքով, Կիլիկիո աթոռի հայրապետ Գարեգին Բ Վեհափառն է՝ անառարկելի հեղինակություն թե՛ Էջմիածնի, թե՛ Կիլիկիո աթոռի միաբանական շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հավատացյալ զանգվածներում։

Անձնական արժանավորությունից բացի, այս ընտրությունը, վստահ եմ, կարող է շրջադարձային դեր խաղալ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական միասնության վերականգնման, ինչպես նաեւ ավելի լայն առումով՝ Հայաստան – Սփյուռք հարաբերությունների կարգավորման հիրավի համազգային գործում։ Այսպիսի վստահության հիմք է տալիս, մասնավորապես, վերջին տարիներին, երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի հետ համագործակցաբար, Գարեգին կաթողիկոսի ծավալած նպատակասլաց գործունեությունը թե՛ Եկեղեցու միասնության վերականգնման, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպման ուղղությամբ։

― Եթե, իհարկե, գաղտնիք չէ, ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Հայ Առաքելական Եկեղեցու միասնության վերականգնման գործընթացը։

― Չպետք է կարծել, անշուշտ, որ դա կարող է տեղի ունենալ միանգամից. Կիլիկիո աթոռը, որպես պատմական հաստատություն, թերեւս դեռ երկար ժամանակ կպահպանի իր գոյությունը, սակայն դրա հետ մեկտեղ՝ անվերապահորեն ընդունելով Էջմիածնի գերակայությունը եւ աստիճանաբար սահմանափակվելով իր նախնական եկեղեցական վիճակներում՝ Լիբանան, Սիրիա, Կիպրոս։ Բոլոր դեպքերում Գարեգին կաթողիկոսը հարմարագույն անձն է՝ այս դժվարին գործընթացը սկսելու ունակ, եւ հավատացած եմ, որ Հայ Եկեղեցու սպասավորները չեն կորցնի ընձեռված պատմական պատեհությունը։

«Հայաստանի Հանրապետություն», 8 մարտի, 1995 թ.։
Հարցազրույցը՝ Աշոտ Անտինյանի («Արմենպրեսի» տնօրեն)։

Հրատարակված՝ «Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ամենաարժանի թեկնածուն Գարեգին Բ Վեհափառն է» վերնագրով։