Հովոտ գիշեր
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
| Հովոտ գիշեր հեղինակ՝ Մատթեոս Զարիֆյան |
Մոմըս տակավ կը մարի
― Հոգիս դատա՛րկ է նորեն ―
Գիշերվան հովն ուժգնորեն
Հին ցավերուս կը փարի...
Մտածումներս կը հատնին.
― Հոգիս դատա՛րկ է նորեն ―
Ցուրտ բարձերուն ծայրերեն
Ցավոտ հուշեր կը ծընին...
Սիկառս հուշիկ կը սպառի.
― Հոգիս դատա՛րկ է նորեն ―
Կապույտ ծուխը հեղգորեն
Կ'երազկոտի, կը ցնդի...
Միտքս ՈՉին կը հարի.
― Հոգիս դատա՛րկ է նորեն ―
Գիշերվան հովն ուժգնորեն
Ա՛լ ցավերուս թող փարի,
Մոմըս սակավ կը մարի...

