Հորիզոնը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկինքը դեպի իր խորքն է գնում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Հորիզոնը)

Վարդան Հակոբյան

Հեթանոսական
ՀՈՐԻԶՈՆԸ


                Գնա սարերը, մանկացիր,
                նորից մեծացիր ու սպասիր... Ի՛նձ սպասիր
                Թումբի վրա, գալու եմ հարսնախոսության...
Անիմանալի զգացումի պես հորիզոնը
հռշնել է,
եւ ես Թումբի վրա փորձում եմ գտնել ակունքը
իմ եւ այս շենի հարազատության,
որ ավելին է,
քան սերը,
թեպետեւ սիրուց ավելին ոչինչ չի լինում,
ինչպես
հուշում է անկապ բառերով արեգակը՝
դեռ նոր ծագող։
Արահետը Թումբին նստել է
այն ձեւով,
որն անընդունելի է համարվում աղջիկների համար,
որոնք թիթեռնիկների հետ խաղից չեն կշտանում երբեք,
որոնք եղեգներից ու խոտերից տարբեր զգեստներ են հյուսում
ու գլխարկներ,
որոնք ինձանից մի քանի մանկություն հետո հավաքվել
եւ մեռած ճնճղուկին
ամփոփել են հողում,
որոնք հոնգուր-հոնգուր լաց են եղել ծիտիկի համար,
որոնք ընկեր-տղեկներից արագ են մագլցում ծառը
ու այդ պատճառով հանդիմանանք ստանում
տատիկներից,
որոնք մի թերթիկ՝ մի թփից, մի տերեւ՝ մի խոտից,
մի շողի անդրադարձ մի առվից առնելով,
իրենց համար խոշոր-խոշող աչքեր են հորինում,
հորինում են անիմանալի հազար-հազար բաներ։
Ասենք, թեկուզ՝ Թումբի մանկախաղերում մոռացված
տիկնիկը՝ զիզի-բիզի փալաս-փուլուսների մեջ,
ով գիտե, քանի՞ տարի է,
ճոճքում ննջում է հեքիաթի արքայադստեր նման
(չգնա՞մ թաքուն համբուրեմ աչքերը, թե՞ քնից
                                    կարթնանա հանկարծ)։
Ես Թումբն եմ հասել առավոտի միջով Աստծո
ու վաղ վառվող
կրակը՝ թոնրատան պատերի ճեղքերով,
ինձ լեզու է ցույց տալիս՝
սերը խոստովանելու բառեր չունեցող աղջնակի նման։
Ես հայացքով մտնում եմ թոնրատունը երգերի.
ծհանը, մայրիկի ձեռքին,
լեռների վրայով ձգվում է դեպի երկնքի կողին շիկացող արեւը...
- Մա՜...
Պատերին կուտակ-կուտակ դարսված թոնրացախի
վրայով աչքերը սլանում են լեռների հեռուն,
ուր քիչ առաջ
նրանց բան հուշեց մի թավ ու ձիգ վրնջոց,
որը անպայման ջրի չէր, արեւի չէր, զամբիկի՛ էր։
Աջղամուղջի մեջ վաղորդյան ես տեսա՝ թթենիների
ճյուղերի արանքով,
տերեւների արանքով,
ասվող-չասվող խոսքերի, մտքերի ու ցավերի արանքով,
ինձ տնավարի կանչող ձեռքը, որ ասես
բակի ծառերից մեկի,
սարերից մեկի ուսերից էր կախված...
- Եկա...
Եվ ցավը, որ մտել է այս շենը ու ոտքը տնկել
նաեւ այս Թումբի վրա,
որ արկերի պայթյուններ ու բեկորներ է թողել չորս ծագերում,
հանկարծ դառնում է սուտ,
երբ, ծմակից դուրս, ճանապարհի ծայրին
երեւում է հայրիկը՝
ձիու վրա նստած, կեռ քթով ցաքհատը ձեռքին,
երբ նրան ընդառաջ վազող աղջնակի ոտնաձայների վրա,
ճանապարհի երկու կողմերից,
երկինք են նետվում հազար-հազար-հազար ճնճղուկներ,
հազար-հազար-հազար ծաղկաթեւիկ թիթեռնակներ...
Ես կանգնել եմ Թումբի վրա եւ շատ կամաց,
անչա՛փ կամաց, անասելի կամաց,
        որ չլսեմ անգամ ինքս,
շշնջում եմ մի սուրբ անուն։
Հորիզոնը ինձ նայում է հեռու մանկության նման։

Հ.Գ.
Ես շրջում եմ դեմքս դեպի տունը բացված
պատշգամբով, այդ պահին
մի զույգ ձեռք մտերմորեն աչքերս է փակում իմ ետեւից.
- Ո՞վ եմ, ասա՛... Թե իմացար՝ բա՜ց կթողնեմ...
- Ո՞նց չէ, գիտեմ, հորիզո՜նն ես, որ ապրում է
                                            Թումբի վրա։