Մեր գրական վարք ու բարքից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր գրական վարք ու բարքից

Հովհաննես Թումանյան

[ 113 ]

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ՎԱՐՔ ՈՒ ԲԱՐՔԻՑ

Մեր լրագիրները փեշակ են շինել հալածել ու հայհոյել գրականությունն ու գրողներին, իհարկե, միշտ քննադատության անունով, գրականության վրա սրտացավ հսկողի հավակնությամբ, միշտ անաչառություն աղաղակելով։ Շատ հետաքրքրական բան դուրս կգար, եթե մի ձեռնհաս մարդ քններ այս տխուր երևույթը, ցույց տար, թե ինչ շարժառիթներից է առաջ եկել, ինչպես է արտահայտվել կամ ինչ միտք է ունեցել այս թշնամական վերաբերմունքը, որ միշտ անցել է հասարակ մարդավարության և տանելի դատողության սահմաններից։

Այդ կողմից միշտ է աչքի ընկել Մշակ լրագիրը, բայց վերջերս Նոր-Դարը ճգնում է անպատճառ նրանից էլ խիստ ու խելոք երևալ։ Գրականության մասին խորհրդածություններ է անում, հարցեր է տալիս ու իրան իրան պատասխանում։ Իհարկե, շատ անմխիթար պատասխաններ, հուսահատական եզրակացություններ, նախատինքներ ու խրատներ, մեկը մյուսից ավելի անհեթեթ ու անճոռնի։ Վերցնենք հենց վերջին առաջնորդողները, որոնց մեջ լրագիրը խոսում է գրողների ու գրականության մասին։

№ 39–ի առաջնորդողում, որ կրում է Կանոնավոր կրթությունն է պակասում վերնագիրը, լրագիրն ասում է. «Մեր մեծ համարված, բայց իսկապես շատ փոքրիկ տաղանդի տեր բանաստեղծները, դրամատուրգները (դրամատուրգնե՛րը), վիպասանները իրենց փառքը որոնել են հայի մեջ միմիայն պակասություններ տեսնելով, նրա հոռի ու տգեղ կողմերը մեծացնելով ու աշխարհքի առաջ ծաղրի առարկա շինելով հային և հայի անունը»։ «Իրանց այս ընթացքով նրանք [ 114 ] վնասել են ժողովրդի զարգացման գործին և հուսահատեցրել են»։ «Եվ ի՞նչու»․․․ հարց է տալիս լրագիրն ու պատասխանում. «Որովհետև զուրկ են եղել կանոնավոր և հիմնավոր կրթությունից, որովհետև բոլորն էլ մեծ տիրացուներ են եղել, սկսած հենց Ստեփաննոս Նազարյանցից, որոնց հորդորել են, նոր ժամանակի պահանջին համեմատ, միջազգային տիրացուները»։

Խոստովանք լինի, այս վերջին տողերը ես լավ չեմ հասկանում։ Մենք գիտենք, որ Նոր-Դարը միջազգային տիրացուներ հակառակ կուսակցության մարդկանց է անվանում, բայց այստեղ ի՞նչ բան ունի Ստեփաննոս Նազարյանցը, ո՞վ է նրան հորդորել։ Այս անախրոնիզմն էլ, երևի, արել է այդ կուսակցության հիմքին զարկելու համար, և սրանից պետք է հասկանալ այն խոսքերի արժեքը, որոնցով մի ուրիշ առաջնորդողում աղաղակում է, թե ինչ որ ունեցել ենք՝ առաջ է եղել։ Այս մի շատ խավար ու տմարդի ձև է, որ ընդունակ է ամեն բան խառնաշփոթ անելու, նույնիսկ պարզ հասկացողություններն ու տրամաբանությունը և այսպիսի աբսուրդներ ասելու, թե ով որ հարձակվում է իր ազգի պակասավոր կողմերի վրա, նա տիրացու է։— Ինչո՞ւ. որ հայ գրողներին ասի տիրացուներ։ Բայց այս մարդիկ եթե երկու խոսք են ասում, մեջը երեք հանցանք կա անպատճառ։ Նույնպես և այդ նախադասությունը, բացի այն, որ մի մութ մտքով արած անախրոնիզմ և մի այլանդակ աբսուրդ է, միաժամանակ իր մեջ պարունակում է անխիղճ զրպարտություն. իբրև թե գրողները հայի մեջ միմիայն պակասություններ են տեսել, հոռի ու տգեղ կողմերն են մեծացրել ու ծաղրել աշխարհքի առաջ և վնասել են ժողովրդի զարգացման գործին։ Բայց բանն ասելը չէ, բանը ապացուցանելն է. ցույց տվեք տեսնենք մեր ո՞ր բանաստեղծը միմիայն հայի հոռի կողմերը երգեց, որ արժանացավ ձեր այսօրվա նախատինքին։ Ի՞նչպես չեք պատկառում Ալիշանի Նվագներից, ի՞նչպես չեք քաշվում Գամառ-Քաթիպայի ազատ երգերից, ի՞նչպես չեք ամաչում Պեշիկթաշլյանի աղու մրմունջներից, Շահազիզի ու Դուրյանի գործերից։ Գուցե նոր բանաստեղծներն են այդպիսի հրեշավոր երգեր երգել, ցույց տվեք տեսնենք ով է նա։ Մի՞թե մեր միակ