Մշեցոց նոր սերունդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մշեցոց նոր սերունդ

Ռափայել Պատկանյան


Երբոր մայրը երկունքով
Աշխարհ բերե երեխա,
Հայրը որդուն մի սըրած
Պիտի դաշույն տա ընծա։

Երբ երեխան մեծանա,
Խաղալիքներու փոխան՝
Հայրը ձեռքը պիտի տա
Մի մահաբեր հըրացան։

Երբոր տըղին վարժատուն
Գա ժամանակ երթալու,
Նախ՝ սուր խաղցնել, և ապա
Պիտ սովրեցնունք կարդալու։

Կարդալ-գըրել լավ բան է․․․
Բայց որ հասավ քննություն՝
Աշակերտին հարցուցե'ք —
Վոթել գիտե՞ նա արյուն։

Լոկ դուք այսպես հուսացեք
Փըրկել խղճուկ Հայաստան․․․
Ազատ, անկախ մարդ երբեք
Լինելու չէ՛ մուրացկան։

1879