Նամակ Ջուլիա Փուշմանին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Ջուլիա Փուշմանին

Զապել Եսայան

1931, ապրիլի 25, Բարիզ


Ջուլիա Փուշմանին[1]

Կպատրաստվեի քեզ գրելու, երբ այս առավոտ ստացա ամուսնույդ նկարահանդեսի հայտագիրը[2]։ Դժբախտաբար միայն ցուցակը ալքե անցնելով պիտի բավականանամ և միակ լուսանկարը, որ կա մեջ, մտածել կուտա ինձ, որ պարոն Փուշման, ինչպես միշտ, այս անգամ ալ հաջողած է խլել բազմախորհուրդ արևելքի խոր գաղտնիքներեն մի քանին և կտավին վրա սևեռել գույներու այն ուղու համանվագը, որ իր հոգիին մեջ ունի։ Կմաղթեմ իրեն այն լայն ու ամբողջական հաջողությունը, որուն այնքան արժանի է և որը ամեն բանե առաջ իրեն պիտի տա բարոյական բավականություն։ Մեծ հույս ունիմ նաև, որ այդ ցուցահանդեսեն հետո կորոշեք Բարիզ գալ[3]։ Եվ ինչպե՞ս այս տարի Բարիզ չի գաք, երբ գաղութային ցուցահանդեսը դեպի ի Բարիզ կքաշե ամեն երկրներե մեծ բազմություններ։

Մեծապես կհուսամ, որ քու նամակդ այդպիսի լավ լուր մը պիտի բերե ինձ։ Նախորդ նամակումս մանրամասն գրեր էի իմ աշխատության ծրագիրներուս վրա։ Միշտ կշարունակեմ աշխատիլ և հույս ունիմ, որ հանգրվանե հանգրվան պիտի հասնիմ նպատակիս։ Դժվարություններ շատ կան, բայց ի՞նչ մարդ կըլլայի, եթե դժվարություններու առաջ կանգ առնեի և ո՞վ չունի կամ չէ ունեցած դժվարություններ։

Սոֆիս և Հրանտս լավ են և առողջ[4]։ Սոֆին միշտ իր պաշտոնին վրա է և Հրանտս ուսումը կշարունակե։ Երկու տարիեն կհուսամ, որ հաջողի դառնալ Jhdenieur chimique և ես ալ շունչ կառնիմ։ Ձեր զավակները ինչպե՞ս են։ Կհուսամ, որ հանգիստ են և գոհ իրենց զբաղումներեն։

Սիրելի Յուլիաս, մի մոռնար ինձ և անմիջապես գրե։ Հիշե Սկյուտարի վարդաշատ պարտեզները ու ծաղկյալ ու բուրումնավետ ճամբարները, որոնց վրայեն անցած ենք հույսերով և երազներով լեցուն։ Այն Սկյուտարը, որ կար, չիկա այլևս, բայց միայն մեր հիշողության մեջ և երկուքով հիշել և պահպանել մեր կյանքի գեղեցկագույն պահերը անքակտելի կապ մըն է[5]։ Միշտ, երբ կվերհիշեմ իմ պատանեկական տարիներս, կհիշեմ և քեզ, որովհետև այդ ժամանակներեն, բառին իսկական իմաստով, մնացած ենք ես և դուն։ Շատ սիրալիր և հարգալիր բարևներ Ձեր ամուսնույն և զավակներուն և շատ ջերմ համբույր քեզ։


Զապել Եսայան

Նշումներ[խմբագրել]

  1. Հովսեփ Փուշմանի կինը՝ Յուլիան (Ջուլիետ), Արուս Ոսկանյանը և Զ․ Եսայանը մտերիմ ընկերուհիներ էին։
  2. Խոսքը ամերիկահայ անվանի նկարիչ Հովսեփ Փուշմանի ցուցահանդեսի հայտագրի մասին է, որ Զ․ Եսայանին էր ուղարկվել Նյու Յորք։
  3. Հովսեփ Փուշմանը հաճախ էր ցուցահանդեսներ կազմակերպում Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում և ամենուրեք արժանանում մեծ ընդունելության։
  4. Զապել Եսայանի դուստրը և որդին։
  5. Զ․ Եսայանի մանկական հիշողությունները և հայրենի բնության նկարագրությունը իրենց մարմնավորումը գտան նրա «Սիլիհտարի պարտեզները» հուշագրության մեջ, որն առանձին գրքով լույս տեսավ 1935 թ․ Երևանում։