Սպանություններ Մորգ փողոցում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սպանություններ Մորգ փողոցում

Էդգար Ալան Պո

[ 8 ]
ՍՊԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՄՈՐԳ ՓՈՂՈՑՈՒՄ
Թվում է, թե չկա ավելի առեղծվածային

հարց, քան այն, թե ինչ երգ էին երգում ջրահարսերը,
և կամ ինչ անվան տակ էր կանանց
մեջ թաքնվել Աքիլլեսը՝ և այնուհանդերձ
այդ հարցերը բոլորովին անլուծելի չեն։

Սըր Թոմաս Բրաուն


Մտքի այսպես կոչված վերլուծական կարողություններն ինքնին վերլուծության համարյա թե չեն ենթարկվում։ Մենք այդ կարողությունները գնահատում ենք միայն ըստ նրանց արդյունքի։ Հայտնի է նաև, որ վերլուծական արտակարգ ընդունակությունների տեր մարդիկ խորին բավականություն են ստանում իրենց այդ շնորհից։ Նման այն մարզիկին, որը զմայլվում է իր մկանների վարժությամբ, վերլուծող մարդն անկեղծորեն վայելում է որևէ բան պարզելու կամ լուսաբանելու ամեն մի հնարավորություն։ Նա առիթը բաց չի թողնում զբաղվելու ցանկացած, նույնիսկ ամենաչնչին գործով, որը կարող է ի հայտ բերել իր օժտվածությունը։ Նա շատ է սիրում տարբեր հանելուկներ, առեղծվածներ ու գաղտնագրեր լուծել, դրսևորելով մտքի այնպիսի սրություն, որը բանից անտեղյակ մարդուն գրեթե գերբնական է թվում։ Այն արդյունքները, որոնց նա այդպիսով հասնում է, հիրավի ներհայեցողության կատարյալ օրինակներ են թվում, թեև միշտ հիմնված են սթափ մեթոդի էության ու ոգու վրա։

Ցանկացած հարց լուծելու այդ կարողությանը մեծապես նպաստում է մաթեմատիկայով, և մանավանդ նրա այն բարձրագույն ճյուղով զբաղվելը, որն իր գործողությունների հետադարձ բնույթի շնորհիվ, թերևս par excellence[1] կոչվում է անալիզ։ Ընդ որում, հաշվարկել դեռ բնավ չի նշանակում վերլուծել։ Շախմատ խաղացողն օրինակ ավելի շուտ հաշվում է, քան վերլուծում, և հարկ է նշել, որ այդ խաղի, որպես մտածելակերպը զարգացնող զբաղմունքի, վայելած համբավը սոսկ թյուրիմացություն է։ Ի դեպ ասեմ, որ ես այստեղ բնավ քննախոսություն չեմ սկսում, այլ պարզապես փորձում եմ իմ հատուկենտ դիտարկումներով [ 9 ] ներածել այս յուրօրինակ պատմությունը։ Առի֊թից օգտվելով պիտի ավելացնեմ, որ բոլորին ծանոթ հասարակ տամախաղը խորհելու ունակությունների շատ ավելի մեծ լարում է պահանջում, քան. խրթին և նրբախնդիր շախմատը։ Վերջինիս քարերը տարարժեք են և բոլորովին տարբեր ու քմահաճ քայլեր ունեն, և բարդությունը տվյալ դեպքում թյուրիմացաբար (սա բավական տարածված մոլորություն է) ընկալվում է որպես խորություն։ Այնինչ այստեղ ամեն ինչ վճռում է ուշադրությունը, և ցանկացած անփութություն կարող է մեծ կորուստների և նույնիսկ պարտության հասցնել։ Քանի որ շախմատի քայլերը ոչ միայն բազմազան են, այլև տարարժեք, նման վրիպումների հավանականությունը մեծապես աճում է, և տասից ինը դեպքում հաղթում է ոչ թե ավելի ընդունակ, այլ ավելի ուշադիր և կենտրոնացած խաղացողը։ Այլ բան է տամախաղը,ուր, աննշան շեղումներով, միայն մեկ քայլ կա, և ուշադրությունն այնքան մեծ դեր չի խաղում։ Այստեղ վրիպելու հավանականությունը նվազագույն է, և առավելությունը ստանում է նա, ով ավելի նրբամիտ է։ Պարզության համար պատկերացնենք մի խաղ, ուր միայն չորս տամա է մնացել և ոչ մի վրիպման մասին արդեն խոսք լինել չի կարող։ Ակնհայտ է, որ հավասար ուժերի դեպքում այստեղ կհաղթի այն խաղացողը, որը մի նոր, անակնկալ ու սրամիտ քայլ կգտնի։ Ուրիշ ելք չունենալով, վերլուծող մարդն աշխատում է իրեն նույնացնել հակառակորդի հետ, թափանցել նրա հոգու խորքը, և այսպիսով հաճախ մի հայացքից գուշակում է այն միակ և երբեմն անհեթեթության չափ պարզ քայլը, որով թակարդն է գցում իր ախոյանին:

Վիստը վաղուց ի վեր ճանաչված է որպես հաշվողական ընդունակությունները զարգացնող խաղ, և շատ մեծատաղանդ մարդիկ թվում է, թե անբացատրելի սեր են տածել նրա հանդեպ քամահրելով շախմատը որպես փուչ զբաղմունք։ Իսկապես, ուրիշ ոչ մի խաղ վերլուծական այդպիսի աշխատանք չի պահանջում, ինչպես վիստը։ Աշխարհիս մեծագույն շախմատիստն ընդամենը լավ շախմատիստ է, մինչդեռ վիստի վարպետը կարող է հաջողության հասնել կյանքի ցանկացած բնագավառում, որտեղ միտքը մրցում է մտքի հետ: Վարպետ ասելով հասկանում ենք նրան, ով կատարելապես տիրապետում է հաղթանակի հասցնող բոլոր օրինական միջոցներին։ [ 10 ] Այդ միջոցները շատ են ու բազմազան և հաճախ մտքի այնպիսի լարում են պահանջում, որ երբեմն պարզապես անմատչելի են շարքային խաղացողի դատողության համար։ Ով ընդունակ է ուշադիր հետևել, կարող է նաև լավ հիշել, և ամեն մի աչալուրջ շախմատիստ այսպիսով ի վիճակի է վիստ խաղալ, մանավանդ, որ խաղի տարրական օրինաչափությունների վրա հիմնված Հոյլի խրատները բավական պարզ են ու հանրամատչելի: Այսպիսով, վիստ խաղալու համար, ըստ տարածված կարծիքի, բավական է լավ հիշողություն ունենալ և անգիր անել ձեռնարկը։ Հենց այստեղ է, որ երևան է գալիս վերլուծողի արվեստը, որը դրսևորվում է կանոններով չնախատեսված ոլորտներում։ Նա անթիվ֊անհամար դիտարկումներ ու հետևություններ է անում, առանց բերանը բանալու։ Գուցե մնացած խաղացողները հենց նույն բանն են անում, բայց տվյալ դեպքում ստացված տեղեկությունների արժեքը որոշվում է ոչ այնքան հետևությունների հուսալիությամբ, որքան դիտարկումների որակով։ Կարևորն իմանալն է, թե ինչին նայել։ Այստեղ մեր խաղացողն իրեն ոչնչով չի կաշկանդում, ու թեև նրա անմիջական խնդիրը հենց խաղն է, նա չի վարանում հետևություններ անել ցանկացած այլ աղբյուրից։ Զննում է խաղընկերոջ դեմքը և այն բաղդատում մրցակիցների դեմքերին, ուշադրություն է դարձնում թղթերը բռնելու ձևին և հաճախ, փոխադարձ հայացքներից ելնելով, իրար ետևից գուշակում բոլոր հաղթաթղթերը։ Նա ուշադիր հետևում է բոլորի դիմախաղին, մտապահելով վստահության, զարմանքի, ցնծության կամ զայրույթի իրար փոխարինող բոլոր երանգները: «Ձեռքը» տանելու եղանակից նա իսկույն հասկանում է, կհետևի՞ դրան մյուսը, թե ոչ։ Թուղթը նետելու ձևից նա իսկույն կռահում է, որ հակառակորդը խաբուսիկ քայլ է անում։ Ակամա ասված խոսքը, բացված թուղթը և այն ծածկելու վախվորած կամ անվրդով ձևը, ձեռքերի հաշվելն ու դրանց կարգը, շփոթմունքը, վարանումը, անհամբերությունն ու տագնապը՝ ոչինչ չի վրիպում նրա թվացյալ անտարբեր հայացքից, բացահայտելով խաղի իրական վիճակը։ Մի երկու պտույտից հետո նա արդեն ամեն ինչ գիտի, և այնպիսի վստահությամբ է նետում իր թուղթը, կարծես թե բոլորն արդեն բացված են։

Վերլուծման շնորհը պետք չէ շփոթել սովորական հնարամտության հետ, վերլուծող մարդը չի կարող հնարամիտ չլինել, այնինչ հնարամիտը մեծ մասամբ ընդունակ չէ վերլուծել: [ 11 ] Հորինելու և բաղադրելու ձիրքը, որը կազմում է հնարամտության հիմքը և որին գանգաբանները (ըստ իս՝ բոլորովին անհիմն) հատուկ օրգան են հատկացրել, երբեմն նկատվում է նաև այնպիսի մարդկանց մոտ, ում բանականությունը մնացած բոլոր ոլորտներում սահմանակից է բթությանը։ Այդ փաստը բազմիցս արժանացել է մարդկային բարքերով հետաքրքրվող գրողների ուշադրությանը։ Հնարամիտ և վերլուծող կերպարների տարբերությունը նույնիսկ ավելի խորն է, քան այն, որն անջատում է երևակայությունը ցնորաբանությունից, չնայած այդ տարբերությունները նույն բնույթն ունեն։ Փաստորեն դժվար չէ նկատել, որ հնարամիտ մարդիկ մեծ մասամբ հակված են երազել, մինչդեռ իսկապես վառ երևակայությամբ օժտվածները միշտ էլ վերլուծական նկարագիր ունեն։

Հետևյալ պատմությունը ընթերցողին կներկայանա որպես վերը շարադրված դիտողությունների յուրօրինակ մի մեկնաբանություն։ 18... թվականի գարունը և ամռան որոշ մասը ես անցկացրի Փարիզում, ոմն մսյո Օգյուստ Դյուպենի հետ։ Այդ երիտասարդ պարոնը սերում էր մի ճանաչված, ես կասեի նույնիսկ հռչակավոր ընտանիքից, բայց տարաբախտ հանգամանքների բերումով այն աստիճան ողբալի դրության էր հասել, որ կորցրել էր իր բնական եռանդն ու ձգտումները և թողել էր իր երբեմնի կարողությունը վերադարձնելու բոլոր փորձերը։ Վարկատուների սիրալիության շնորհիվ նա դեռ տնօրինում էր հայրական ժառանգության մի չնչին մասը, որի տոկոսներով մի կերպ քարշ էր տալիս իր անպաճույճ կենցաղը։ Միակ շռայլությունը, որ նա իրեն թույլ էր տալիս, գրքերն էին, իսկ գրքասիրությունը Փարիզում բավական մատչելի հաճույք է։

Առաջին անգամ մենք հանդիպեցինք Մոնմարտրի փոքրիկ գրախանութներից մեկում և իսկույն ծանոթացանք, որովհետև բախտի բերումով երկուսս էլ միևնույն հազվագյուտ գիրքն էինք փնտրում։ Դրանից հետո մենք բավական հաճախ էինք հանդիպում։ Ինձ շատ հետաքրքրեց Դյուպենի տոհմի պատմությունը, որը նա ինձ պատմեց իր մասին խոսող յուրաքանչյուր ֆրանսիացուն հատուկ կատարյալ անկեղծությամբ։ Ինձ ապշեցրեց նաև նրա սպառիչ կարդացածությունը և թարմ ու պայծառ երևակայության ջահելական ավյունը։ Ես այն ժամանակ Փարիզում հատուկ հետաքրքրություններ ունեի և այդպիսի մի մարդու [ 12 ] ընկերությունն ինձ համար մեծ պարգև կլիներ, ուստի և անկեղծորեն խոստովանեցի նրան այդ ամենը։ Մենք որոշեցինք, որ իմ Փարիզում եղած ժամանակ կապրենք միասին, և քանի որ իմ նյութական վիճակը փոքր֊ինչ ավելի լավ էր, ես առաջարկեցի տուն վարձել։ Մեր ընտրած տունը Սեն Ժերմեն արվարձանի խարխուլ ու արտառոց մի շինություն էր, վաղուց լքված ինչ֊որ սնապաշտ նկատառումներով, որոնց բնույթի մեջ մենք չխորացանք։ Մենք այն կահավորեցինք ըստ մեր ընդհանուր, բավական մռայլ ու մելամաղձոտ ճաշակի։ Եթե աշխարհն իմանար, թե ինչպես էինք մենք այնտեղ ապրում, մեզ անկասկած խելագարի տեղ կդնեին, թեև ոչ վտանգավոր խելագարի։ Մենք ոչ ոքի հետ չէինք շփվում և այցելու չէինք ընդունում։ Ես իմ նոր հասցեն թաքցրել էի բոլոր նախկին ծանոթներից, իսկ Դյուպենը վաղուց արդեն կտրել էր իր կապերը Փարիզի հետ, ասենք Փարիզն էլ նրան առանձնապես չէր հիշում։ Մենք ապրում էինք ներանձնացած, սոսկ ինքներս մեզ համար։

Իմ ընկերոջ ցնորական հակումներից մեկը (չգիտեմ ինչպես այն կոչեմ) նրա սիրահարվածությունն էր գիշերվան, և ես, գլուխս կախ, համակերպվեցի այդ և շատ ուրիշ նման bizarreriei[2]֊ների հետ, անձնատուր լինելով նրա քմայքներին: Քանի որ գիշերվա թխադեմ աստվածուհին պարբերաբար լքում էր մեզ, մենք սովորեցինք կեղծել նրա ներկայությունը։ Լույսը բացվելուն պես մենք փակում էինք բոլոր փեղկերը և մի քանի աղոտ ու թրթռուն լույս արձակող բուրավետ մոմ էինք վառում։ Սրանց լույսի տակ երազում էինք, կարդում, գրում կամ զրուցում, մինչև որ ժամացույցն ազդարարում էր իրական խավարի գալուստը։ Այդ ժամանակ մենք, ձեռք֊ձեռքի տված, տնից դուրս էինք գալիս, որպեսզի շարունակենք մեր ցերեկվա զրույցը, կամ թափառում էինք մինչև ուշ գիշեր, մեծ քաղաքի լույսերի խաղում փնտրելով այն անգերազանցելի հաճույքը, որը շնորհում է մտքին լուռ և խաղաղ հայեցողությունը։

Նման պահերին ես անկեղծորեն հիանում էի Դյուպենի վերլուծական յուրովի ընդունակություններով, չնայած գիտեի, որ նրա հայեցողական նկարագրից դժվար էր ուրիշ բան սպասելը։ Հավանաբար նա ինքն էլ մեծ հաճույք էր ստանում իր մտավարժություններից, [ 13 ] անկեղծորեն խոստովանելով, որ շատ է սիրում գործի դնել, եթե ոչ ցուցադրել, իր այդ ձիրքը։ Հաճախ նա քմծիծաղ տալով պարծենում էր, թե մարդիկ իր համար ոչ մի գաղտնիք չեն ներկայացնում, և իսկույն հաստատում էր իր ասածը, ապշեցուցիչ փաստեր վկայակոչելով իմ ներաշխարհից: Այսպիսի պահերին նա սառն ու վերացական տեսք էր ընդունում, աչքերն անորոշ արտահայտություն էին ստանում, իսկ թավ և հյութեղ ձայնը ճչան էր դառնում ու թերևս անբնական թվար, եթե չլիներ նրա խոսքի հստակ առոգանությունն ու շրջահայաց տոնը։ Նրան այդ վիճակում տեսնելիս՝ ես հաճախ հիշում էի Երկփեղկված հոգու հինավուրց ուսմունքը, և երկու Դյուպեն էի պատկերացնում՝ արարող և տարալուծող։

Թող ձեզ չթվա, թե ես ուզում եմ իմ ընկերոջից ինչ֊որ առեղծված կամ հեքիաթ սարքել։ Ֆրանսիացի բարեկամիս վերը հիշատակված գծերը պարզապես գերզգայուն կամ, եթե կուզեք, անառողջ բանականության դրսևորումներ են։ Բայց նրա մտածելակերպի մասին լավագույն պատկերացում կարող է տալ միայն հետևյալ օրինակը։

Մի օր երեկոյան մենք զբոսնում էինք Պալե Ռոյալի մոտակայքում գտնվող արտակարգ երկար ու կեղտոտ մի փողոցով: Երկուսս էլ մտազբաղ էինք և առնվազն քառորդ ժամ ոչինչ չէինք խոսել։ Հանկարծ Դյուպենն ասաց.

— Հիրավի այդ խլեզն ավելի կսազեր Théâtre des Variétés֊ին:

— Իսկապես որ,— ակամա պատասխանեցի ես, ուշացումով նկատելով, թե նա ինչքան դիպուկ արտահայտեց իմ սեփական միտքը։ Ես դժվարությամբ ուշքի եկա զարմանքից ու լրջորեն հարցրի.

— Դյուպեն, դա արդեն իմ հասկացությունից վեր է: Ես ապշած եմ և, ճիշտն ասած, քիչ է մնում կասկածի ենթարկեմ լսածս։ Ինչպե՞ս իմացաք, որ ես մտածում էի հենց...— այստեղ ես կանգ առա, որպեսզի համոզվեմ, որ իսկապես չեմ սխալվել։

— Շանտիլյիի մասին,— ավարտեց նա,— ինչո՞ւ ընդհատեցիք։ Դուք մտածում էիք, որ նրա վտիտ ու դյուրակազմ մարմինը ողբերգակին բոլորովին սազական չէ։

Իսկապես, ես հենց այդ էի մտածում։ Շանտիլյին Սեն Դընի [ 14 ] փողոցի quondam[3] կոշկակարն էր, որը, թատրոնից խելքը կորցրած, վերջերս Կրեբիյյոնիii համանուն ողբերգության մեջ ստացել էր Քսերքսեսի դերը, բայց խայտառակ անհաջողության էր մատնվել։

— Ի սեր աստծո,— աղաչեցի ես,— բացատրեք ձեր մեթոդը: — Ես շատ ավելի էի հուզված, քան կուզեի որ երևար:

— Ձեզ այդ մտքին հանգեցրեց պտղավաճառը,— պատասխանեց ընկերս,— նա ստիպեց ձեզ մտածել, որ այդ փինաչին չափից դուրս տկար է, որպեսզի մարմնավորի Քսերքսեսին և id genus omne[4]։

— Պտղավաճա՞ռը,— զարմացա ես, ես ոչ մի պտղավաճառ չեմ ճանաչում:

— Նա, ով մի տասնհինգ րոպե առաջ քիչ էր մնում անկյունում ձեզ վայր գցեր։

Վերջապես ես հիշեցի, որ երբ մենք Շ... նրբանցքից թեքվում էինք դեպի փողոցը, խնձորով լի զամբյուղը գլխին մի պտղավաճառ ինձ իսկապես քիչ էր մնում վայր գցեր, բայց այդպես էլ չհասկացա, թե Շանտիլյին այստեղ ինչ կապ ուներ։

Բայց Դյուպենի կեցվածքում ոչ մի նշույլ charlatanerie[5] չկար:

— Հիմա կբացատրեմ,— ասաց նա,— և որպեսզի ինձ լավ հասկանաք, եկեք վերարտադրենք ձեր մտքի ընթացքը, սկսած իմ ակնարկից մինչև վերոհիշյալ պտղավաճառին բախվելը: Շղթայի հիմնական օղակները հետևյալն են՝ Շանտիլյի, Օրիոն, դոկտոր Նիկոլս, Էպիկուր, ստերեոտոմիա, գլաքարեր և պտղավաճառ։

Հազիվ թե գտնվի մի մարդ, որը երբևէ հենց այնպես փորձած չլինի հակառակ հերթականությամբ գտնել իրեն այս կամ այն հետևությանը հասցրած զուգորդությունների շղթան: Բավական հաճախ այդ զբաղմունքը մեծ հաճույք է պատճառում փնտրողին, և ապշեցնում է նրան ելակետի և եզրահանգման անկապությամբ ու դրանց միջև ընկած ահռելի տարածությամբ: Ինչպիսին պիտի լիներ ուրեմն իմ զարմանքը, երբ ես լսեցի Դյուպենի բացատրությունը և ստիպված եղա համոզվել, որ նա իրավացի է։ Դյուպենը շարունակեց։ [ 15 ] — Եթե չեմ սխալվում, մինչև թեքվելը մենք ձիերի մասին էինք խոսում, և դրանով մեր զրույցը սպառվեց։ Երբ մենք մտանք այս փողոցը, պտղավաճառը ձեզ հրեց վերանորոգման համար բերված գլաքարերի կույտի վրա։ Դուք սայթաքեցիք, ձեր ոտքի մկանը ձգվեց, և դուք, վրդովված ինչ որ բաներ մրթմրթալով, զայրացած հայացք նետեցիք քարակույտին ու լուռ շարունակեցիք ճանապարհը։ Ես ձեզ հատկապես չէի հետևում, բայց դիտողականությունն ինձ համար վերջերս համարյա անհրաժեշտություն է դարձել:

Դուք ձեր հայացքը գետնից չէիք կտրում և մերթ ընդ մերթ խեթ֊խեթ նայում էիք մայթի անհարթություններին (դրանից ես եզրակացրի, որ դուք դեռ մտածում եք գլաքարի մասին), մինչև որ մենք հասանք Լամարտինի անունը կրող և նոր ձևով սալահատակված փողոցին։ Այստեղ սալերը մեկընդմեջ և բավական հարթ էին շարված, և դուք նկատելիորեն աշխուժացաք։ Ձեր բերանի շարժումից ես կռահեցի ստերեոտոմիա բառը, որով չգիտեմ ինչու կնքել են սալապատման այդ նոր եղանակը։ Ես գիտեի, որ ստերեոտոմիա ասելով դուք չէիք կարող չհիշել ատոմների մասին և այդպիսով հանգել Էպիկուրի ուսմունքին։ Քանի որ մեր վերջին զրույցներից մեկում ես անդրադարձել էի ժամանակակից աստղագիտության կողմից միգամածությունների մասին այդ հանճարեղ հույնի կռահումների հաստատմանը, ապա ենթադրեցի, որ դուք այս կամ այն կերպ պիտի նայեք վերև՝ Օրիոն համաստեղության վիթխարի միգամածությանը տեսնելու համար: Այդպես էլ եղավ, և ես իմ եզրահանգումների ճշտության լավ ապացույց ստացա։ Իսկ երեկվա «Մյուղե» թերթի քննադատը Շանտիլյիի վրա կատարած իր թունոտ հարձակման մեջ անարժան կերպով ակնարկում էր, թե բեմ բարձրանալով կոշկակարը նույնիսկ իր անունն է ուզեցել փոխել, և լատիներենից մի մեջբերում էր անում, որին մենք բազմիցս դիմել ենք մեր զրույցների ընթացքում: Ես նկատի ունեմ հետևյալ հայտնի տողը՝

Perdidit antiquum Litera prima sonum[6]

Ժամանակին ես ձեզ բացատրել էի, որ այդ տողը վերաբերում է Օրիոնին, որն առաջ Շերիոն էր գրվում և այդ բառախաղից ելնելով [ 16 ] ենթադրեցի, որ դուք, անկասկած, կհիշեք իմ բացատրությունը։ Մնում էր իրար կապել Օրիոնն ու Շանտիլյիին, և ձեր ժպիտը վկայեց, որ դուք արդեն այդ արել եք: Ակամա հիշեցիք խեղճ կոշկակարի գլխին եկածը: Մինչ այդ դուք կռացած էիք քայլում, իսկ այդտեղ ուղղվեցիք ամբողջ հասակով մեկ, և ես որոշեցի ընդհատել ձեր մտքերը, նշելով, որ խեղճ ճստլիկն իսկապես ավելի լավ կնայվեր Théâtre des Variétés֊ում:

Դրանից որոշ ժամանակ անց, Gazette des tribunaux[7]֊ի երեկոյան թողարկման մեջ մեր ուշադրությունը գրավեց հետևյալ հաղորդագրությունը.

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Այս առավոտ, ժամը երեքին մոտ, Սեն Ռոկ թաղամասի բնակիչները արթնացան սոսկալի ճիչերից, որոնք լսվում էին Մորգ փողոցում գտնվող տան հինգերորդ հարկից, ուր բնակվում է ոմն տիկին Լեպանեն իր դստեր՝ օրիորդ Կամիլայի հետ: Չկարողանալով տուն մտնել սովորական եղանակով, մի խումբ հարևաններ ջարդեցին դուռը և երկու ոստիկանի ուղեկցությամբ ներս նետվեցին. ճիչերն արդեն դադարել էին, բայց վերևից երկու կամ ավելի իրար հետ վիճող զայրացած ու կոպիտ ձայն էր լսվում: Երբ հարևանները հասան երրորդ հարկ, այդ ձայները նույնպես դադարեցին։ Բոլորը ցրվեցին սենյակներով մեկ, և, հասնելով հինգերորդ հարկի բակը նայող մեծ ննջարանին, ստիպված եղան ջարդել նաև դրա ներսից փակված դուռը: Ներս մտնելով, ներկաները ապշահար ու սարսափած քարացան իրենց առջև բացված տեսարանից:

Ամբողջ սենյակը տակնուվրա էր արված: Կահույքը փշրված էր ու ցիրուցան եղած: Սենյակի միակ մահճակալի անկողինը շպրտված էր հատակին: Աթոռներից մեկի վրա արյունոտ մի ածելի էր դրված։ Բուխարու ճաղերին մի խուրձ ճերմակ ու արյունոտ, ըստ երևույթին արմատախիլ արված մազ էր կպել։ Հատակին չորս ոսկեդրամ էր ընկած, ինչպես նաև տպազիոնով մի ականջօղ, երեք արծաթե և երեք մելքիորի գդալ, և երկու քսակ՝ ընդհանուր հաշվով չորս հազար ոսկե ֆրանկ պարունակությամբ: Անկյունում դրված պահարանի դարակները բաց էին ու պարունակությունը քրքրած, բայց որոշ բաներ մնացել էին տեղում: Անկողնի (և ոչ թե մահճակալի) տակ երկաթե փոքր մի սնդուկ [ 17 ] կար, բանալին վրան, իսկ կափարիչը բաց, բայց մեջը հին նամակներից ու անպետք թղթերից բացի ուրիշ բան չկար։

Տիկին Լեպանեն չկար: Ինչ֊որ մեկը նկատեց բուխարու միջի անսովոր մեծ մոխրակույտը, և ծխնելույզը հետազոտելով, հայտնաբերեց նրա մեջ բավական խորը գլխիվայր խցկած օրիորդ Կամիլայի դեռ տաք մարմինը։ Դիակի մաշկը շատ տեղերում քերթված էր, անկասկած՝ նեղ ծխնելույզը խցկելու և դուրս քաշելու հետևանքով։ Դեմքը ճանկռոտված էր, իսկ պարանոցին եղունգների հետքեր ու կապտուկներ կային, ասես մեկը փորձել էր նրան խեղդել։

Վերից վար տունը խուզարկելով և ուրիշ ոչինչ չգտնելով, բոլորն իջան տան սալապատ բակը, որտեղ հայտնաբերեցին ծեր տիկնոջ դիակը։ Նրա կոկորդն այնքան խորն էր կտրված, որ դիակը բարձրացնելու պահին գլուխը մարմնից անջատվեց։ Կնոջ դեմքը, և հատկապես մարմինն անճանաչելիորեն, անմարդկային ձևով այլանդակված էին։ Այս զարհուրելի հանցագործության մասին առայժմ ուրիշ ոչ մի բան հայտնի չէ։

Հաջորդ օրվա թերթում նոր մանրամասնություններ կային.

«Ողբերգություն Մորգ փողոցում։ Երեկվա դաժան ու սոսկալի ոճրագործության կապակցությամբ հարցաքննվել են մի շարք անձինք, բայց սպանության առեղծվածը դեռևս մնում է չլուծված: Ստորև տեղադրում ենք ամենից էական ցուցմունքները։

Պոլին Դյուբուր — վերջին երեք տարին լվացք է արել հանգուցյալ տիկնոջ համար։ Վկայում է, որ ծեր կնոջ և դստեր հարաբերությունները բավական ջերմ էին։ Լվացքի վարձը երբեք չեն ուշացրել։ Նրանց ապրելակերպի և նյութական միջոցների մասին ոչինչ չի կարող ասել: Ենթադրում է, որ տիկին Լեպանեն բախտ բացելով է վաստակել իր ապրուստը։ Լսել է, որ նա սև օրվա համար փող էր կուտակում։ Լվացքը ստանալիս և հանձնելիս տանը ոչ ոքի չի տեսել: Համոզված է, որ աղախին չեն պահել: Ինչքան որ գիտի, վերևի ննջարանը տան միակ կահավորված սենյակն է։

Պիեռ Մորո — ծխախոտավաճառ։ Արդեն չորս տարի է, ինչ տիկին Լեպանեին ծխախոտ էր վաճառում։ Ծնվել և ապրել նույն թաղամասում։ Հանգուցյալն ու իր դուստրը բնակվել են այդ տանը վեց տարուց ի վեր: Մինչ այդ այնտեղ մի ոսկերիչ էր ապրում, որը վարձով էր տալիս վերևի հարկը։ Տունը տիկին Լեպանեի [ 18 ] սեփականությունն էր, և քանի որ նրան դուր չէր գալիս այն, թե ինչպես էր ոսկերիչը տնօրինում վերևի հարկը, նա ինքը բնակվեց այնտեղ և այլևս կենվոր չվերցրեց։ Պառավը մի քիչ մանկամիտ էր։ Այդ տարիների ընթացքում վկան մի հինգ֊վեց անգամ է տեսել դստերը։ Երկուսն էլ առանձնացած էին ապրում, ասում էին, թե նրանք պահած փող ունեն։ Վկան նաև լսել է, որ տիկինը բախտ է գուշակել, բայց դրան չի հավատում։ Տիկնոջից և իր դստերից բացի, տուն են մտել միայն բարապանը և մի ութ կամ տասն անգամ էլ բժիշկը։

Նույն բանն են վկայել համարյա բոլոր հարևանները։ Մադամ Լեպանեի տունը ոչ ոք չի հաճախել, ինչքան որ հայտնի է, նա ազգականներ կամ մտերիմ ծանոթներ չի ունեցել։ Փողոցի կողմի փեղկերը շատ հազվադեպ են բացվել, բակի կողմից բոլորը մեխված են, բացի հինգերորդ հարկի պատուհանից: Տունը բավական ամուր շինություն է և շատ հին չէ:

Իսիդոր Մյուզե, ոստիկան։ Վկայում է, որ իրեն կանչել են առավոտյան ժամը երեքին, և որ դռան մոտ երեսուն֊քառասուն հոգանոց ամբոխ է տեսել։ Դուռն առանց դժվարության ջարդել է հենց ինքը, քանի որ այն երկու փեղկ է ունեցել և վերևից ու ներքևից ամրացված չի եղել։ Դուռը բացվելուն պես ճիչերն ընդհատվել են։ Ճչացել են բարձր ու երկար, ասես մահամերձ վիճակում, բայց վկան դժվարանում է ասել, թե քանի հոգի։ Երկրորդ հարկ հասնելով՝ վիճաբանության բարձր ձայներ է լսել։ Խոսել են երկու հոգի, մեկը թավ, մյուսը ճղճղան ու շատ տարօրինակ ձայնով։ Թավ ձայնով ֆրանսիացի տղամարդ է խոսել, վկան տարբերել է sacré և diabie[8] բառերը: Ճղճղան ձայնի տերը օտարազգի է, վկան դժվարանում է ասել՝ կին, թե տղամարդ։ Հավանաբար իսպաներեն է խոսել, թեև վկան ոչինչ չի հասկացել։ Սենյակի և դիակների նկարագրությունը նույնն է, ինչ մեր երեկվա թողարկման մեջ տպագրվածը։

Անրի Դյուվալ, հարևան, մասնագիտությամբ՝ արծաթագործ։ Վկայում է, որ եղել է վեր բարձրացած առաջին խմբի մեջ։ Լիովին հաստատում է Մյուզեի ցուցմունքը։ Ներս մտնելուն պես դուռը փակել են, որպեսզի հետ պահեն, չնայած ուշ ժամին, արագ հավաքվող ամբոխը։ Կարծում է, որ ճղճղան ձայնով խոսողը իտալացի էր։ Համոզված է, որ ֆրանսիացի չէր: Չի կարող ասել, [ 19 ] թե տղամարդ էր, գուցեև կին էր: Իտալերեն չգիտի, բառերը չի ջոկել, բայց ձայնի ելևէջներից դատելով գտնում է, որ խոսողն իտալացի էր: Տիկին Լեպանեին և դստերը ծանոթ է, բազմիցս զրուցել է երկուսի հետ էլ։ Համոզված է, որ ճղճղան ձայնը նրանցից ոչ մեկին չի պատկանում։

Օդենհայմեր, ռեստորանատեր, ինքն է ցանկացել ցուցմունք տալ: Ֆրանսերեն չի խոսում, ցուցմունքը տվել է թարգմանչի միջոցով։ Ամստերդամցի է։ Տան կողքով անցնելիս ճիչեր է լսել: Ճչացել են երկար ու ձիգ, գուցե նույնիսկ տասը րոպե։ Զարհուրելի ճիչեր են եղել: Ինքն էլ է տուն մտել: Հաստատում է նախորդ ցուցմունքները, բացի մի կետից՝ ճղճղան ձայնով տղամարդը ֆրանսերեն էր խոսում: Բառերը չի տարբերել՝ խոսում էին շատ արագ, վրա տալով, ասես վախեցած կամ վրդովված լինեին: Ձայնը ավելի շուտ խռպոտ է եղել, քան ճղճղան: Չէր ասի, թե ճղճղան էր։ Թավ ձայնը մի քանի անգամ կրկնել է sacré, diable, և մեկ անգամ էլ՝ mon Dieu[9]:

Ժյուլ Մինյո, բանկիր, Դելորեն փողոցի «Մինյո և որդիք» ընկերության ավագ փայատեր։ Տիկին Լեպանեն բանկում որոշ դրամագլուխ ունեցել է: Հաշիվը բացել է ութ տարի առաջ, գարնանը, և պարբերաբար փոքր գումարներ է ներդրել։ Ոչ մի անգամ փող չի վերցրել, բայց մահից երեք օր առաջ անձամբ չորս հազար ֆրանկ է պահանջել: Ամբողջ գումարը վճարվել է ոսկով և բանկի աշխատողի միջոցով տուն է տարվել։ Ադոլֆ Լըբոն — բանկի ծառայող։ Վկայում է, որ նշանակված օրը կեսօրին տիկին Լեպանեին ուղեկցել է տուն, երկու քսակի մեջ տանելով չորս հազար ֆրանկ։ Օրիորդ Լեպանեն, դուռը բացելով, վերցրել է քսակներից մեկը, իսկ մյուսը վերցրել է նրա մայրը։ Այնուհետև վկան հրաժեշտ է տվել և հեռացել։ Դրսում ոչ ոքի չի հանդիպել, փողոցը խաղաղ էր ու ամայի։

Ուիլյամ Բըրդ, դերձակ: Վկայում է, որ մյուսների հետ տուն է մտել։ Անգլիացի է։ Փարիզում ապրում է ընդամենը երկու տարի։ Լսել է վիճաբանության աղմուկը: Թավ ձայնով խոսողը ֆրանսիացի էր։ Զանազանել է որոշ բառեր, բայց բոլորը չի հիշում։ Պարզ լսել է sacré և mon Dieu բառերը։ Հրմշտոցի, քաշքշուկի աղմուկ է լսել, ասես մի քանի հոգի կռվելիս են եղել: Ճղճղան ձայնը շատ բարձր էր, ավելի բարձր, քան թավը։ Համոզված է, [ 20 ] որ անգլիացու ձայն չէր։ Ավելի շուտ գերմանացի էր, կարող էր նաև կին լինել։ Վկան գերմաներեն չգիտի։

Նշված վկաներից չորսը երկրորդ անգամ հարցաքննվելիս ցուցմունք տվեցին, որ ննջասենյակի դուռը ներսից փակ էր: Դուռը ջարդելուց հետո ոչ ոք ոչ մի ձայն չի լսել, ներսում ոչ ոք չի եղել: Ննջարանի և նախասենյակի բոլոր պատուհանները փակ և ներսից կողպված են եղել։ Սենյակների միջև եղած դուռը ծածկված է եղել, բայց ոչ կողպված: Միջանցքից նախասենյակ տանող դուռը ներսից փակ է եղել՝ բանալին անցքի մեջ։ Հինգերորդ հարկում փողոց նայող պատուհաններով, դուռը կիսաբաց մի սենյակ են գտել՝ կահույքով, արկղերով ու տարբեր տեսակի անպետք իրերով լցված: Այս ամենը խնամքով զննել են: Ամբողջ տունը ծայրից ծայր խուզարկել են։ Ստուգել են ծխնելույզները և ձեղնահարկը։ Տանիքի լուսամուտի դռնակը պինդ մեխված էր և, ըստ երևույթին, վաղուց չէր բացվել։ Վիճաբանությունը լսելու և սենյակի դուռը կոտրելու միջև ընկած ժամանակը տարբեր չափով է գնահատվում՝ երեքից հինգ րոպե։ Դուռը մեծ դժվարությամբ է տեղի տվել։

Ալֆոնսո Գարսիո, դագաղագործ։ Ապրում է Մորգ փողոցում։ Իսպանացի է։ Բոլորի հետ տուն է մտել։ Վերև չի բարձրացել։ Խարխուլ նյարդեր ունի և չի ցանկացել հուզվել։ Վեճը լսել է, թավ ձայնով խոսողն, անկասկած, ֆրանսիացի է եղել։ Ոչ մի բառ չի հասկացել: Ճղճղան ձայնով խոսողն անգլիացի է եղել՝ դրանում ոչ մի կասկած չկա։ Անգլերեն չգիտի, բայց այդ լեզվի առոգանությանը ծանոթ է:

Ալբերտո Մոնտանի, հրուշակագործ։ Վկայում է, որ առաջիններից է վերև վազել։ Ձայները լսել է։ Թավ ձայնով խոսողը ֆրանսիացի էր: Մի քանի բառ տարբերել է: Թավ ձայնովը մյուսին հանդիմանել է։ Ճղճղանի խոսքերը չի հասկացել։ Նա խոսել է շատ արագ և ընդհատվող ձայնով։ Կարծում է, որ ռուս է եղել։ Մնացած ամեն ինչում հաստատում է նախորդ վկաների ցուցմունքները։ Ինքն իտալացի է։ Ռուսաց լեզուն մինչ այդ չի լսել:

Վկաներից ոմանք երկրորդ հարցաքննության ժամանակ ավելացրին, որ հինգերորդ հարկի ծխնելույզներով տուն մտնել հնարավոր չէ, քանի որ նրանք չափազանց նեղ են։ Ծխնելույզները ստուգել են կլոր խոզանակներով, որոնք սովորաբար գործածում են ծխնելույզ մաքրողները։ Տունը օժանդակ սանդուղք [ 21 ] չունի, որով հանցագործները կարողանային փախչել: Օրիորդ Լեպանեի մարմինն այնքան պինդ էր խցանել ծխնելույզը, որ այն կարողացան քաշել ու դուրս հանել միայն հինգ հոգով։

Պոլ Դյումա, բժիշկ։ Վկայում է, որ կեսօրին իրեն կանչել են դիազննության։ Երկու դիակն էլ դրված են եղել ննջարանից բերված հին ներքնակի վրա։ Երիտասարդ կնոջ մարմինը նեղ ծխնելույզը խցկելուց ամբողջովին քերծված էր ու պլոկված: Հատկապես տուժել էր վիզը, կոկորդի վրա մի շարք թանաքագույն քերծվածքներ ու բծեր կային, որոնք ըստ երևույթին հանցագործի մատների հետքերն էին։ Դեմքն այլանդակված էր, աչքերը դուրս պրծած։ Լեզուն կեսից համարյա կծված, կտրված էր։ Պորտի մոտ արյան մի մեծ զեղում կար, որը վկայում էր, որ այդտեղ ծնկով սեղմել են: Ըստ մսյո Դյումայի, օրիորդ Լեպանեին խեղդել էին մեկ կամ մի քանի հանցագործ։ Մոր մարմինը հրեշավոր ձևով խեղանդամված էր։ Աջ ձեռքի և ոտքի բոլոր ոսկորները տեղահան էին արված: Ձախ tibia[10]֊ն, ինչպես նաև ձախ կողմի կողերը փշրված էին: Ամբողջ մարմինը ծածկված էր սոսկալի կապտուկներով ու ճանկռվածքներով: Բժիշկը դժվարանում է ասել, թե ինչով էին հասցված այդ վնասվածքները: Մահակ, աթոռի ոտք, ցանկացած ծանր, բութ առարկա հաղթանդամ մարդու ձեռքին կարող էր հանցագործության գործիք ծառայել: Ոչ մի կին չէր կարող այդպիսի վնասվածքներ պատճառած լինել: Վկան դիակի գլուխը տեսել էր արդեն անջատված վիճակում։ Այն նույնպես ծայր աստիճան այլանդակված է եղել: Կոկորդն ըստ երևույթին կտրվել է ինչ֊որ սուր գործիքով, թերևս ածելիով։

Ալեքսանդր Էտյեն, վիրաբույժ։ Հանցագործության վայր է ժամանել մսյո Դյումայի հետ: Լիովին համամիտ է մսյո Դյումայի ցուցմունքներին և եզրահանգումներին։

Թեև հարցաքննվել են նաև այլ անձինք, ուրիշ ոչ մի տեղեկություն չի ստացվել: Փարիզում դեռ երբեք այդքան առեղծվածային, դաժան ու անհասկանալի սպանություն չի կատարվել, եթե դա, իհարկե, սպանություն է։ Նման դեպքերում սովորաբար որոշակի քայլերի դիմող ոստիկանությունն այս անգամ չգիտի, թե ինչ անի: Հետաքննության հնարավոր ուղղության նշույլ անգամ չկա: [ 22 ] Թերթի երեկոյան թողարկումը հայտնում էր, որ Սեն Ռոկ թաղամասում դեռևս շարունակվում է իրարանցումը։ Ոստիկանությունը նորից է խուզարկել շենքը և նոր հարցաքննություններ է անցկացրել, բայց ոչ մի արդյունքի չի հասել։ Լրացուցիչ հայտնվում էր, որ ձերբակալված է Լըբոնը, չնայած բացի հայտնի վկայությունից, նրան վարկաբեկող ոչ մի նոր փաստ չի բերվում։

Այս պատմությունն, ըստ երևույթին, շարժել էր Դյուպենի հետաքրքրությունը, համենայն դեպս, ես այդպես եզրակացրի, տեսնելով, որ նա ոչ մի մեկնաբանություն չի տալիս։ Բայց երբ հայտնի դարձավ Լըբոնի ձերբակալության փաստը, նա ինձ խնդրեց հայտնել գործի վերաբերյալ իմ կարծիքը։

Ես միայն կարողացա ասել, որ համամիտ եմ ամբողջ Փարիզի հետ և այդ ոճրագործությունն անլուծելի հանելուկ եմ համարում։ Ես բոլորովին չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է գտնել հանցագործին։

— Պետք չէ գործը դատել հետաքննության այս ծաղրից ելնելով,— ասաց Դյուպենը։— Փարիզյան ոստիկանությունը խորամանկ է, բայց ոչ ավելին։ Նրանց դրվատյալ խորաթափանցությունը հնարովի բան է։ Նրանք մեթոդ չունեն, եթե, իհարկե, մեթոդ չհամարենք ձեռքի տակ ընկած ամեն մի վարկածից կառչելը։ Ամեն անգամ նրանք բազմաթիվ միջոցներ են ձեռնարկում, բայց այնքան անօգնական են, որ ակամա հիշեցնում են ինձ Ժուրդենին, հիշո՞ւմ եք, երբ նա իր խալաթն է պահանջում pour mieux entendre la musique[11]:

Բավականին հաճախ նրանք բոլորին զարմացնում են իրենց հաջողություններով, բայց դա սոսկ ջանասիրության արդյունք է լինում։ Այնտեղ, ուր ջանասիրությունը բավական չէ, նրանք ոչ մի բանի չեն հասնում։ Օրինակ, ինքը Վիդոկըii կռահելու լավ ձիրք ուներ և համառ մարդ էր, բայց բոլորովին զուրկ էր համակարգված մտածելու կարողությունից։ Նա խնդիրն այնքան մոտիկից էր զննում, որ կորցնում էր հեռանկարը։ Մի երկու դրվագ հստակ պատկերացնելու գնով նա զրկվում էր ամբողջ գործն ի մի բերելու հնարավորությունից։ Չափից դուրս խորամուխ լինելը միշտ չէ, որ նպատակահարմար է լինում։ Ճշմարտությունն ամեն անգամ չէ, որ խորքում է թաղված։ Ես նույնիսկ համոզված [ 23 ] եմ, որ ամենից էական հարցերում այն ավելի շուտ մակերեսին է գտնվում։ Մենք նրան փնտրում ենք ձորերում, իսկ նա մեզ սպասում է լեռան գագաթին։ Այդ տարածված մոլորության բնույթը կարելի է հեշտությամբ լուսաբանել երկնային մարմինների օրինակով։ Թռուցիկ մի հայացքով նայելով աստղին՝ մենք այն ավելի հստակ ու պարզ կտեսնենք, քան ուշադիր ու երկար նայելու դեպքում։ Պատճառն այն է, որ անցողիկ, աչքի ծայրով նայելիս, մենք գործածում ենք ցանցաթաղանթի դրսի եզրը, որն ավելի զգայուն է լույսի հանդեպ, քան կենտրոնը, իսկ ուղիղ նայելու դեպքում այդ առավելությունը կորչում է, ինչպես կորչում է նաև աստղի փայլը։ Վերջին դեպքում աչքն ավելի շատ լույս է ստանում, քան առաջ, բայց նրա ընկալունակությունը նույնքան անգամ պակասում է։ Խորանալու մղումը ծայրահեղության հասցնելով՝ մենք կորցնում ենք մտքի պարզությունը, այնպես որ, չափից դուրս ուշիմ հայացքը կարող է երկնքից ջնջել նույնիսկ Վեներան։

Ինչ վերաբերում է սպանություններին, ապա առաջարկում եմ ինքնուրույն հետազոտություն սկսել, որպեսզի նյութ ստանանք հետևություններ անելու համար։ Այդ հետաքննությունը մեզ բավական հաճույք կպատճառի («հաճույք» բառն ինձ դուր չեկավ, բայց ես լռեցի), բացի այդ, Լըբոնն ինձ ժամանակին մեծ լավություն է արել, և ես վերջապես առիթ կունենամ նրան երախտահատույց լինել։ Պետք է գնալ և ամեն ինչ տեսնել անձամբ։ Ոստիկանապետ Գ֊ն ինձ ճանաչում է, և կարծում եմ, չի հրաժարվի մեզ թույլտվություն տալ։

Ոստիկանապետն իրոք չմերժեց, և մենք իսկույն ուղևորվեցինք Մորգ փողոցը։ Պարզվեց, որ դա Ռիշելյո և Սեն Ռոկ փողոցները միացնող մի քնձռոտ նրբանցք է։ Մենք ապրում էինք քաղաքի հակառակ ծայրում և, տեղ հասանք միայն երեկոյան դեմ, բայց իսկույն գտանք տունը, քանի որ անբանների մի խումբ դիմացի մայթից դեռևս աննպատակ նայում էր փակ փեղկերին։ Շենքը ոչնչով աչքի չէր ընկնում, սովորական դուռ ուներ, որի կողքին փոքրիկ պատուհանով ապակեպատ մի տնակ կար, այսպես կոչված loge de concierge[12]: Առանց ներս մտնելու մենք առաջ անցանք և շրջանցեցինք տունը։ Դյուպենն ուշադիր [ 24 ] զննում էր տան շրջակայքը, թեև ես ոչ մի հիշարժան բան չէի տեսնում։ Ետ դառնալով, մենք թակեցինք դուռը և, լիազորագիրը հերթապահին ներկայացնելով, բարձրացանք տիկին Լեպանեի սենյակը։ Դիակները դեռ չէին տարել, և սենյակը ճիշտ նույն քաոսային տեսքն ուներ, որը նկարագրված էր թերթում։ Ըստ գոյություն ունեցող կարգի, ամեն ինչ թողել էին սպանության օրը գտնված վիճակում: Դյուպենը մանրակրկիտ զննեց ամբողջ սենյակը, որից հետո ուսումնասիրեց դիակները։ Այնուհետև մենք (հերթապահ ոստիկանի աչալուրջ ուղեկցությամբ) անցանք մյուս սենյակներով և իջանք բակ։ Վերջապես Դյուպենը հրաժեշտ տվեց ոստիկաններին, և մենք ուղևորվեցինք տուն։ Ճանապարհին բարեկամս մտավ փարիզյան օրաթերթերից մեկի խմբագրությունը։

Ես արդեն պատմել եմ, որ բարեկամս բազմաթիվ քմահաճություններ ուներ, որոնք Je les menageais[13] (դժվարանում եմ ավելի դիպուկ բառ գտնել)։ Այս անգամ նա հարմար գտավ իմ հետաքրքրությունը բավարարել միայն հաջորդ օրը կեսօրին, երբ հանկարծ հարցրեց, թե արդյոք ոչ մի արտասովոր բան չեմ նկատել բռնության այդ տեսարանում։ «Արտասովոր» բառը նա ասաց այնպիսի տոնով, որ ես ակամա ցնցվեցի։

— Ոչ, հատուկ ոչ մի բան,— կմկմացի ես,— համենայն դեպս, թերթում գրածից ոչ ավելի։

— Վախենամ, թե թերթի թղթակիցը չի նկատել ամենասարսափելին,— ասաց Դյուպենը։— Ինձ թվում է, որ այս առեղծվածն անլուծելի են համարում հենց այն բանի համար, ինչը պիտի անասելի հեշտացներ լուծումը։ Ես նկատի ունեմ ոճրագործին հատուկ հրեշավոր դաժանությունը։ Ոստիկաններին շփոթեցնում է ոչ այնքան սպանությունը, որքան սպանության ահավոր դաժանությունը բացատրող դրդապատճառների թվացյալ բացակայությունը։ Նրանք նաև չեն հասկանում, թե ուր են կորել այն մարդիկ, որոնց ձայները լսել են բոլոր վկաները, մինչդեռ սենյակում գտել են միայն օրիորդ Լեպանեի դիակը։ Սենյակի խառնաշփոթը, չգիտես ինչպես գլխիվայր ծխնելույզը խցկած դիակը, ծեր կնոջ խոշտանգված մարմինը և այլ պարագաներ, որոնք ևս այստեղ չեմ նշում, ջլատել են պաշտոնական խուզարկուների [ 25 ] գովաբանված խորաթափանցությունը։ Նրանք շատ տարածված մի մոլորության մեջ են ընկել, անսովորը շփոթելով անկարելիի հետ։ Մինչդեռ հենց այդ, սովորականից շեղվող փաստերն են, որ մեր բանականությանն օգնում են գտնել ճշմարտությունը: Այսօրվա մեզ վիճակված հետաքննության դեպքում նպատակահարմար է հարցնել ոչ թե՝ «Ի՞նչ է պատահել», այլ՝ «Եղածներից ի՞նչը դեռ երբեք չի պատահել»։ Փաստորեն այն պարզությունը, որով ես հասնելու եմ, կամ, եթե կուզեք, արդեն հասել եմ այս առեղծվածի լուծմանը, ուղիղ համեմատական է ոստիկանության առջև ծառացած բարդություններին: Ես անխոս զարմանքով նայեցի Դյուպենին։

— Հիմա ես մի մարդու եմ սպասում,— շարունակեց նա,— որը եթե ոչ անմիջականորեն, ապա համենայն դեպս ինչ֊որ չափով նպաստել է ոճրագործությանը։ Ես կարծում եմ, որ բուն սպանությանը նա չի մասնակցել, քանի որ իմ ամբողջ վարկածը հիմնված է հենց այդ ենթադրության վրա: Այդ մարդն ուր որ է պիտի գա: Նա, իհարկե, կարող է նաև չգալ, բայց ըստ իս՝ անպայման կգա: Իսկ եթե գա, մենք ստիպված կլինենք նրան բաց չթողնել, այնպես որ, վերցրեք, խնդրում եմ, այս ատրճանակները: Եթե պետք լինի, մենք, անշուշտ, դրանք կօգտագործենք:

Ես մեքենայաբար վերցրի զենքը, առանց գիտակցելու, թե ինչ եմ անում, իսկ Դյուպենը շարունակում էր իր մենախոսությունը։ Նա նորից իմ նկարագրած վերացական տեսքն էր ընդունել և, չնայած ինձ էր դիմում և ձայնն էլ բարձր չէր, բայց խոսում էր ասես հեռվում գտնվող մի մարդու հետ: Նրա պարապ, անարտահայտիչ հայացքը հառած էր դիմացի պատին։

— Վկաները պնդում են,— շարունակեց Դյուպենը,— որ վիճող ձայները կանանցից ոչ մեկին չեն պատկանել: Ուրեմն կարելի է անտեսել այն վարկածը, ըստ որի տիկին Լեպանեն խեղդել է աղջկան, իսկ ապա ինքնասպան եղել: Ես դա նշում եմ զուտ հանուն մեթոդի պարզաբանման, որովհետև տիկին Լեպանեի ուժն ամեն դեպքում չէր պատի աղջկա դիակը ծխնելույզը խցկելու համար, և նույնիսկ այդ դեպքում նա չէր կարողանա ինքն իրեն այսպես այլանդակել։ Հետևաբար սպանությունը մի երրորդ մարդու ձեռքով է կատարվել, որին և, անկասկած, պատկանում է վիճող ձայներից մեկը: Հիմա մենք մի փոքր կշեղվենք և կփորձենք մտաբերել, թե ինչ արտասովոր բան կա վիճաբանության [ 26 ] վերաբերյալ տրված վկայություններում։ Ասացեք, ձեզ ոչինչ չի՞ զարմացրել։

Ես ասացի, որ թավ ձայնի տիրոջը բոլորն անխտիր ֆրանսիացի են համարել, այնինչ ճղճղան, կամ ինչպես մեկն ասաց, խռպոտ ձայնի վերաբերյալ կարծիքները բոլորովին տարբեր են։

— Դուք պարզապես վերապատմեցիք վկայությունը,— առարկեց Դյուպենը,— առանց որոշակի առանձնահատկություն նշելու։ Մինչդեռ այդպիսի առանձնահատկություն կա։ Ինչպես ասացիք, թավ ձայնը տարաձայնություն չի առաջացրել։ Ինչ վերաբերում է ճղճղանին, ապա նրա առանձնահատկությունը ոչ թե վկաների տարաձայնության մեջ է, այլ այն բանի, որ և՛ իտալացին, և՛ անգլիացին, և՛ իսպանացին, և՛ հոլանդացին ու ֆրանսիացին այն միաձայն բնութագրեցին որպես օտարերկրացու ձայն։ Ամեն մեկը համոզված է, որ ճղճղանն իր իմացած լեզվով չի խոսել։ Ընդ որում յուրաքանչյուրը պնդում է, թե նա ոչ թե ծանոթ մի լեզու է լսել, այլ ճիշտ հակառակը։ Ըստ ֆրանսիացու դա իսպաներեն է եղել՝ «հավանաբար իսպանացի է եղել, թեև ոչինչ չեմ հասկացել»։ Հոլանդացին պնդում է, որ ֆրանսերեն խոսք է լսել, ընդ որում «ֆրանսերեն չիմանալով՝ հարցաքննվել է թարգմանչի միջոցով»։ Անգլիացին կարծում է, թե իր լսածը գերմաներեն էր, չնայած «գերմաներեն չգիտի»։ Իսպանացին համոզված է, որ խոսողն անգլիացի էր, բայց «դատում է միայն ըստ ելևէջների, քանի որ այդ լեզվին ծանոթ չէ»։ Իտալացին ռուսերեն է լսել, թեև «նախքան այդ ռուսաց լեզվի հետ չի շփվել»։ Երկրորդ ֆրանսիացին հակաճառում է առաջինին, պնդելով, որ իտալերեն է լսել, բայց այդ լեզուն չիմանալով, իսպանացու պես դատում է սոսկ ըստ ձայներանգի։ Ինչքան տարօրինակ խոսք պիտի եղած լիներ, որպեսզի նման տարաձայնություններ առաջացներ Եվրոպայի հինգ խոշորագույն ազգերի ներկայացուցիչների միջև։ Իհարկե, չի կարելի բացառել, որ խոսքը ասիացու կամ աֆրիկացու մասին է։ Ու չնայած Փարիզում նրանք այնքան էլ շատ չեն, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ երեք հանգամանքների վրա։ Վկաներից մեկը այդ ձայնն ավելի շուտ համարել է խռպոտ, քան ճղճղան։ Եվս երկու վկա այն բնութագրել են որպես «խռպոտ ու ընդհատվող»։ Եվ, որ ամենակարևորն է, վկաներից ոչ մեկը չի կարողացել պարզորոշ մի բառ կամ նույնիսկ մի որևէ հստակ վանկ տարբերել։ [ 27 ] — Չգիտեմ,— շարունակեց Դյուպենը,— թե ես ինչ տպավորություն գործեցի ձեզ վրա, բայց վերը շարադրված փաստերից կարելի է թավ և ճղճղան ձայներին վերաբերող օրինաչափ մի հետևություն անել, որը լիովին բավարարում է հետաքննության հետագա ամբողջ ընթացքը կանխորոշելու համար։ «Օրինաչափ հետևություն» ասելով ես նկատի ունեմ, որ դա միակ հնարավոր հետևությունն է, և որ այն անխուսափելիորեն, որպես իր ուղղակի արդյունքի, հանգեցնում է մի վարկածի։ Թե ինչ վարկածի, առայժմ չեմ ասի։ Կուզենայի միայն, որ հիշեք, որ այն բավականին համոզիչ էր ննջասենյակում կատարած իմ հետազոտություններին որոշակի բնույթ հաղորդելու համար։

Հիմա եկեք մտովի տեղափոխվենք այդ սենյակը։ Ի՞նչ ենք փնտրելու։ Ոճրագործների փախուստի ճանապարհը։ Բնականաբար, ոչ ես, ոչ դուք գերբնական ուժերին չենք հավատում և գիտենք, որ տիկին և օրիորդ Լեպանեներին սպանողները ուրվականներ չեն: Հանցագործներն, անկասկած, նյութական էակներ են, և ուրեմն փախել են համաձայն նյութական աշխարհում գործող օրենքների։ Բայց ինչպե՞ս: Բարեբախտաբար այդ հարցին պատասխանելու միայն մեկ միջոց կա՝ մեկ առ մեկ հետազոտել փախուստի բոլոր հնարավորությունները։ Կասկած չկա, որ երբ ամբոխը ներքևից տուն է խուժել, հանցագործները դեռ գտնվել են սպանության վայրում, կամ առնվազն ննջարանի նախասենյակում։ Դա նշանակում է, որ նրանք օգտվել են հենց այդ սահմաններում գտնվող մի ելքից։ Ոստիկանները բարեխղճորեն զննել են պատերը, առաստաղն ու հատակը և ոչ մի գաղտնի դուռ չեն գտել։ Չապավինելով նրանց ուշադրությանը, ես ինքս ամեն ինչ ստուգեցի։ Սենյակներից միջանցք տանող երկու դուռն էլ ներսից կողպված են եղել: Դառնանք ծխնելույզներին։ Թեև սրանք ներքևից սկսած մոտ տասը ոտնաչափ բարձրությամբ բավական լայն են, բայց մնացած մասում այնքան են նեղանում, որ մի գեր կատուն էլ հազիվ թե անցնի։ Ուրեմն նշված ուղղություններով փախուստը բացառվում է: Բացառվում է նաև այն, որ հանցագործները կարողանային փողոցի ամբոխից աննկատ փախչել նախասենյակի դրսի պատուհաններից: Ուրեմն ոճրագործներն անկասկած օգտվել են ննջարանի բակը նայող պատուհաններից: Հասնելով այս անառարկելի հետևությանը, մենք, որպես խորհող մարդիկ, չպետք է դրանից հրաժարվենք իր թվացյալ անհնարինության պատճառով։ Մեզ [ 28 ] մնում է ապացուցել, որ այդ անհնարինությունն իսկապես թվացյալ է:

Ննջարանը երկու պատուհան ունի, որոնցից մեկի ներքևի մասը ծածկված է մահճակալի թիկնակով, իսկ մյուսը լրիվ ազատ է։ Առաջինը ներսից պինդ փակված է եղել և չի բացվել նույնիսկ մի քանի հոգու ջանքերով: Նրա փեղկի ձախ մասում փորված անցքի մեջ մի մեծ պինդ մեխ էր խրված: Մյուս պատուհանն ուսումնասիրելիս ոստիկանները նույնատիպ մի մեխ են գտել, և քանի որ այդ պատուհանը նույնպես ոչ մի կերպ չի բացվել, նրանք եզրակացրել են, որ այդտեղից փախչել հնարավոր չէ և նույնիսկ հարկ չեն համարել մեխը հանել ու պատուհանները բացել։ Ես ավելի բծախնդիր դուրս եկա և չսահմանափակվեցի մակերեսային զննումով, քանի որ նպատակ էի դրել ցրել «անհնարինության» պատրանքը։

Ես որոշեցի մտածել á posteriori[14]: Ես հաստատ ընդունեցի, որ ոճրագործները պատուհաններից են փախել։ Բայց այդ դեպքում նրանք չէին կարող ներսից ամրացնել փեղկերը, և այդ նկատառումն իր ակներևությամբ ստիպել էր ոստիկաններին կտրականապես հրաժարվել այդ մտքից։ Այո, պատուհանները փակ են եղել, բայց դա միայն նշանակում է, որ նրանք կարող են նաև ավտոմատ կերպով փակվել։ Ազատ լուսամուտի մեխը հանելով՝ ես համոզվեցի, որ փեղկը չի բացվում: Դա իմ սպասումներին չէր հակասում։ Ես գիտեի, որ ինչ֊որ տեղ գաղտնի զսպանակ պիտի լինի։ Շուտով ես գտա ու սեղմեցի այդ զսպանակի կոճակը և, դրանով բավարարվելով, այլևս փեղկը չբարձրացրի:

Մեխը կրկին տեղը դնելով՝ ես հասկացա, որ հանցագործը դրսից գուցեև ամրացներ փեղկը, բայց մեխը նորից անցքը մտցնելու ոչ մի հնարավորություն չէր ունենա։ Այստեղից միայն մեկ հնարավորություն էր բխում, որն ավելի էր նեղացնում իմ որոնումների ոլորտը։ Հանցագործը պետք է որ փախած լիներ մյուս պատուհանից։ Եթե երկու պատուհանների զսպանակները ոչ մի բանով չտարբերվեն, ապա գաղտնիքը պետք է փնտրել երկրորդ մեխի մեջ։ Մահճակալի վրա բարձրանալով՝ ես ձեռքս մտցրի ու սեղմեցի գաղտնի սողնակը, որը առաջինի ճշգրիտ պատճենն էր, ապա զբաղվեցի մեխով։ Դա նախորդի [ 29 ] պես մի մեծ մեխ էր, որը մինչև վերջ խրված էր շրջանակի անցքը։

Եթե կարծում եք, թե ես հուսախաբվեցի, ուրեմն լավ չեք ըմբռնում ինդուկտիվ մեթոդի էությունը։ Մարզիկների լեզվով ասած, ես ոչ մի տեղ չէի սայթաքել։ Շղթայի ոչ մի օղակ չէր վրիպել իմ ուշադրությունից և ես բնավ հետքը չէի կորցրել։ Ես պարզապես հասել էի գաղտնիքի կիզակետին և այդ կետը մեխն էր։ Այն շատ նման էր մյուսին, բայց այդ նմանությունը (որքան էլ որ պերճախոս էր) ոչինչ չարժեր իմ համոզվածության կողքին: «Ուրեմն սա թյուրին մեխ է»,— եզրակացրի ես։ Եվ իրոք, հազիվ էի դիպել այդ մեխին, երբ նրա գլխիկը վերևի մասի հետ պոկվեց ու մնաց իմ ձեռքում։ Մեխի մեծ մասը մնացել էր անցքի մեջ։ Կտրվածքի եզրերը ժանգոտ էին, և ես ենթադրեցի, որ մեխը կիսվել է բավական վաղուց։ Մուրճի հարվածից նրա գլխիկն իր եզրով մտել էր շրջանակի մեջ և, այն իր տեղը դնելով, տեսա, որ մեխն ամբողջական տեսք ունի և ոչ մի կասկած չի հարուցում։ Սեղմելով գաղտնի կոճակը՝ ես զգույշ բարձրացրի փեղկը. մեխի գլխիկը մնաց շրջանակի մեջ։ Երբ ես պատուհանն իջեցրի, մեխը նորից ամբողջական տեսք ստացավ:

Այսպիսով, առեղծվածի համապատասխան մասը լուծված էր՝ հանցագործը փախել էր մահճակալի սնարի մոտ գտնվող պատուհանից։ Երբ շրջանակն իջել էր (ինքն իրեն կամ փախչողի օգնությամբ), գաղտնի սողնակն այն նորից պինդ ամրացրել էր։ Ոստիկանները սողնակի կատարած դերը վերագրել էին մեխին, և այդպիսով հրաժարվել այդ ուղղությամբ մտածելուց։

Մնում էր պարզել, թե հանցագործն ինչպես է հինգերորդ հարկից իջել բակ։ Այս հարցում ինձ լիովին բավարարեց տան շուրջը կատարած մեր պտույտը։ Վերոհիշյալ պատուհանի գոգից մոտ հինգ ու կես ոտք հեռավորության վրա մի շանթարգել է անցնում, բայց դրանից պատուհանին հասնելը, էլ չեմ ասում ներս մտնելը, բոլորովին անհնար է։ Բայց ես նկատեցի, որ չորրորդ հարկի պատուհանների դրսի փեղկերը այսպես կոչված ferrades հնատիպ ձևի են, որը դեռևս բավական տարածված է Լիոնի կամ Բորդոյի մենատներում: Այդ փեղկը սովորական փայտե մի դռնակ է, որը ծածկում է ամբողջ պատուհանը և մոտ երեք ու կես ոտք լայնություն ունի։ Փեղկի վերևի մասը վանդակապատ է և շատ հարմար է նրանից ձեռքով կախվելու համար։ Երբ մենք անցնում էինք պատուհանների տակով, երկու [ 30 ] փեղկն էլ կիսով չափ բաց էին և պատի հետ ուղիղ անկյուն էին կազմում։ Հնարավոր է, որ ոստիկանները պատուհաններին նայել են հենց մեր դիրքից, և քանի որ փեղկերը միայն կողքից են տեսել, ուստի և արժանի ուշադրություն չեն դարձրել դրանց բավական մեծ լայնքի վրա։ Փաստորեն, հենց սկզբից համոզվելով, որ պատուհանից փախչելու հնար չկա, նրանք այլևս հաշվի չեն առել այդ հնարավորությունը։ Մինչդեռ ես պարզ տեսնում էի, որ մեզ հետաքրքրող պատուհանի փեղկը, լրիվ բացվելու դեպքում, շանթարգելից երկու ոտք հեռավորության վրա կգտնվի:

Բացառիկ ճարպիկ ու համարձակ հանցագործը կարող էր, շանթարգելից բռնված, ձեռքը պարզել և կառչել պատուհանի բաց փեղկից։ Այնուհետև, եթե ընդունենք, որ պատուհանն էլ էր բաց, նա կարող էր ոտքերով պատից հրվել և, որոշակի ճկունություն դրսևորելով, ներս ընկնել սենյակ։

Ես ուզում եմ հատկապես նշել, որ խոսքն այստեղ բացառիկ ճարպկության և ուժի մասին է, առանց որի բացարձակապես անհնար կլիներ նման ցատկ կատարել։ Նախ և առաջ ես ուզում եմ ապացուցել, որ այդ ցատկը ֆիզիկապես իրագործելի է, իսկ այնուհետև ընդգծել, որ դրա համար գրեթե գերբնական մարզվածություն է պետք։

— Դուք, անկասկած, կառարկեք, որ, ինչպես ասում են դատապաշտպանները, «հարցը հօգուտ ինձ լուծելու համար» ես լավ կանեի, եթե թերագնահատեի հնարավոր հանցագործի ուժը: Բայց դա արդեն իրավաբանների գործն է. անձամբ ինձ միայն ճշմարտությունն է հետաքրքրում։ Առայժմ ես կուզենայի, որ դուք ճիշտ պատկերացնեք հետևյալ հարաբերությունը. մի կողմից իմ արդեն նշած աներևակայական ուժն ու ճարպկությունը, մյուս կողմից՝ այն ճղճղան, ընդհատվող և չկապակցված հնչյունները, որոնց ազգային պատկանելության հարցից վկաներն այդպես էլ գլուխ չհանեցին։

Այստեղ ինձ թվաց, թե ես ուր որ է կհասկանամ Դյուպենի խոսքերը։ Իմ ուղեղում առկայծեց մի աղոտ ու կիսատ միտք, որն ի վերջո այդպես էլ չձևավորվեց։ Հաճախ նույն բանն է պատահում, երբ մենք փորձում ենք, բայց այնպես էլ չենք կարողանում ինչ֊որ բան հիշել։

Դյուպենը շարունակում էր։

— Դուք երևի նկատեցիք, որ ես փախչելու հարցից հանգեցի [ 31 ] սենյակը թափանցելու հարցին։ Ուզում եմ ասել, որ երկու դեպքում էլ հանցագործը կատարել է միևնույն գործողությունը։ Այժմ անդրադառնանք ննջարանի վիճակին։ Ըստ թերթի հաղորդագրության, պահարանի դարակներից բավական բան է գողացված։ Դժվար չէ նկատել, որ այս ենթադրությունը բոլորովին անհիմն է։ Պահարանում հիմա էլ բավական հագուստ կա, և ոչ ոք չի կարող պնդել, թե այնտեղ ավելին է եղել։ Հայտնի է, որ տիկին Լեպանեն և իր դուստրը բավական փակ կյանք են վարել և հարուստ հանդերձարանի կարիք չեն ունեցել։ Գտնված հագուստներն անկասկած այդ կանանց ունեցածների շարքում վերջին տեղը չեն գրավել։ Եթե գողը հրապուրվել է կանացի հագուստով, ապա ինչու չի տարել լավագույնները կամ ընդհանրապես բոլորը։ Կարճ ասած, ինչու պիտի հանուն ինչ֊որ լաթերի իրեն զրկեր չորս հազար ֆրանկից։ Չէ որ նա իսկապես ոսկին չի վերցրել՝ մսյո Մինյոի նշած ամբողջ գումարը քսակների մեջ շպրտված էր գետնին։ Այնպես որ, եկեք հրաժարվենք դրդապատճառ փնտրելուց, քանի որ ոստիկանությունը կառչել է այդ մտքից սոսկ բանկատիրոջ վկայությունից ելնելով։ Ես կարող եմ բազմաթիվ զուգադիպություններ նշել, տասն անգամ ավելի ապշեցուցիչ, քան սպանությունից երեք օր առաջ դրամը տուն բերելը, որոնց մենք ուշադրություն անգամ չենք դարձնում։ Ընդհանրապես զուգադիպությունները հաճախ անհաղթահարելի խոչընդոտ են դառնում մտածողների որոշակի տեսակի համար, որոնք ծանոթ չեն հավանականության տեսությանը։ Այնինչ, պետք է նշել, որ այդ տեսությունը հաճախ անգնահատելի օգնական է հանդիսացել շատ ու շատ պանծալի մտախույզների համար։

Ուրիշ բան, եթե դրամն անհետանար։ Այդ դեպքում հանցագործության և դրանից երեք օր առաջ դրամը տուն բերելու միջև իսկապես ինչ֊որ կապ կհաստատվեր և կարելի կլիներ խոսել դրդապատճառի մասին։ Բայց տվյալ դեպքում դրամը ոճրագործության պատճառ համարել նշանակում է, որ հանցագործը տխմարի մեկն է եղել, քանի որ մոռանալով դրամը, մոռացել է նաև իր դրդապատճառը։

Իսկ այժմ, չմոռանալով իմ շեշտած երեք հանգամանքները, այսինքն հանցագործի արտառոց ձայնը, չտեսնված ճարպկությունը և դրդապատճառի անբացատրելիությունը, եկեք դառնանք բուն սպանության պատկերին։ Մենք կտեսնենք մի կնոջ դիակ, որին ձեռքով խեղդել և գլխիվայր խցկել են ծխնելույզի [ 32 ] անցքը։ Սովորական մարդասպաններն այդպես չեն սպանում և առավել ևս, այդպես չեն թաքցնում զոհի դիակը։ Պատկերացրեք, թե ինչպես են դիակը խցկում ծխնելույզը, և դուք կհամաձայնվեք, որ դրա մեջ ինչ֊որ հրեշավոր բան կա, որն անհամատեղելի է նույնիսկ ամենադաժան մարդու մասին ունեցած մեր պատկերացման հետ։ Պատկերացրեք նաև, թե ինչպիսի ահռելի ուժ պիտի ունենար հանցագործը, որպեսզի ծխնելույզով վեր խցկեր դիակը, երբ հինգ հոգով այն հազիվ կարողացան միայն ներքև և դուրս քաշել։

Չմոռանանք, որ այդ ահռելի ուժը հանցագործը դրսևորել է նաև մի շարք այլ պարագաներում։ Հիշո՞ւմ եք բուխարու ճաղերին կպած արմատախիլ արված մազափունջը։ Բոլորն էլ գիտեն, թե որքան դժվար է մարդու գլխից միանգամից թեկուզ քսան մազ պոկելը։ Տվյալ դեպքում դուք տեսաք մազարմատների հետ պոկված գանգամաշկի արնաշաղախ պատառները, որոնք վկայում են մոտ կես միլիոն մազ միանգամից պոկելու համար կիրառված անմարդկային ուժի մասին։ Սովորական մի ածելիով ոչ թե պարզապես կտրված է ծեր կնոջ կոկորդը, այլ գլուխն ամբողջովին անջատված է մարմնից։ Ես դեռ չեմ խոսում ոճրագործի անմարդկային, զարհուրելի անգթության մասին։ Հիշենք թեկուզ տիկին Լեպանեի դիակի տեսքը։ Մսյո Դյուման և նրա պատվարժան օգնական մսյո Էտյենը պնդում են, որ դիակն այլանդակված է ինչ֊որ բութ գործիքով և այդ առումով լիովին իրավացի են։ Բութ գործիքի դերը կատարել է բակի սալահատակը, երբ դիակը պատուհանից դուրս են նետել:

Այսուհանդերձ, այս տարրական փաստը նույնպես վրիպել է ոստիկանների աչքից, ինչպես վրիպել է նաև փեղկերի լայնությունը, որովհետև նրանց հերմետիկ փակված ուղեղներում երբեք չի ծագել այն միտքը, թե պատուհանները, մեխերից անկախ, այնուամենայնիվ կարող էին բացվել։

Ձեզ մնում է միայն պատկերացնել, թե ինչ կստացվի, եթե մենք իրար գումարենք ննջարանի քաոսային վիճակը, ոճրագործի անասելի ուժն ու ճարպկությունը, սպանության անմարդկային դաժանությունը և այն փաստը, որ ամենատարբեր ազգերի ներկայացուցիչները օտար են համարել ննջարանից լսվող անհոդաբաշխ ձայները։ Ի՞նչ կասեք, բարեկամս։

Դյուպենի հարցից ես ակամա փշաքաղվեցի։ [ 33 ] — Կասեմ, որ ոճրագործը ցավագար մի խենթ է, որ փախել է մոտակա հոգեբուժարանից։

— Որոշ առումով դուք ճիշտ եք,— նկատեց Դյուպենը,— թեև մոռանում եք, որ ցանկացած խելագար ուզած֊չուզած պիտի մայրենի լեզու ունենա, և որ որքան էլ բորբոքված ու անկապ խոսի, միևնույնն է, վանկատված ձայներ պիտի արտաբերի։ Բացի այդ, ոչ մի խելագար չի կարող այսպիսի բուրդ ունենալ։— Այստեղ նա ինձ մի փունջ մազ պարզեց.— Ես այս փունջը հանել եմ տիկին Լեպանեի՝ հոգեվարքի մեջ սեղմված բռունցքից։ Սրա՞ն ինչ կասեք։

— Դյուպեն,— տարակուսած բացականչեցի ես,— սրանք մարդու մազեր չեն։

— Իսկ ես չեմ էլ պնդում, թե մարդու են,— նկատեց Դյուպենը,— բայց մինչև որոշակի կարծիք հայտնելը ես ձեզ խնդրում եմ նայել իմ կազմած այս գծագրին։ Ես բնական չափով արտանկարել եմ այն, ինչ ցուցմունքներում կոչվում է «կապտուկներ ու եղունգի հետքեր» օրիորդ Լեպանեի պարանոցին, իսկ բժիշկների հաշվետվության մեջ բնութագրվում որպես «մի շարք թանաքագույն քերծվածքներ ու բծեր, ըստ երևույթին՝ մատնահետքեր»:

— Ըստ նկարի,— շարունակեց Դյուպենը՝ թուղթը իմ առաջ դնելով սեղանին,— կոկորդը շատ պինդ են սեղմել։ Ձեռքը ոչ մի անգամ տեղից չի շարժվել, և ամեն մի մատը մինչև վերջ մնացել է իր տեղում։ Իսկ հիմա փորձեք ձեր զույգ ձեռքերի մատները տեղադրել համապատասխան հետքերի մեջ:

Ես փորձեցի, բայց ոչ մի արդյունքի չհասա:

— Սպասե՛ք, մենք երևի ճիշտ չենք վարվում. չէ՞ որ վիզը տափակ չէ,— միջամտեց Դյուպենը,— ավելի լավ է թուղթը փաթաթենք մարդու վզի շառավիղն ունեցող այս գլանին և փորձենք նորից։

Ես հենց այդպես էլ արի, բայց այս անգամ գործն ավելի դժվարացավ։

— Սա մարդու ձեռքի հետք չէ,— վերջապես ասացի ես։

— Իսկ այժմ,— առաջարկեց Դյուպենը,— կարդացեք Կյուվյեիi հետևյալ պարբերությունը։

Դա Օստ֊հնդկական կղզիներում բնակվող հսկայական գորշ օրանգուտանի մանրամասն կազմախոսությունն էր։ Այդ ահռելի կաթնասունները բոլորին հայտնի են իրենց վիթխարի հասակով, [ 34 ] աներևակայելի ուժով, դաժանությամբ և կապկելու գերազանց ունակությամբ: Ես իսկույն պատկերացրի սոսկալի սպանության տեսարանը։

— Մատների նկարագրությունը,— ասացի ես,— ճիշտ և ճիշտ համընկնում է ձեր գծագրի հետ։ Հիմա ես հասկանում եմ, որ այստեղ նկարագրված օրանգուտանից բացի, ուրիշ ոչ մի կենդանի չէր կարող նման հետքեր թողնել։ Ժանգի գույնի բուրդը նույնպես համընկնում է Կյուվյեի նկարագրած գազանի հետ։ Բայց ես դեռ չեմ պատկերացնում սպանության ամբողջ ընթացքը. չէ՞ որ վկաները ֆրանսերեն խոսող մարդու ձայն էլ են լսել։

— Համաձայն եմ։ Դուք պետք է որ հիշեք, որ այդ մարդուն բոլորը միաձայն վերագրում են mon Dieu բացականչությունը, որը հրուշակագործ Մորոն, տվյալ դեպքում միանգամայն արդարացիորեն, հանդիմանության արտահայտություն է համարում։ Առեղծվածի վերջնական լուծման իմ հույսը կապված է հենց այդ արտահայտության հետ։ Ես կարծում եմ, որ մի ոմն ֆրանսիացի ականատես է եղել ոճրագործությանը։ Հնարավոր է, ես կասեի նույնիսկ կասկած չի հարուցում, որ սպանությանը նա չի մասնակցել։ Կապիկը պետք է որ փախած լինի նրանից։ Ֆրանսիացին վազել է նրա ետևից մինչև տիկին Լեպանեի տունը, բայց, բնականաբար, ի վիճակի չի եղել միջամտել այնտեղ կատարված դեպքերին։ Երևի կապիկը հիմա էլ դեռ մի տեղ ազատ վազվզում է։ Իմ այս կռահումներն այնքան խախուտ հիմք ունեն, որ ես դժվարանում եմ դրանք ձևակերպել և առավել ևս մատչելի ձևով ներկայացնել ձեզ։ Ինչևէ, եթե մեր ֆրանսիացին իրոք անմեղ է, ապա պիտի որ այստեղ գա, հետևելով այսօրվա թերթում տված իմ հայտարարությանը: Ես ընտրեցի «Le Monde»֊ը, որովհետև այն նավագնացությանը բավական մեծ տեղ է հատկացնում և շատ տարածված է նավաստիների շրջանում։

Նա ինձ մեկնեց թերթը, և ես կարդացի հետևյալ հայտարարությունը.

ՈՐՍՎԱԾ է Բուլոնյան անտառում: Այսինչ ամսվա այսինչին (սպանության օրը), վաղ առավոտյան բռնված է Բորնեզյան ցեղի վիթխարի մի օրանգուտան: Կվերադարձվի օրինական տիրոջը (ըստ տեղեկությունների մալթիական նավի նավաստի)՝ որսալու և խնամելու ծախսերը հատուցելու պայմանով: Դիմել [ 35 ] Սեն Ժերմեն արվարձան... փողոց, տուն համար... հինգերորդ հարկ։

— Իսկ ի՞նչ գիտեք,— հարցրի ես,— որ այդ մարդը նավաստի է, այն էլ՝ մալթիական նավի։

— Ես չգիտեմ,— առարկեց Դյուպենը,— և բնավ համոզված չեմ։ Ահա կեղտոտ մի ժապավեն, որով նավաստիները սովորաբար կապում են իրենց queues[15]֊ները։ Ես այն գտել եմ շանթարգելի տակ։ Ընդ որում, այն կապված է միայն մալթիական նավաստիներին հատուկ մի ձևով։ Այն չի կարող պատկանել զոհերից և ոչ մեկին։ Բացի այդ, եթե ես նույնիսկ սխալվեմ, այդ մարդը պարզապես կկարծի, որ մոլորության մեջ եմ ընկել և դրան առանձնապես կարևորություն չի տա։ Իսկ եթե ճիշտ դուրս գամ, ապա մենք շատ բան կշահենք։ Ամեն դեպքում նավաստին մի լավ ծանր ու թեթև կանի՝ արժե՞ գալ, թե՞ ոչ։ Նա կմտածի՝ «Ես անմեղ, աղքատ մարդ եմ: Օրանգուտանը բավական մեծ գին ունի, ինձ համար դա մի ամբողջ կարողություն է: Ինչո՞ւ պիտի փուչ կասկածամտության պատճառով այդքան փող կորցնեմ։ Նրան բռնել են սպանության վայրից շատ հեռու, Բուլոնյան անտառում, և վերջապես, ո՞ւմ մտքով կանցնի, որ այդ ամենը կարող է կապկի արածը լինել: Ոստիկանությունը ոչինչ չի կասկածում, և եթե նույնիսկ պարզվի, թե կապիկն ինչ է արել, ոչ ոք չի կարող ապացուցել, որ ես մեղավոր եմ: Վերջապես, ինչ֊որ մեկն ինձ արդեն գիտի, և հայտնի չէ, թե իմ մասին ինչ է պատմել հայտարարություն տվողին։ Եթե ես այդ թանկ կապիկը հետ չուզեմ, ապա հենց դրանով կասկածի տակ կընկնեմ։ Ավելի լավ է օրանգուտանին վերցնեմ ու թաքցնեմ, մինչև ամեն ինչ մոռացվի֊գնա»:

Սանդղահարթակից քայլերի ձայն լսվեց։

— Ատրճանակները պատրաստեք,— զգուշացրեց Դյուպենը,— միայն թե ցույց չտաք և չկրակեք, մինչև որ ազդանշան տամ:

Քանի որ տան դրսի դուռը բաց էր, այցելուն զանգը չէր քաշել և արդեն վերև էր բարձրանում։ Հանկարծ մենք լսեցինք, թե ինչպես նա կանգ առավ և սկսեց իջնել։ Հազիվ էր Դյուպենը նետվել դռան կողմը, երբ այցելուն նորից հետ դարձավ ու քիչ անց դուռը թակեց։ [ 36 ] — Համեցեք,— ասաց Դյուպենը զվարթ ու սրտաբուխ ձայնով։

Ներս մտավ մի բարձրահասակ, թիկնեղ ու մկանուտ տղամարդ, որն անկասկած նավաստի էր։ Չնայած իր հանդուգն տեսքին, նա բավական հաճելի տպավորություն էր թողնում: Արևահարված դեմքի մեծ մասը ծածկում էր այտամորուսը և mustachio[16]֊ն։ Ձեռքին մի ծանր մահակ կար, բայց նա կարծես ուրիշ ոչ մի զենք չուներ։ Նա անվարժ գլուխ տվեց ու մեզ բարի երեկո մաղթեց։ Ֆրանսերեն խոսում էր թեթևակի նոֆշատելյան առոգանությամբ, բայց փարիզեցու պես մաքուր։

— Նստեցեք, բարեկամս,— առաջարկեց նրան Դյուպենը,— Դուք, իհարկե, կապկի համա՞ր եք եկել։ Անկեղծ ասած ես Ձեզ նախանձում եմ այդպիսի մի սքանչելի նմուշ ունենալու համար։ Երևի շատ թանկ արժի։ Ի՞նչ եք կարծում՝ նա քանի՞ տարեկան կլինի:

Նավաստին թեթևացած շունչ քաշեց ու պատասխանեց.

— Ճիշտն ասած, հաստատ չգիտեմ, բայց մի հինգ տարեկանից ավել չի լինի։ Իսկ որտե՞ղ եք նրան պահել։

— Տան մեջ հարմարություն չունենք, ստիպված թողել ենք Դյուբար փողոցի ախոռատանը, այստեղից հեռու չէ։ Առավոտյան կարող եք գնալ ու վերցնել։ Դուք, իհարկե, նրան կճանաչե՞ք։

— Ի՜նչ խոսք, պարոն։

— Ցավում եմ, որ պիտի բաժանվեմ նրանից։

— Անհո՛գ եղեք, մսյո,— հանգստացրեց նավաստին,— ես ևս հասկանում եմ։ Սիրով կհատուցեմ ձեր բոլոր ծախսերը, եթե, իհարկե, խելքին մոտ գումար ուզեք։

— Տեսնում եմ, որ օրինավոր մարդ եք,— ասաց բարեկամս,— մի տեսնեմ, թե ինչ եմ ձեզնից պահանջելու։ Ասենք ես ոչինչ էլ չեմ ուզի, եթե դուք պատմեք այն ամենը, ինչ գիտեք Մորգ փողոցի սպանությունների մասին։

Դյուպենը ձայնը չէր բարձրացրել և շատ հանգիստ էր խոսում։ Վերջին խոսքերն արտասանելիս նա մոտեցավ դռանը, փակեց այն ու բանալին դրեց գրպանը։ Ապա մյուս գրպանից հանեց ատրճանակը ու անվրդով դրեց սեղանին։

Նավաստու շունչը կտրվում էր, դեմքը խիստ կարմրել էր, նա կտրուկ ճանկեց մահակն ու վեր թռավ, բայց իսկույն անկամ [ 37 ] տեղն ընկավ, սաստիկ գունատվեց ու սկսեց սրթսրթալ: Նա ոչ մի բառ չարտասանեց։ Ես անկեղծորեն խղճում էի նրան:

— Իզուր եք վախենում, բարեկամս,— հանգստացրեց նրան Դյուպենը։— Ես ձեզ ազնիվ մարդու և ֆրանսիացու խոսք եմ տալիս, որ մենք ոչ մի վատ մտադրություն չունենք։ Ես շատ լավ գիտեմ, որ դուք սպանությանը չեք մասնակցել, թեև ինչ֊որ չափով կապված եք դրա հետ։ Ինչպես տեսնում եք, ես այդ գործի մասին սպառիչ տեղեկություններ ունեմ, և այն էլ այնպիսի մի աղբյուրից, որի գոյության մասին դուք անգամ չեք կասկածում։ Դուք ձեզ մեղադրելու ոչ մի առիթ չեք տվել։ Դուք տունը չեք թալանել, չնայած այդ անելու համար ունեցել եք ամեն մի հնարավորություն։ Դուք թաքցնելու ոչ մի բան կամ թաքնվելու համար ոչ մի առիթ չունեք։ Մյուս կողմից, ձեր խիղճը պարտավորեցնում է ձեզ պատմել այն ամենը, ինչ դուք գիտեք այդ ողբերգության մասին։ Սպանության կասկածն ընկած է մի անմեղ մարդու վրա, որն այժմ ձերբակալված է։ Դուք կարող եք նրան ազատել միայն իսկական հանցագործին բացահայտելով։

Նավաստին վերջապես ուշքի եկավ, բայց նրա երբեմնի հանդգնությունից նշույլ անգամ չէր մնացել։

— Աստվա՜ծ օգնական,— ասաց նա, մի փոքր լռեց ու շարունակեց։— Ես, իհարկե, չեմ կարծում, թե դուք կհավատաք իմ ամբողջ պատմությանը, բայց ես, միևնույնն է, ոչ մի մեղք չունեմ։ Ամեն ինչ կպատմեմ, թեկուզ ինձ դրա համար մահապատժի դատապարտեն։

Կարճ ասած՝ նավաստին պատմեց հետևյալը. վերջերս նրանց նավը խարիսխ էր գցել Հնդկական կղզիների ջրերում։ Մի խումբ նավաստիների հետ նա իջել էր Բոռնեո կղզում զբոսնելու։ Օրանգուտանին բռնել էր իր ընկերներից մեկի օգնությամբ, բայց ընկերը որոշ ժամանակ անց մեռել էր, և ինքը դառել էր կենդանու միակ տերը։ Կապիկին Փարիզ բերելիս նրա վայրենի խառնվածքի երեսից մեծ նեղություններ է կրել։ Տանը կենդանուն միշտ փակ տեղ է պահել, որպեսզի անտեղի չգրգռի հարևանների հարցասիրությունը։ Մտադիր է եղել կապիկին պահել այնքան, մինչև որ բուժվեր նրա՝ նավի վրա վիրավորված ոտքը, իսկ հետո վաճառել։

Մի քանի օր առաջ, ուրախ խնջույքից տուն գալով, հենց սպանության գիշերը, կամ, ավելի շուտ, առավոտը, նա կապիկին գտել է սեփական ննջասենյակում։ Պարզվել է, որ օրանգուտանը [ 38 ] կոտրած է եղել իր խուցը սենյակից անջատող միջնորմը։ Փրփուրը դեմքին և ածելին ձեռքին բռնած, նա պատրաստվել է ոչ ավել, ոչ պակաս տիրոջ պես սափրվել, քանի որ մինչ այդ բազմիցս դռան անցքից հետևել է այդ գործողությանը։ Վտանգավոր զենքն այդ կատաղի կենդանու ձեռքում տեսնելով՝ նավաստին մի պահ գլուխը կորցրել է։ Բայց քանի որ նա արդեն գտել էր նույնիսկ կատաղած կապիկի հախից գալու ձևը, անմիջապես մտրակը ձեռքն է առել։ Մտրակը տեսնելով՝ կապիկն իսկույն սենյակից դուրս է ցատկել և աստիճանահարթակի բաց մնացած պատուհանից նետվել փողոց։ Ընկճված ֆրանսիացին անհապաղ վազել է նրա ետևից։ Ածելին ձեռքից բաց չթողնելով՝ կապիկը մեկ֊մեկ կանգ է առել, որպեսզի նավաստուն ծաղրի, բայց ոչ մի անգամ նրան մոտ չի թողել։ Առավոտյան ժամը երեքին մոտ, ամայի փողոցներից մեկում, նրան գրավել է տիկին Լեպանեի պատուհանի լույսը։ Մոտ վազելով շանթարգելին՝ կապիկն իսկույն ճարպկորեն մագլցել է վեր ու պատուհանի բացված փեղկից կառչելով, թռել սենյակ։ Այդ ամենը մի րոպե էլ չի տևել։ Ներս մտնելուն պես կապիկը ոտքի ուժեղ հարվածով ետ է շպրտել փեղկը։ Նավաստին ուրախացել է, բայց միաժամանակ նաև մտահոգվել։ Կապիկը փաստորեն ծուղակն էր ընկել և կարող էր փախչել միայն շանթարգելի միջոցով, ուստի և տերն իսկույն նրան կբռներ։ Բայց կապիկը կարող էր նաև տանն ինչ ասես անել, և այդ նկատառումը ստիպել է նավաստուն հետևել նրա օրինակին։ Շանթարգելով բարձրանալը, այն էլ նավաստու համար, չնչին բան է եղել, բայց նա միայն մեծ դժվարությամբ կարողացել է ընդամենը պատուհանից ներս նայել։ Աչքին բացված սոսկալի տեսարանից քիչ է մնացել վայր ընկնի։ Հենց այդ ժամանակ են լսվել այն աղեկտուր ճիչերը, որոնք արթնացրել են Մորգ փողոցի բնակիչներին, տիկին Լեպանեն և նրա դուստրը, գիշերաշապիկները հագներին նստած, զբաղված էին սենյակի մեջտեղը քաշված փոքրիկ սնդուկի թղթերով։ Սնդուկի խուփը բաց էր, իսկ նրա պարունակությունը ցրված սենյակի հատակին։ Կապիկի ներս ցատկելու պահին զոհերը երևի նստած են եղել մեջքով դեպի պատուհանը, քանի որ անմիջապես չեն ճչացել։ Փեղկի թխկոցը նրանք հավանաբար վերագրել են քամուն։

Նավաստու լուսամուտից ներս նայելու պահին օրանգուտանը բռնած է եղել տիկին Լեպանեի քնից առաջ դեռ չսանրած [ 39 ] մազերից՝ կապկելով վարսավիրի շարժումները։ Նա ածելին տարուբերել է խեղճ կնոջ դեմքի առաջ, մտադրվելով նրան սափրել: Աղջիկն ուշաթափված է եղել։ Պառավի ճիչերից ու դիմադրությունից (որի ընթացքում հենց պոկել է մազերը) կապիկի խաղաղ մտադրությունները փոխվել են կատաղության։ Մի հարվածով նա կտրել է տիկնոջ վիզը և, արյան տեսքից ավելի գազազելով, հարձակվել աղջկա վրա։ Աչքերից կրակ թափելով ու ատամները կրճտացնելով, նա կատաղի ուժով խեղդել է օրիորդին, մինչև որ վերջինս շունչը փչել է: Գազազած դեսուդեն նայելով՝ կապիկը հանկարծ սենյակի խորքում պատուհանի մեջ տեսել է տիրոջ սփրթնած դեմքը։ Հիշելով մտրակի անողոք հարվածներն ու հասկանալով, որ պատժի արժանի բան է արել, կապիկն ակամա փորձել է թաքցնել դիակները։ Նա մոլեգնած վազվզել է սենյակով մեկ, ջարդուխուրդ անելով կահույքը ու ցրիվ տալով անկողինը։ Վերջապես ճանկել է օրիորդի դիակն ու խցկել ծխնելույզը, իսկ մոր դիակն առանց երկար բարակ մտածելու պատուհանից դուրս նետել։

Նավաստին ինքն էլ չի իմացել, թե ինչպես է հայտնվել բակում, երբ տեսել է պատուհանին մոտեցող, այլանդակված դիակը շալակած կապկին։ Զարհուրելի ոճրի հետևանքներից սոսկալով, նա լեղապատառ տուն է փախել, հրաժարվելով կապիկին որսալու ամեն մի մտքից։ Սանդուղքներով բարձրացող մարդկանց լսած վեճի ձայները հենց նավաստու սարսափահար բացականչություններն ու կատաղած գազանի լփռտոցն են եղել։

Իմ կողմից ավելացնեմ, որ դուռը կոտրելուց առաջ կապիկը հասցրել էր շանթարգելով փախչել և, հավանաբար, իր ետևից իջեցրել էր պատուհանի փեղկը։

Նավաստին որոշ ժամանակ անց ինքը բռնեց փախստականին ու մեծ գնով վաճառեց կենդանաբանական այգուն։ Լըբոնին իսկույն ազատ արձակեցին, քանի որ նույն օրը մենք ներկայացել էինք ոստիկանապետին և նրան ամեն ինչ պատմել (Դյուպենն իրեն չէր զսպել ու մի երկու կծու մեկնաբանություն էր տվել)։ Չնայած իր բարյացակամ տրամադրությանը, այդ պաշտոնյան, անկասկած, հիասթափված էր գործի նման լուծումով, և մի երկու անգամ նույնիսկ ակնարկեց, թե վատ չէր լինի, եթե ամեն մարդ իր գործով զբաղվեր։

— Թող խոսի,— հետո ասաց ինձ Դյուպենը, որը բանի տեղ չէր դրել ոստիկանի այդ խոսքերը,— թող փնթփնթա, թե չէ նախանձից [ 40 ] կպայթի։ Իր իսկ բնագավառում նրան ջախջախելու փաստն ինձ լրիվ հերիք է։ Ի դեպ, նա իզուր է զարմանում, որ չի կարողացել լուծել այդ առեղծվածը։ Նա չափից դուրս խորամանկ է խորաթափանց լինելու համար, իսկ նրա մեթոդն՝ անողնաշար։ Նրա իմաստությունը մի գլուխ է առանց մարմնի, նման Լավերնա աստվածուհու պատկերին, կամ լավագույն դեպքում՝ ձկան պես գլուխ և ուսեր ունի, բայց ուրիշ ոչինչ: Համենայն դեպս, վատ մարդ չէ: Ինձ հատկապես հիացնում է այն հմտությունը, որով նա խելացի մարդու համբավ է ձեռք բերել։ Ես նկատի ունեմ այն, թե ինչպես է նա «de nier ce qui est, et d'expliquer ce n'est pas»[17]:

  1. Առավելապես (ֆր.): Տողատակի բոլոր ծանոթագրությունները թարգմանչինն են։
  2. Տարօրինակություն (ֆր.):
  3. Երբեմնի (լատ.):
  4. Ւր նմաններին (լատ.):
  5. Աչքակապություն (ֆր.)։
  6. Առաջին տառը կորցրել է՝ իր երբեմնի հնչումը (լատ.)։
  7. Դատական օրաթերթ (ֆր.)
  8. Նզովք, սատանան տանի (ֆր.)։
  9. Աստվա՜ծ իմ (ֆր.)
  10. Սրունքի ոսկորը (լատ)։
  11. Երաժշտությունն ավելի լավ ընկալելու համար (ֆր․)։
  12. Բարապանի կացարան (ֆր․)։
  13. Ներողամտորեն հանդուրժում էի (ֆր.)։
  14. Հակառակ կարգով (լատ.):
  15. Հյուսերը (ֆր.)։
  16. Բեղեր (իտ.):
  17. Հերքում այն, ինչ գոյություն ունի, և հաստատում այն, ինչ գոյություն չունի (ֆր.):