Քաջերի կյանքից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սովի ժամանակից Քաջերի կյանքից

Հովհաննես Թումանյան

1894
Աղքատի պատիվը
[ 16 ]
1894
ՔԱՋԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

«…Քաջ լոռեցիք էլ որ իմացան, էլ դինջություն
չունեին, սրանք էլ էին ուզում նրանց իրանց
մեջը բերեն, պատիվ տան։ Մեկ ամսաչափ էլ
էստեղ մնաց (Աղասին)…»

Վերք Հայաստանի, էջ 206

I

182<6> թվականին բացվեց Երևանի պատերազմը։ Ռուսաց զորքը դեռ չէր հասել պատերազմի բեմը, և սանձարձակ պարսիկներն ասպատակելով, կողոպտելով Շիրակը, Փամբակն ու Աբարանը, առաջ էին գալիս։

Հասան խանի խաժամուժ հրոսակներն արդեն Խըլղարաքիլիսեն քանդել, Ղշլաղը կրակել, Ղարաքիլիսեն ավերել, ռուսաց սակավաթիվ զորքը ջարդել, Լոռու ձորերի բերանն էին հասել։

Նրանց առաջից փախչում էր զարհուրած հայոց ժողովուրդը, փախչում էր ամեն բան թողած, յուր չոր գլուխն առած, որ ետևից եկող թշնամուց ու մահից պատսպարվելու մի տեղ գտնի։

Պարսիկների այս բարբարոսական շարժումը ոգևորեց, ոտի կանգնացրեց իրանց կրոնակից Ղազախ-Բորչալվի թուրք ցեղերին, ուր դեռ չէր հասել Հասան խանը։ Այս կողմերից էլ հալածվեցան, տեղից ու գեղից պոկ եկան, փախստական դարձան հայերը, և Փամբակ, Շորագյալ, Աբարան, Ղազախ, Բորչալու տակնուվրա եղան, դատարկվեցան մի քանի օրում։

Այս բոլոր հալածականներն ամեն կողմից փախչում-թափվում էին Լոռու ամուր ձորերը, մինչև կհասնեին Դսեղ։ [ 17 ]

II

Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի։ Նրա փոքրիկ հարթավայրը շրջափակված ու ամրացած է՝ հարավից անտառապատ սարերով, իսկ մնացած երեք կողմից խոր ձորերով։

Նրա հանդի սահմանները հարավից սկսվում են հովասուն, բարձր լեռներով, հյուսիսում վերջանում անդնդախոր ձորերով։ Նրա հարավային սահմանում՝ Քոշաքարի ժեռուտ կատարին, թռչկոտում է քոշը և բուսնում ղանձիլ, իսկ հյուսիսում՝ Ձաղի ձորում, ապրում է կարիճ և հասնում խաղող։

Այս երկու սահմանների մեջ կան թանձրախիտ, կուսական անտառներ, որ կացնի ձայն չեն լսած, ուր ծառերի փչակներում բուն է դնում մեղուն, թալաներում ապահով վխտում են երեները, մոռուտներում ինքնիշխան թագավորում է արջը, և շամբուտներում հանգիստ ապրում է վարազը։ Կան ժայռեր, ուր բուն է դնում արծիվը և թռչկոտում այծյամը…

Բայց մենակ հրաշալի բնության համար չեն խելոք ճանապարհորդներն այս գյուղը կոչել «փոքրիկ Զեյթուն», կամ դիրքի ամրությունը չէր պատճառը, որ թշնամու ոտքը չէր ծեծում այստեղ։

Հին ժամանակներից ի վեր Դսեղը պարծեցել է յուր քաջերով։ Առած է դարձել, թե «Դսեղա իգիթների անունը Դաղստան է հասել»։

Դսեղա ձորերը լիքն են ավերակ տնակներով։ Այդ բոլորը ժամանակավոր բնակարան ու օթևան են եղել զանազան տեղերի ժողովուրդների, որ ահ ու փախի ժամանակ ապաստանել են այս տեղերը, մինչև անցել է երկյուղն ու թշնամին։

Այս այն Դսեղն է, որ մեծազոր Մամիկոնյանները, Արշակունյաց փառքի վերջալույսին, երեսուն տարի ևս մեն–մենակ հաղթանակներով ճակատ-ճակատի զարկելով պարսիկների ու արաբների հետ, ձանձրացած, X դարում թողին իրանց հայրենի սրբազան Տարոնը, եկան բնակվեցին այստեղ։

Դեռ մնում են նրանց շիրիմները, նրանց կանգնած խաչարձաններն ու մատուռները, դեռ մնում է նրանց կառուցած [ 18 ] ճերմակ տաճարը՝ Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը, և դեռ կանգուն Սիրուն Խաչի վրա կարդացվում է «Յիշխանութեան տանն Մամիկոնեան…»։

Դեռ ժողովուրդն ավանդորեն պատմում է, թե այստեղ ապրեցին այն լավերը, այստեղ կռվեցին և այստեղ մեռան…

III

Ինչպես ղրղին հանկարծ վրա է տալիս, և ճնճղուկները ահաբեկված այս ու այն կողմից փախչում-լցվում են մի թփի մեջ, որ ազատվեն, ինչպես ուրուրը պտտվում է երկնքում, և հավի ճուտերը լեղապատառ հավաքվում են մոր թևի տակը,- այնպես էր Հասան խանի ահից հալածված՝ Փամբակա, Շորագյալի, Աբարանու, Ղազախու, Բորչալվի, Լոռու ժողովուրդը փախել, լցվել Դսեղա ձորը։

Դսեղեցի Օվագիմ յուզբաշին, քառասուն աժդահա տղամարդ հետն առած, անքուն, անդադար ոտի տակ էր տալիս Սիսի բերդից մինչև Հաղպատ-Սանահին, Լոռու ձորերի մի ծայրից մինչև մյուսը, թևատարած արծվի նման պտտվում էր յուր ձորերի գլխին և սիրտ էր տալիս քարանձավներում, քարափների տակ կուչ եկած, իրան թևի տակը մտած ժողովուրդներին։

- Վա՛խիլ միք,- սրտապնդում էր նա,- քա՞նի գլխանի կըլի էն ղզլբաշը, էն դուշմանը, որ էս ձորերը ոտ կոխի… բաս էլ ընչի համար ենք մեր գլխին տղամարդի գդակ դնում, էլ ընչի համար ենք թուր ու թվանք վեր ունում…

Իրա նման էին և իրա բոլոր ընկերները։ Հասան խանի չափաուլները—ասպատակները առաջին անգամ սրան պատահեցին Գյուլլադագանա կիրճում, Լոռու ձորերի նեղ բերանում, և գլուխները կորցրած ետ նահանջեցին․ երկրորդ անգամ ջարդվեցին Շահալվի ձորում, որ մինչև օրս էլ «Կռվատեղ» է կոչվում, իսկ երրորդ անգամ Հնեվանա ձորում քանդած Ուզունլարի թալանը խլել տվեցին գիշերով։

Այսպես անպարտելի կռվում էր, մի նոր Գայլ Վահանի նման, այս «Լոռու ձորերի աստվածը» յուր առյուծ ընկերներով։ [ 19 ]
IV

Ծերունի Մեհրաբը՝ Օվագիմի հայրը, Լոռու ձորերի նահապետը, իսկի չէր էլ մտածում, թե հարյուր տարին անց է կացրել։ Նրա վիթխարի, բարձր հասակը կորացել էր, նորից ամրացել, ճերմակ մազ ու միրուքը բռնել կուրծք ու երես և աժդահայի ահավորության հետ խառնել, միացրել ծերության պատկառանքը։

Թշնամու անունը նոր ույժ ու եռանդ տվեց նրան, որդու և յուրայինների սխրագործությունները նոր սիրտ, նոր ուրախություն, և, մինչդեռ աշխարքը լողում էր արյան ծովում, այս ծեր արծիվը, յուր ժայռերի գլխին նստած, թշնամու վրա ծիծաղում ու իրանց պապերիցն էր պատմում։

- Մեր պապերն էս թավուր մարդիկ են էլել,- ասում էր նա,- մենք նրանց թոռներն ենք, նրանց սիրտն ու նրանց արինն ունենք… Ղուշն իրան թևովը, օձն իրան պորտովը, թշնամի անունով չպետք է մեր ձորերովն անց կենա։ Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն, մեր տան դուռն ու մեր սիրտը բարեկամի համար ա բաց… Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք, տղամարդի համար՝ աղուհաց…


V

Այս ժամանակներում ամեն մի քաջ տղամարդի համբավ ու գործ կայծակի արագությամբ տարածվում էր երկրեերկիր, բերանեբերան։ Սաստիկ ճնշումն ու հալածանքը կատաղեցրեց, դուրս կանչեց ժողովրդի քաջերին, և ամեն տեղ հոգով արի տղամարդը մռնչաց, աղաղակեց, զենք առավ, սուր բարձրացրեց ղզլբաշի դեմ։ Տառապած, պաշտպանության կարոտ ժողովուրդը ոգևորությամբ նկատում ու հռչակում էր այս սակավաթիվ հերոսներին։

Փամբակա, Շորագյալի, Աբարանու փախածներից ով գալիս, Քանաքեռցի Աղասու գովասանքն էր բերում հետը։ «Աղասի՛ն, իգիթ Աղասին… ղզլբաշի հոգին հանեց… քրդի [ 20 ] արյունով քար ու հող լվաց Աղասին… Ալագյազու վրա պատահեց, հաղթեց… Անի քաղաքում կռվեց կոտորեց Աղասին… Մի տեղ առաջը կտրեցին, ջարդեց անցավ Աղասին… Մի տեղ ուզեցին բռնել, փշրեց, փախավ Աղասին…»։

Այս լուրը ոգևորեց Դսեղա իգիթներին և հայտնեցին Մեհրաբ յուզբաշուն։

- Աֆֆարի՛մ իգիթ,- բացականչեց հիացած ծերունին Աղասու պատմությունը լսելուց հետո,- որտեղ որ լինի, մի բերե՛ք տեսնեմ, ճակատիցը պաչեմ, քանի չեմ մեռել։

Եվ կատարվեցավ ծերունու իղձը։


VI

Աղասին Ղարաքիլիսու սարերից հրավիրված էր Դսեղ։

Հին սովորությամբ անվանի հյուրի պատվին, ինչպես Աղասին էր, խաղեր, հանդեսներ էին սարքվում։ Ջիրիդ (ձիարշավ) էին խաղում «ղոնախի» հետ, թագավորաորս էին անում և ուրիշ դյուցազնական խաղեր էին հորինում։ Բացի պատիվը դրա մեջ կար և մի ուրիշ միտք. այդ հանդեսներում ճանաչում էին իրանց «ղոնախին», թե ինչ շնորհքի տեր մարդ է նա։

Մարդիկ էր ուղարկել ուրախացած Մեհրաբ յուզբաշին և շրջակա տեղերի հայտնի քաջերին հրավիրել, հավաքել Դսեղ։ Եկել էր ճոճկանեցի Խուդին, որ ասլանի սիրտ ուներ, գյուլլուբաղցի Դոնղուզ Ղռանը, որ լեզգու արյուն էր խմում, արդվեցի լեզգի Պետոն, որ մազը մազից ջոկում էր գյուլլով, սանահնեցի Արութինը, որ ձին աստղերի հետ էր խաղացնում, շնողնեցի վիթխարի Վերանը, հաղպատեցի աժդահա Պրանը և ուրիշ անվանի քաջ մարդիկ։ Եկել էին և զանազան տեղերից փախած ժողովուրդների մեծերն ու տանուտերերը։

Այս բոլորին հավաքել էր Մեհրաբ յուզբաշին Աղասու պատվին լինելիք խնջույքն ու հանդեսը փառավոր անելու համար։

Սրա համար էր, որ առավոտը վաղ Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն, որ միևնույն ժամանակ լավ քարագնաց էր, կատվի նման մագլցելով բարձրացավ յուզբաշու տան [ 21 ] դիմացը, մի բարձր խոտի չարդախի աջի ծայրին ամրացրեց մի ընկույզ։

Ժողովուրդը հավաքվել, դուռն ու կտուր բռնել, թամաշավոր էր կանգնել։

Դուրս եկան տանից հրացանավորները, և արծաթաբանդ հրացանները փայլատակեցին արևի շողերից։

— Էդ ինչ եքքա (ահագին) նշան ես դրել, է՛յ Ղազո, քարով տալու համար խո չի…,— զվարճախոսելով ու նշանն արհամարհելով առաջ անցավ ծերունի Մեհրաբը։ Բոլորը հանկարծ լռեցին, ծիծաղ ու աղմուկ դադարեց, շունչները պահած ընկույզին էին նայում։

Հրացանը որոտաց, ընկույզը կորավ։

— Ո՞նց էր,— կրծքին զարկելով ետ դարձավ ծերունին,— չըլնի թե միրքիս եք մտիկ անում, էս շատ մածուն ուտելուցն ա սիպտակել, բա՛ս դուք ի՞նչ եք մտածում… դե՛հ, առաջ արի մի հունարդ տեսնեմ, հենց արա չամաչես իմ ծերությունից,— և հրացանը տվեց Աղասուն։

Նորից բարձրացավ Ղազոն, նոր նշան դրեց, բայց դեռ չէր իջել աջից, որ Աղասու գնդակը նշանը թռցրեց։

Այդպես և մյուսները։

— Էդ չելավ, ես դրան թվանք չեմ գցիլ… տարեք հեռու մի խանչալ տնկեցեք, կողքին էլ մի հաստ տախտակ, որ գյուլլեն պահի։ Նշան դնենք խանչալի սուր բերանին, էնպես, որ գյուլլեն երկու հավասար մասի բաժանվի, եթե մի մասը մյուսից ծանր էլավ, կնշանակի չի դիպել,— ձայն տվեց Օվագիմ յուզբաշին, և համաձայնվեցին սրա հետ։

Այս նշանին առաջին անգամ առաջարկողը հրացան արձակեց, և, որքան ձեռքներում ծանր ու թեթև արին, չկարողացան գնդակի երկու մասերի ծանրությունն իրարից որոշել։

Պակաս չէր և հաղպատեցի Պրանի արածը, որ տախտակում տված առաջին գնդակի ծակով անցկացրեց հետևյալ գնդակները։ Բայց ոչ ոք չհամաձայնվեց կանգնելու արդվեցի լեզգի Պետոյի առաջ, որ առաջարկում էր, թե մեկը հեռու կանգնի, գլխին մի խնձոր դնի, որ ինքը հրացան արձակի խնձորին։ [ 22 ] Եվ այսպես մեկը մյուսից գերազանց հանդիսացան։

Ժողովուրդը ցնծաց, գովեց յուզբաշիներին, գովեց Աղասուն ու յուր ընկերներին և հրավիրված բոլոր քաջերին։




Իսկ իրիկնադեմ ջիրիդ էր նշանակված։

Զուռնի զիլ ձայնն ու դհոլի դրմբոցը իմացրին, թե պատրաստ է ձիարշավի դաշտը, և ժողովուրդն անհամբեր սպասում էր գյուղից վերև։

— Եկա՜ն, եկա՜ն…- հանկարծ ժողովուրդն աղաղակեց, միաժամանակ շների հաչոցն ու ձիաների խրխինջը բարձրացավ, և ահա երևաց դյուցազնական ժամանակներին վայել մի հեծելախումբ։ Հսկա ծերունին՝ Մեհրաբ յուզբաշին, վառվում էր կատարյալ զինավառության մեջ։ Գդակը թեքած աջ ականջի վրա, նա տաքացնում էր յուր ամեհի ձին, և, սպիտակ միրուքը քամու հետ խաղալով, մերթ ուսովն էր անցնում, մերթ՝ կռան տակովը։ Նրան շրջապատած գալիս էին յուրայինները, Աղասին յուր ընկերներով և մյուս հրավիրվածները, բոլորն էլ հզոր, զենք ու զրահի մեջ կորած։

Այսպես երևացին նրանք ձիարշավի տեղը։ Զուռնեն սաստկացավ, ամբոխն անհանգիստ իրար խռնվեց, ամեն մեկն աշխատում էր, որ շատ հիանա այս ահավոր գեղեցկության վրա։

Հանկարծ փոշին բարձրացավ սև ամպի նման, բռնեց բոլորի աչքի առաջը, և ահագին տրոփյունը գետինը շարժեց։

Նրանք երբեմն-երբեմն ջոկվում էին, իրար հետ մրցում, ջիրիդ արձակում կամ խաբսն էին տալիս, փախչում իրար առաջից, խաղ անում ձիու մեջքին ու փորի տակին, ձին չափ գցած ժամանակ իրար գլխարկ էին փախցնում կամ գետնից բան էին վերցնում և, ընկերախաղի տալով, աշխատում էին իրանց շնորհքը ցույց տալ, առանց իրար ջիրիդով վնասելու կամ հաղթելու։

Մի ժամից հետո ամբողջ դաշտը կարծես վարած էր գութանով, կամ հազարավոր խոզեր քանդ էին արել։

Ուրախության աղմուկներով հիացած ժողովուրդը փոշեղեն ամպերում նկատում էր յուր ծերունի նահապետի ճերմակ [ 23 ] միրուքն ու ճերմակ ձին, նրա կողքին փայլականման Աղասուն, առյուծանման Օվագիմին և բոլորին միասին, որպես մի բազմագլխանի մարմին, մի փախած վիշապ։ Ժողովուրդը չէր իմանում, թե որն է որին խնայում…

Այդ չէր իմանում և ցնծության աղաղակներով գովում էր մեկին ու մյուսին, գովում էր ալևոր Մեհրաբին, նրա կորյուններին, քաջ Աղասուն և նրա ռաշիդ ընկերներին և մյուսներին։ Այսպիսի հանդիսից հետո տուն վերադարձան։

Մեհրաբ յուզբաշին պատվիրեց, որ առավոտը գիշերով թոռչիներ (ձկնորսներ) գնան ձորը, ձուկը բռնելու, որսորդներ գնան, որս անելու, և ամեն տեսակ պատրաստություն տեսնեն, որ յուր «ղոնախների» հետ քեֆ է անելու Ձորագետի ափերին։


VII
Ահա սրընթաց Ձորագետը արյուն է տանում[1]։ Մութը ճալիցն, երկու ժայռերի արանքից դուրս պրծած, սելավաջրի նման պղտոր, պրպրած ու փրփրած, տակռապոկ արած ծառ ու մացառ, քար ու քոթուկ իրար խառնած, առաջն արած, գոռալով, թշշալով, վշվշալով, տեղ-տեղ, ուզած տեղը թևերը փռելով, արջախնդռուկի անելով[2], կրկին իրան հավաքելով, ուռչելով ու քարերի գլխովը թռչելով, արթուրմա խաղալով, ցալքուն տալով գալիս է Մազմանա գյոլումը կանգնում, պտիտ գալիս, շունչ առնում, դարան մտնում և հանկարծ վերկենում, իրան թոփ արած, թափ առած, ղրղու նման հասնում, զարկում չոքած Ավանաքարի ապառաժ ծնկներին ու, քինթը ջարդած, լացակնքած, գլուխը քորելով, թոնթորելով գալիս է Սուրբ Նշանի դիմացն երեսին խաչակնքում, սիրտը վեր նստացնում ու, շարական ասելով, աջ կողմի վրա պտտվում, մտնում Հաղպատ–Սանահնա ձորերը։ [ 24 ] 
VIII

Ձորագետի ափերին՝ բոլոր ծառերից բարձր, մի խումբ ընկուզենիներ են բարձրանում․ ծուխը բարձրանում է նրանց միջից վերև, և քաջերի խումբն աղմկալի ուրախանում, քեֆ է անում այն հսկայական հովանու տակ։

Ծառատակերին՝ կանաչ խոտերում, կարմիր խալիչաները տարածել, մի մեծ շրջան են կազմել անխնա լցրած մավի սուփրաների շուրջը։ Ալևոր Մեհրաբն էր յուր հարազատներով, Օվագիմն ու յուր խումբը, Աղասին և յուր ընկերները, Արութինը, Խուդին, լեզգի Պետոն, Դոնղուզ Ղռանը, Վերանը, Պրանը և զանազան տեղերից պատսպարված ժողովուրդների մեծերն ու տանուտերերը։ Ուրախությունից բացվել, ծիծաղում են նրանց խոժոռ դեմքերը, ինչպես առավոտյան արևի տակ այն սև ժայռերը։

Այստեղ եկան ուղարկած որսկանները, սպանած պախրա բերին իշխանների լիքը սուփրեն. ձկնորսները թազա–թազա ձուկն եփեցին Զորագետի ջրովն ու շուռ տվին տերևի վրա, և քեֆն ավելի թեժացավ։

Զվարթ աղմուկի ու ծիծաղի մեջ հնչում էր օձնեցի հռչակավոր ուստա Յանըղի զուռնեն, և թմբուկի հետ դրմբում էին քարերն ու քարանձավները։ Ասողները ճգնում էին իրանց հուժկու ձայներով խլացնել աղմուկն ու զուռնեն, բայց Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն տանում էր բոլորի ուշքը։ Մատռվակները (սաղի) մեծ–մեծ գավերը ձեռքներին, սպասավորում էին շրջանի մեջտեղը պտտվելով․ շարունակ հոսում էր Շուլավերի կարմիր գինին, երկայնակոթ հազարփեշաները անցնում էին ձեռքից ձեռք, և ավելի ևս տաքանալով, աղաղակում էին նրանք՝ մերթ–մերթ նստած տեղերից դատարկելով հրացանները, գնդակները շառաչում էին բարձրաբերձ ժայռերի կրծքերին, և ձորերը բազմապատկում, տանում, հեռացնում էին նրանց որոտը դեպի հեռու ձորեր։ Տեր Մելիքսեթ պարթև քահանան էլ երբեմն-երբեմն մի հոգեբուխ մեղեդի էր վառում կամ ոգևորվելով թնդացնում էր Մամիկոնյան մեծ նախարար Սմբատի անվան երգը՝ «Առյո՜ւծ, արի՛ անպարտելի, ե՛կ, սեր իմ, ե՜կ…»։ Ձորագետն էլ մյուս կողմից [ 25 ] զանազան եղանակներով, հարբած ալևորի նման, հազար ու մի տեսակ ձայնը փոխելով՝ երգում էր ի պատիվ թանկագին հյուրերի…, և այս բոլորը միախառնված իմացնում, ազդարարում էին, թե քաջերը զվարճանում են։


IX

Ուրախության այս թունդ միջոցին ծերունի Մեհրաբը վերցրեց գինով լիքը հազարփեշեն, և բոլորը ուշք դարձրին նրան։

— Աղասի՛,— ձայն տվեց նա,— ես ուզում եմ օխնել էն ծառը, որ քեզ նման բար ա տվել… ո՞նց օխնեմ. աջողություն մաղթե՞նք, թե՞ ողորմաթասը խմենք…

Այս որ ասաց Մեհրաբ յուզբաշին՝ Աղասու պայծառ դեմքը մթնեց, ինչպես մի սև ամպ հանկարծ ծածկում է գարնան արևի երեսը, նա լուռ խոնարհեց գլուխը կրծքին. նրա հետ տխրեցին և յուր ընկերները։

Բոլոր սեղանակիցները իրար երեսի մտիկ տվին հոնքերի տակից, ուզեցին ասել՝ երևի տխուր բան հիշեցրին իրանց հյուրերին։

— Ուրեմն աստված հոգին լուսավորի, աստված նրա դատաստանը քաղցր անի…– մեղմ կարեկցությամբ խոսքն հառաջ տարավ ծերունին։

— Աղասու հերը մեռած չի, յուզբաշի,— գլուխը վեր քաշելով ընդհատեց Աղասու ընկերներից մեկը։

— Բաս ընչի տխրեցիք… ընչի՞ չեք խոսում, Կա՛րո, ի՞նչ կա…

— Տխրացրիր, ո՞նց չի տխրենք, յուզբաշի,— հառաչեց Կարոն։

— Աղասու հերը Երևանու բերդումը եսիր ա… Քանաքեռից աղջիկ փախցնելիս Աղասին ֆարրաշին սպանեց ու փախավ, չոլերն ընկավ, իրան տեղակ հորը բռնեցին… Պառավ մերը, ջահել կնիկն ու երեխաներն էլ…

Կարոյի պատմության հետ մռայլանում էր ծերունի նահապետի դեմքը, որպես Լալվարի սարը աշնան վերջերում, և թավամազ, գորշ հոնքերի տակից աչքերը բարկությամբ վառվում [ 26 ] էին, որպես կայծակը Լալվարի ամպերում։ Սևակնում էին և մյուսները, որպես միասին ամպում են այն սարերը…

Կարոն շարունակում էր.

— Պառավ մերը, ջահել կնիկն ու երեխաներն էլ մնացել են Քանաքեռ՝ թշնամու հողում, ղզլբաշի բերանում… տանջվում են, կանչում են, ձեռքներս հասնում չի… ո՞նց չի տըխրենք…

— Է՛հե՜՜…— բացականչեց ծերունի Մեհրաբը այնպիսի եղանակով, որպես թե մի անսպասելի չար գաղտնիք էր գտել,— սա էլ իգիթի նման ման ա գալի սարերում…— և, խեթ–խեթ ակնարկելով գունատված Աղասուն, մի դառը ծիծաղով աղաղակեց,– հա՛, հա՛, հա՛, հա՛, իգի՜թ…

Բոլորը լուռ էին։

— Ափսո՜ս,— մռնչաց ալևորը։

Նստողները գլուխները կախ արին։

— Ափսո՜ս,— կրկնեց նա և գինու թասը գրեց ներքև,– ափսո՛ս իմ հաց… ափսո՛ս իմ օջախ… ափսո՛ս, որ ես պաչեցի քո ճակատից…— Ապա թե ձայնը բարձրացնելով գոռաց.

— Մենք սրա՞ն ենք իգիթ ասում…

Ոչ ոք ձայն չհանեց։

— Մենք նրա՞ն ենք իգիթ ասում, որ իրան վառած կրակում ուրիշին թող անի էրվելիս, ինքը գլուխն ազատի, փախչի, սարերն ընկնի… իրան նամուսը՝ ծնողը, կնիկը, երեխեքը, վեր գցի թշնամու առաջին…

Դարձյալ ոչ ոք չխոսաց, թեև բոլորը համաձայն էին։

— Ափսո՜ս իգիթ անունը… ափսո՜ս իմ օջախ… ափսո՜ս…

Այսպես աղաղակելով տեղիցը վերկացավ ծերունին, հեռացավ սուփրից. վերկացան յուրայինները, վերկացան կանչած հյուրերը, լռեց զուռնի ձայնը, երգը վերջացավ։

Մի քանի վայրկյանից հետո դարձյալ ահագին ձորը մնաց մենակ Ձորագետի գոռոցներին, որոնք միացած, կարծես, մռնչում էին՝ «ափսո՜՜ս…»։

Տողատակեր[խմբագրել]

  1. Արյուն է տանում— սաստիկ վարարած է։
  2. Արջախնդռուկի անել — արջի նման խնդալ, խաղալ։